1eng

 

fb you od

Հիշատակի երեկո՝ նվիրված վիրահայ արձակագիրներ Ծերուն Թորգոմյանին և Մկրտիչ Ասլանյանին PDF Print E-mail

526361 295542280562591 1278169604 n

Վրաստանի հայ մտավորականների միության նախաձեռնությամբ և Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի աջակցությամբ, նոյեմբերի 25-ին Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ վիրահայ արձակագիրներ Ծերուն Թորգոմյանի և Մկրտիչ Ասլանյանի հուշ-երեկոն: Միջոցառմանը ներկա էին Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, գրող թարգմանիչ Գիվի Շահնազարը, Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Ծերուն Թորգոմյանի թոռ՝ Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Լևոն Թորգոմյանը:

Բացելով երեկոն, Վրաստանի հայ մտավորականների միության նախագահ Ռուբեն Թորոսյանը ներկայացրեց վիրահայ գրականության հայտնի դեմքեր, բազմաթիվ պատմվածքների, վեպերի ու վիպակների հեղինակներ Ծերուն Թորգոմյանի և Մկրտիչ Ասլանյանի կենսագրությունները, կարևորելով   այս հեղինակների անունները և ստեղծագործությունները նոր սերնդին հայտնի ու սրտամոտ դարձնելու պարագան:

  189929 295542260562593 905312098 n

  Բանաստեղծ-թարգմանիչ Անահիտ Բոստանջյանը հանգամանալից ներկայացրեց Ծերուն Թորգոմյանի ստեղծագործական աշխարհը: Անահիտ Բոստանջյանը, որ 18 տարեկանից եղել է երկու աչքից կույր գրողի գրական քարտուղարը, փաստորեն Թորգոմյան արձակագրի ստեղծագործությունների առաջին վկան է:  Փաստորեն Թորգոմյանը, ինչպես նաև Բենիկ Սեյրանյանը եղել են իմ գրական ուսուցիչները ու այսօր ես վերջին մոհիկանն եմ ,որ անձամբ եմ ճանաչել այդքան մոտիկից Թորգոմյանին... ,- իր խոսքում հավելեց   Անահիտ Բոստանջյանը:

Խոսելով թուրքական յաթաղանից մազապուրծ փրկված գրողի գրական գործունեության մասին, բանաստեղծ-թարգմանիչը արժևորեց նրա ցեղասպանության թեմայով գրված «Անմար կրակներ» վեպը, «Լաչակս գլխիդ» պատմվածքը , որի հիման վրա 1968 –ին «Հայֆիլմը» նկարահանել է «Փախստականներ» ֆիլմը: Անդրանիկ փաշայի սխրագործությունները, Վանի հերոսամարտը, Վան քաղաքը կազմում են  Թորգոմյանի ստեղծագործության առանցքը:  Ծերուն Թորգոմյանը մեծ կապեր ուներ վրաց գրողների հետ: Նրա գործերը հիանալի կամուրջ են մեր ժողովուրդների մերձեցման մեջ: Նա եղել է «Կամուրջ» տարեգրքի խմբագրական խորհրդի երկարամյա  անդամը,Վրաստանի գրողների միության անդամ և ժամանակին գլխավորել է «Հրազդան»  հանդեսը, սա է «Կամուրջ » տարեգրքի նախկին անվանումը: Անահիտ Բոստանջյանն իր խոնարհումը բերեց Թորգոմյան ամուսինների պայծառ հիշատակին, ասելով որ հարազատ մոր ու հոր պես են կանգնել միշտ իր նեղության պահին ու հատկապես ամուսու մահվան շրջանը հիշատակեց: Նա կոչ արեց մտածել   Ծերուն Թորգոմյանի ստեղծագործությունների վերահրատարակության մասին:

    Հետաքրքիր ու բովանդակալից էր   բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էմմա Ախտյանի խոսքը Մկրտիչ Ասլանյանի կյանքի և ստեղծագործական աշխարհի մասին: Գրականագետ պրոֆեսորը հիշատակեց   գրողի «Աշխեն Սաթյան», «Երջանկության արահետով» վեպերը, «Աներևույթ ճակատ», «Անհանգիստ բնավորություններ» «Փոթորիկ» վիպակները և պատմվածքները, որտեղ գլխավոր հերոսը մարդն է իր կյանքով ու աօրյա խնդիրներով:

    Վրաստանի արվեստի վաստակավոր գործիչ Միքայել Գրիգորյանը, վերհիշելով խորհրդային բռնակալության տարիները, արժեվորեց   այն ակտիվ հայապահպան գործունեությունը, որ ծավալել էր Մկրտիչ Ասլանյանը՝ Վրաստանի գրողների միության հայկական մասնաճյուղում տարբեր տարիներ պաշտոնավարելիս: Հանդիսանալով Վրաստանի ռադիոհաղորդումների հայկական խմբագրության   հիմնադիրն ու երկար տարիների ղեկավարը, Մկրտիչ Ասլանյանի հեռատես մոտեցմամբ վրացական ռադիոյի ձայնադարանը հարստացել է հայկական հազվագյուտ ձայնագրություններով, որոնք ցայսօր էլ կազմում են ռադիոյի ձայնադարանի ոսկե ֆոնդը:

«Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, անդրադարձ կատարելով անցյալի մեծերին արժանին մատուցելու կոչին, բարձրաձայնեց 2013 թվականից   «Վրաստան» թերթում «Մեր անցյալի մեծերը» խորագրով շարք սկսելու մասին:

Հավարտ միջոցառման օրհնության խոսք ասաց Վիրահայոց Թեմի Առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Դիմելով կազմակերպիչներին, նա կոչ արեց նմանօրինակ երեկոների միջոցով, նաև թերթի և հուշերի վերապատումով, մոռացության փոշուց վերհանել այս իրավամբ մեծ ստեղծագործողների անունները և գործերը: Արժեվորելով հայոց կոտորածի մասին ականատեսի ձեռքով գրված ստեղծագործությունները, Սրբազան հայրը հորդորեց   Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ ընթերցողի սեղանին դնել Ծերուն Թորգոմյանի, Մկրտիչ Ասլանյանի այն գործերը, որոնք նվիրված են Մեծ Եղեռնի արհավիրքների, Անդրանիկ փաշայի մեծագործությունների, գաղթականների տվայտանքների նկարագրությանը:

Հուշ-երեկոյին հնչեցին նաև հատվածներ   Ծերուն Թորգոմյանի և Մկրտիչ Ասլանյանի ստեղծագործություններից, որոնց գեղեցիկ ընթերցանությամբ հանդես եկավ թիվ 104 դպրոցի աշակերտուհի Լիզա Թորոսյանը: Հիշատակի երեկոն համեմված էր նաև Նինա Կարապետյանի, Ռուբեն Ոսկանյանի, Հենրիխ Պետրոսյանի հիասքանչ երգերով և Կարեն Միրզոյանի դաշնամուրային նվագակցությամբ: