1eng

 

fb you od

Հովվական այցելություն Գուրիայի Օզուրգեթի քաղաք PDF Print E-mail

ozurgeti

Աջարիայի, Գուրիայի, Իմերեթիայի հայության և Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը, եկեղեցու կիրակնօրյա դպրոցների պատասխանատու Սոնա Հովհաննիսյանի, ուսուցիչներ` Գայանե Վարդանյանի, Դիանա Հակոբյանի, «Աղբյուր» երգչախմբի ղեկավար Ռուզաննա Հովհաննիսյանի և երիտասարդական շարժման անդամների հետ հովվական այցելություն կատարեց Գուրիայի Օզուրգեթի քաղաքը, որտեղ ապրում են մի քանի հարյուր հայկական ընտանիքներ:

Օզուրգեթի քաղաքի պետական թատրոնի բակում մեծ ոգևորությամբ և սպասումով Բաթումիից ժամանած հյուրերին դիմավորեցին շուրջ երկու հարյուր հայորդիներ: Տեր Արարատը ողջունեց ներկաներին, շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար: Հոգևոր հայրը ներկայացրեց այցելության նպատակը. Օզուրգեթիում ստեղծել հայկական համայնք, բացել կիրակնօրյա դպրոց, ուր հայ աշակերտները կարող են սովորել հայոց լեզուն, դառնալ գրաճանաչ, ճանաչել հայոց եկեղեցու և ազգի պատմությունն ու մշակույթը, ինչպես նաև բացել երաժշտական, պարային խմբեր, տեղում կազմակերպել մշակութային ծրագրեր: Տեր Արարատը իր խոսքում նշեց, որ ինչպես Աջարիայում, այնպես էլ հայաբնակ մյուս տարածաշրջաններում գերագույն նպատակը հայապահպանությունն է:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև կիրակնօրյա դպրոցների պատասխանատու Սոնա Հովհաննիսյանը: Վերջինս ներկայացրեց Օզուրգեթիում ստեղծվող «Սահակ Պարթև» հայերենի ուսուցման մեկօրյա դպրոցի ծրագիրը, որից հետո ուսուցիչները ցուցակագրեցին դպրոց հաճախել ցանկացողներին: Ներկա բոլոր երեխաներին հանձնվեցին նվերներ:

Այս ամենից հետո Տեր Արարատը մի խումբ հայերի ուղեկցությամբ այցելեց օզուրգեթցի, ՌԴ-ում բնակվող Միշա Տումասյանի առանձնատուն, որի բակում գտնվում է հայկական մատուռ-աղոթարան: Տեր հայրը առաջարկեց վերանորոգել այս սրբավայրը, խորան, մկրտության ավազան կառուցել, ուր, այսուհետև, կկատարվեն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու արարողություններ` Պատարագի, Մկրտության, Պսակի և այլ խորհուրդներ: Համաձայնության եկան նաև, որ այս բնակարանը ծառայելու է իբրև կիրակնօրյա դպրոց: Երեկոյան Բաթումիից ժամանած հյուրերին իր բնակարանում հյուրընկալեց Մուրադյանների ընտանիքը:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)