1rus

fb you od

Տերյանական պոեզիայի օր Գանձայում PDF Печать E-mail

480473 250949495021870 1085675503 n

Սկսած 1967 թվականից հուլիս ամսվա նախավերջին հանգստյան օրը նվիրվում է Ջավախք աշխարհի պանծալի զավակ, հայ դասական գրականության տաղանդավոր քնարերգու Վահան Տերյանին ու նրա ստեղծած անկրկնելի պոեզիային:

Եվ ահա ավանդույթի ամրակուռ ուժով հուլիսի 21-ին Ջավախք նահանգի Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում վերստին մեծարվեց տաղանդավոր բանաստեղի հիշատակը եւ նրա պոեզիայի անմահությունը:

Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի նախաձեռնությամբ՝ ընթացիկ՝ 45-րդ տերյանական օրվան իր մասնակցությունն էր բերել թբիլիսահայ մտավորականների   խումբը` գրող-թարգմանիչ Գիվի Շահնազարի, հասարակական գործիչներ Սամվել Աղեկյանի, Ռաֆիկ Աղաջանյանի, Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանի, Վրաստանի մտավորականների միության նախագահ Ռուբեն Թորոսյանի, Վիրահայոց Թեմի առաջնորդարանի,

600785 250949601688526 2009398285 n

«Հայարտուն» մշակույթի կենտրոնի աշխատակիցների, թբիլիսահայ մտավորականության եւ մշակույթի ներկայացուցիչների կազմով:    

Առավոտից մարդաշատ էր Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղը: Գալիս էին հյուրեր   Թբիլիսիից, Վրաստանի տարբեր տարածաշրջաններից, ՀՀ մարզերից եւ քաղաքամայր Երեւանից:

Գանձայի եկեղեցում տոնական սուրբ պատարագին մասնակցությունից հետո   հյուրերն այցելեցին Վահան Տերյանի տուն-թանգարանը, որից հետո, այս անգամ էլ կայացավ դաշտահանդես, քանզի ոչ մի դահլիճ չի կարող տեղավորել տերյանական պոեզիայի երկրպագուներին, մեծ բանաստեղծի հիշատակի առջեւ իրենց խոնարհումը բերել ցանկացողներին:

Տերյանական օրվա տոնահանդեսին ներկա էին Սամցխե-Ջավախքի նահանգապետ Վանո Ծիկլաուրին, ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Ջավախքի փոխանորդ Բաբգեն աբեղա Սալբիյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, Վրաստանի գրողների միության քարտուղար Դավիթ Շեմոքմեդելին, Վրաստանի խորհրդարանի, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, պետական գործիչներ, Ախալքալաքի եւ Նինոծմինդայի տեղական իշխանության մարմինների, մտավորականության եւ արվեստի ներկայացուցիչներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Վրաստանից, հյուրեր Վրաստանի եւ ՀՀ տարածաշրջաններից, Թբիլիսիից եւ Երեւանից,

Բացելով դաշտահանդեսը՝ Գանձայի Վահան Տերյանի անվան դպրոցի տնօրեն Սարգիս Դուրգարյանը հպարտությամբ նշեց, որ 1967 թվականից սկսած Գանձայում տերյանական օրը խորհրդանշորեն ժողովրդի խոնարհումն է   այս հող ու ջրի զավակ Վահան Տերյանի եւ նրա ստեղծած անմահ պոեզիայի առջեւ: ՀՀ գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը արժեվորելով մեծ քնարերգուի բանաստեղծական աշխարհը եւ երախտիքի խոսք ասելով Վրաստանի իշխանություններին 1981 թվականից  տերյանական պոեզիայի օրը պետական տոների շարքում դասելու կապակցությամբ, բարձրաձայնեց ՀՀ պետության կողմից եւս նման մոտեցման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ  սայաթնովյան «Վարդատոնի» համանմանությամբ   տերյանական պոեզիայի օրը Հայաստանում եւ Երեւանում նույնպես նշանավորելու մասին:

«Կարին», «Արցախի բալիկներ» եւ «Գանձայի գանձեր» համույթների, ինչպես նաեւ անհատ կատարողների մեծավարպետ ելույթներով, ինչպես նաեւ Հայաստանի ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանի բարձրարժեք եւ հիասքանչ խոսքով վարած տերյանական օրվա դաշտահանդեսը Ջավախքում վերածվեց իսկապես  ժողովրդական  տոնի: