1rus

fb you od

Թբիլիսիում նշվեց «Խաչվերաց» տոնը և «Սուրբ Գևորգ» առաջնորդանիստ եկեղեցու վերականգնողական աշխատանքների մեկնարկը PDF Печать E-mail

340920 268985939884892 1227914533 o

Սեպտեմբերի 16-ին   Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմում նշվեց Խաչվերաց տոնը՝ Խաչին նվիրված հինգ տաղավարներից ամենակարևորը և վերջինը, որի   խորհուրդը   գերությունից Խաչի վերադարձն է և փառաբանությունը: Տոնը Վիրահայոց Թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցում սկսվեց կիրակնօրյա Սուրբ Պատարագով:  

Հավարտ Պատարագի հինավուրց եկեղեցու բակում   կայացավ գեղեցիկ միջոցառում՝ նվիրված Խաչվերաց տոնին և Վիրահայոց Թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ Եկեղեցու վերականգնման, ամրացման և մասնակի վերակառուցման աշխատանքների մեկնարկին: Սուրբ Գևորգ տաճարը կառուցվել է 1251 թվականին, Նարիղալա բերդի ստորոտում 631 թվականին կառուցված առաջին հայկական  տաճարի տեղում: Այն   իր գոյության ընթացքում դիմակայել է   բազում ներխուժումների և ավերածությունների, սակայն կանգուն է մնացել,

332393 268986443218175 161792893 o

շարունակելով լինել հայ հավատացյալ ժողովրդի   Աստծո տունը: Հայ տաղանդավոր նկարիչներ Նաղաշ Հովնաթանյանի և Գևորգ Բաշինջաղյանի գեղանկարչության նմուշներով զարդանախշված   Սուրբ Գևորգ տաճարը վերջին անգամ վերանորոգվել է 1924 թվականին:

Սակայն ժամանակը և ստորգետնյա ջրերը   հրատապ են դարձրել այս հինավուրց տաճարի վերականգնման հարցը: Վիրահայոց Թեմի պատվերով երկու տարի առաջ մշակված վերականգնողական աշխատանքների նախագծի իրականացմանը ձեռնամուխ եղավ   «Սուրբ Գևորգ եկեղեցու վերակառուցման հիմնադրամը»: Եվ այսօր եկեղեցին ժամանակավորապես դադարեցրեց իր գործունեությունը, տրվելով վերականգնման աշխատանքներին:

Տոնական միջոցառմանը վիրահայությանն ուղղված իր խոսքում, Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, շնորհավորելով Խաչվերաց տոնի առիթով, նաև խոսք ասաց Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման, ամրացման և մասնակի վերակառուցման աշխատանքները սկսվելու կապակցությամբ: Նա հույս հայտնեց, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությունը ստացած և Վրաստանի իշխանությունների աջակցությանն արժանացած  նախագծի իրականացումից, վերականգնողական և ամրացման աշխատանքներից հետո Սուրբ Գևորգ տաճարը վերստին կներկայանա  նորոգված, ամրացված ու գեղեցկացած տեսքով, վերականգնված որմնանկարչությամբ և պղնձե թիթեղապատ գմբեթով, որպես վիրահայոց Թեմի պատմական առաջնորդանիստ եկեղեցի:

Հանդիսությանը ներկա բանախոսները՝ բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, Վրաստանի Հայերի Միության նախագահ Հենրիխ Մուրադյանը, Միասնական Ազգային շարժումից մայրաքաղաքի Կրծանիսի շրջանի մեծամասնական պատգամավորության թեկնածու Դավիթ Սաղվարելիձեն, շնորհավորելով ներկաներին տոնի և վերանորոգման մեկնարկի կապակցությամբ, կարևորեցին բազմազգ և բազմադավան Թբիլիսիի «Մեյդան» հրապարակում Սուրբ Գևորգ եկեղեցու դերը և նշանակությունը ընդգծելով, որ այս տաճարի բակում ամփոփված են  ազգի լավագույն զավակների աճյունները:

   Այնուհետև «Հայարտուն» մշակույթի կենտրոնի երգի և պարային համույթների և անհատ կատարողների ուժերով (համակարգող Լևոն Չիդիլյան, գեղարվեստական ղեկավար Պավել Օգանեզով) տրվեց ճոխ համերգ: Վերջում օրհնվեց ավանդական մատաղը և բաժանվեց ժողովրդին: