Ետմահու ցուցահանդես՝ նվիրված Ազատ Մանուկյան լուսանկարչի 75-ամյակին |
Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահի պատերին կախված սև ու սպիտակ լուսանկարները, ներկայացնում են կյանքի այն գեղեցիկ արահետը, որով համեստորեն և մեծ աշխատասիրությամբ ընթացել է Թբիլիսիի Հավլաբար թաղամասում իր լուսանկարչական արհեստանոցով հայտնի Ազատ Մանուկյանը: Մեծավարպետ լուսանկարչի կողմից ժամանակի անսահմանությունում պահի ճիշտ ընկալման և անմահացման վկաները տեղ էին գտել նոյեմբերի 10-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն»մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում բացված Ազատ Մանուկյանի լուսանկարների ետ մահու
ցուցահանդեսում, որը նվիրված էր նրա 75-ամյակին: Բազմամարդ դահլիճում հավաքվել էին վարպետ ստեղծագործողին ճանաչողները, գործընկերները, բարեկամ-հարազատները, ընտանիքի անդամները: Ներկաների շրջանում էին Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, գրող-թարգմանիչ Գիվի Շահնազարը, Վիրահայոց թեմի հոգաբարձուների խորհրդի անդամները, Ազատ Մանուկյանի արվեստի գնահատողները: «Հայարտուն» մշակույթի կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը, բացելով ցուցահանդեսը տեղեկացրեց, որ այն կազմակերպել են Վրաստանի հայ նկարիչների միությունը և «Հայարտուն» մշակույթի կենտրոնը՝ ՀՀ Սփյուռքի և Մշակույթի նախարարությունների աջակցությամբ և ափսոսնքով նշեց, որ նախատեսված Ազատ Մանուկյանի անհատական ցուցահանդեսը դարձավ ետմահու: Ցուցահանդեսում տեղ գտած շուրջ 90 լուսանկարների շրջանում են սիրելի և անմոռաց դեմքեր, պատմական դեպքեր ու իրադարձություններ, որ լուսանկարչական արվեստի կատարելությամբ անմահացրել էր կոլորիտային հայը Հավլաբար թաղամասից: Եվ իզուր չէր, որ խոսելով Ազատ Մանուկյանի լուսանկարչական արվեստի մասին, Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը կարևորեց լուսանկարչի մոտ գործող կախարդական եռանկյունին՝ դա լուսանկարչական սարքն էր, լուսանկարվող սուբյեկտը և լուսանկարողի ճիշտ ընտրած պահը, որը ակնթարթային մի շրխկոցով «կանգնեցնում էր» ամենազոր ժամանակի հանդարտ ընթացքը: Նվիրվածություն իր ազգին ու ժողովրդին և արվեստագետի ներթափանցում,- ահա այսպիսին է անհատի և կյանքի տարբեր պահերը յուրահատուկ վերարտադրող Ազատ Մանուկյանի բնութագիրը, որ այնպես հնչեղ արժեվորվեց բանախոսների ելույթներում: Հիսուն տարի շարունակ լուսանկարչական սարքը ձեռքին, Ազատ Մանուկյանն իր կյանքի ճանապարհն անցել է պատվով և անշահախնդիր, և արժանի տեղը գտել անցյալ դարից մինչև մեր օրերը հասնող 160 լուսանկարիչների ոսկեբույլի մեջ: 1971թ. նա դարձել է Լուսանկարչության համառուսաստանյան մրցույթի դափնեկիր, երեք անգամ ճանաչվել է «Թբիլ-ֆոտոյի լավագույն ֆոտովարպետ»: Ստեղծագործական միտքն է եղել Ազատ Մանուկյանի տարերքը, որ լուսանկարելուց բացի արտահայտվել է նրա գրքերում, որ նվիրվել են հայոց թատրոնի փառահեղ տարիներին, ցեղասպանությանը, Սպիտակի երկրաշարժին, իր մեծ Պապի հիշատակին և դարձել աննկուն աշխատանքի, մտավոր ստեղծագործության արգասիք: Ազատ Մանուկյանը կանգնած է եղել Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության ստեղծման ակունքների մոտ, եղել նրա անդամներից մեկը, իր բարեգործությամբ աջակցել միության գործունեությանը, գրչակից ընկերներին, դրա կարիքը զգացողներին: - Ազգի մեծությունը նրա մշակույթն է , իսկ մշակույթը ստեղծում են Ազատ Մանուկյանի նման նվիրյալները: Ու թեև այսօր մեզ հետ չի վարպետ լուսանկարիչը, սակայն կան նրա գործերը, որ լուսանկարչական կատարելություն են,որ հրատարակված բարձրարժեք գրքեր են , կան նրա գործի շարունակողները՝ հանձինս որդու, ընտանիքի, թոռների ու ծոռների, կա կյանքը, որ շարունակվում է, եզրափակեց իր խոսքը Վազգեն Սրբազանը: Ետմահու ցուցահանդեսը, որ կշարունակվի մինչև նոյեմբերի 17-ը, նաև հարգանք և խոնարհում է Ազատ Մանուկյանի հիշատակի առջև: |