Օծվեց Ջգրաշենի Սուրբ Հրեշտակապետաց Եկեղեցին |
Նինոծմինդայի շրջանի Ջգրաշեն գյուղի բնակչության համար, նոյեմբերի 11-ը դարձավ հիրավի պատմական: Տոնական տրամադրության առիթը Ջգրաշենում հպարտորեն կանգնած հիմնովին վերանորոգված Սուրբ Հրեշտակապետաց Եկեղեցու օծումն էր, որին իրենց մասնակցությունն էին բերել Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Սամցխե Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն աբեղա Սալբիյանը, Նինոծմինդայի հայ համայնքների հոգևոր հովիվ Տ. Արմաշ քահանա Պողոսյանը, Ախալքալաքի Սուրբ Խաչ Եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Տաթև քահանա Մանուկյանը, ծնունդով ջգրաշենցի ռուսաստանաբնակ Արսեն Քսպոյանն ընտանիքի հետ, հոգևոր հայրեր, հասարակության ներկայացուցիչներ: Դեռևս 1829-1830 ական թվականներին Կարնո գավառի մի քանի գյուղերից փոխադրված հայ ընտանիքների Աստծո տունը՝ 1850-ական թվականներից վավերագրերում հիշատակված Սուրբ Հրեշտակապետաց Եկեղեցին, որ երկար տարիներ գտնվում էր կիսաքանդ վիճակում, ռուսաստանաբնակ ջգրաշենցի Արսեն Քսպոյանի բարերարությամբ, հիմնովին վերանորոգվել է: Գեղեցիկ և բարենորոգ տեսք է ստացել Եկեղեցին, բարեկարգվել ու ցանկապատվել են Եկեղեցու բակը և տարածքը:
Եվ ահա նոյեմբերի 11-ին հանդիսավորությամբ , Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և Սամցխե Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն աբեղա Սալբիյանի հանդիսապետությամբ, կատարվեց Եկեղեցու օծումը, որից հետո բարերար Արսեն Քսպոյանին հանձնվեց Օրհնության Գիր: Այնուհետև նորաօծ Եկեղեցում մատուցվեց սուրբ Պատարագ, որի պատարագիչն էր Տեր Արմաշ քահանա Պողոսյանը: Հավարտ պատարագի Ջգրաշենի Սուրբ Հրեշտակապետաց Եկեղեցում կատարվեց առաջին մկրտությունը, ընդ որում իրականություն դարձավ բարերար Արսեն Քսպոյանի վաղեմի բաղձանքը՝ ծննդավայրի վերականգնված եկեղեցում սրբասուրբ մյուռոնով մկրտվեցին նրա ընտանիքի ութ անդամները , դառնալով նորաօծ Եկեղեցու առաջին մկրտվողները: Հավատացյալների մոտ Եկեղեցում մատուցված պատարագից ստացած հոգու խաղաղությանը տոնական շունչ հաղորդեց Ալիկ Քսպոյանի ղեկավարած «Ջավախք» երգի-պարի համույթի համերգը, որը կայացավ Եկեղեցու բակում: Այնուհետև ժողովրդին բաժանվեց մատաղ: Գյուղում տիրող ուրախ տրամադրությունը շարունակվեց մինչև ուշ երեկո: |