Ամանորյա տոնածառ «Հայարտուն» կենտրոնում |
Գալիք Ամանորի, Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնին էր նվիրված դեկտեմբերի 27-ին Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացած տոնածառի հանդեսը: Գեղեցիկ և շքեղ զարդարված տոնածառով տոնական շուք հագած դահլիճում տեղ էին գտել Վիրահայոց Թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Վահագն Աֆյանը տիկնոջ հետ, ծնողներ, հյուրեր: Գույնզգույն լույսերով և փայլուն խաղալիքներով գեղեցկացած տոնածառի շուրջ կենտրոնի Սուրբ Մովսես Խորենացու անվան նախակրթարանի (տնօրեն Եվգենյա Մարկոսյան) ավագ և կրտսեր խմբերի սաները հանդես եկան ամանորյա հեքիաթի հերոսների կերպարանքով, ներկայացնելով չարի դեմ բարու հաղթանակը: Ուսուցչուհիներ Լալա Գևորգյանի, Նարինե Ղուշչյանի, Գևորգ սարկավագ Անտոնյանի ջանքերով և ծնողների աջակցությամբ գեղեցիկ հագուստներով զարդարված փոքրիկները իրենց ուրախ երգով ու պարով ստեղծեցին իսկական ամանորյա տրամադրություն, նախապատրաստելով հեռավոր Լապլանդիայից Ձմեռ պապի ժամանումը, որի նվերներին այնպես անհամբեր սպասում էին իրենք: Երեխաների ուրախ երգ ու պարից հետո Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը օրհնության և գնահատանքի խոսքով դիմեց դահլիճում տեղ գտած ծնողներին, հորդորելով լինել նախակրթարանի կողքին, աջակցել կենտրոնի և նախակրթարանի գործունեության ծավալմանը: Սրբազանը առանձնահատուկ ընդգծեց նախակրթարանի հոգաբարձուներ Նելսոն Պետրոսյանի, Արամ և Արսեն Սիմոնյանների անունները , ում աջակցությամբ գործում է Սուրբ Մովսես Խորենացու անվան նախակրթարանը: Թեմակալ առաջնորդը բարձր գնահատեց անհատ բարերարներ Ասյա Ուսոևայի, Կարեն և Նինո Սարգսյանների, Սամվել Ախիջանյանի,Արմեն և Վիոլետա Սարգսյանների, Մարինա Սերոբյանի ներդրումը Ամանորյա տոնահանդեսի կազմակերպման, տոնածառը գեղեցիկ զարդարելու և երեխաներին ամանորյա նվերներ բաժանելու գործում: Տոնահանդեսն ավարտվեց Ձմեռ պապի ժամանմամբ և բոլոր երեխաներին ամանորյա նվերներ բաժանելով: |