Երաժիշտ և գործիքավորող Լևոն Շահբազյանի ստեղծագործական երեկոն «Հայարտուն» կենտրոնում |
«Այս երաժիշտ-երգահանի ստեղծագործությանը լավ ծանոթ են էստրադայի սիրահարները ոչ միայն Վրաստանում, այլև նրա սահմաններից դուրս, դե, ուրեմն եկեք մոտիկից ծանոթանանք նրա հետ...»,- այսպիսի խոսքերով Վրաստանի հայ երաժիշտների միության նախագահ Արտեմ Կիրակոզովը բացեց երաժիշտ և գործիքավորող Լևոն Շահբազյանի ստեղծագործական երեկոն, որը կայացավ հունվարի 26-ին Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում:
Լևոն Շահբազյանի շատ երգեր և գործիքավորումներ արժանի տեղ են զբաղեցնում հայտնի էստրադային երգիչների երգացանկում, դառնալով նրանց կատարողական արվեստի անբաժան ուղեկիցներ: Ահա արդեն 30 տարուց ավելի նա համագործակցում է հանրահայտ երգիչ և կինոդերասան Վախթանգ Կիկաբիձեի հետ և հանդիսանում է նրա կոնցերտմեյստրը և գործիքային անսամբլի ղեկավարը: Երեկոյի վարող և միջոցառման կազմակերպիչներից մեկը՝ Վերոնիկա Իաշվիլի-Մանուկյանը, ներկայացնելով հարուստ ծրագրի հերթական համարները, ավելի ու ավելի էր ոգևորում շնորհալի երգահանի, վարպետ գործիքավորողի, վաստակաշատ երաժշտի արվեստով հիացած հանդիսատեսին: Երեկոյին մասնակցեցին նաև պատանի ստեղծագործող Գրիգորի Շահբազյանը, ով կարողացավ զարմացնել բոլորին իր սքանչելի կոմպոզիցիայի սինթեզատորային վարպետ կատարմամբ, ճանաչված պարուհի և պարուսույց Սվետլանա Երիցյանը՝ գեղանազ պարով և էստրադային երգչուհի Աննա Պողոսովան հայ երգի գեղեցիկ կատարումով: Երեկոն ավարտվեց Լևոն Շահբազյանի կատարողական արվեստի հմայքը վերստին ըմբոշխնելու ակնկալիքով: |