Սուրբ Կյուրեղ Երուսաղեմի Հայրապետի, Կյուրեղ եպիսկոպոսի և նրա մոր` Աննայի հիշատակության օր
Սբ. Կյուրեղ Երուսաղեմցին 4-րդ դարի նշանավոր հայրապետներից է: Նա բազմիցս հետապնդվել է Արիոսական հերձվածի կողմնակիցների կողմից, աքսորվել, սակայն ի վերջո վերահաստատվել է հայրապետական աթոռին: Մասնակցել է 381 թվականի Կ.Պոլսի Բ Տիեզերական ժողովին: Կյուրեղ Հայրապետի քրիստոնեական վարդապետության մասին բազմաթիվ քարոզներ ու ճառեր միջնադարում թարգմանվել են նաեւ հայերեն, իսկ Երուսաղեմի երկնակամարում Սբ. Խաչի երեւման առիթով Կոստանդիոս կայսերն ուղարկած նրա թուղթն առ այսօր ընթերցվում է հայոց եկեղեցիներում: Առավել հայտնի է Կյուրեղ Հայրապետի «Կոչումն ընծայութեան» ճառերի և քարոզների ժողովածուն, որն ուսանելի է բոլոր նրանց համար, ովքեր պատրաստվում են մկրտության: Ըստ ավանդության՝ Երուսաղեմի Սբ. Հակոբ եկեղեցու Սբ. Ստեփանոս մատուռի մեջ է գտնվում այն ավազանը, որտեղ մկրտվել է Կյուրեղ Հայրապետը: Սբ. Կյուրեղ Հայրապետի անունը Հայ Եկեղեցում հիշատակվում է երկու անգամ` Մեծ Պահքի երկրորդ շաբաթ օրը և 12 վարդապետների շարքում` հոկտեմբերի վերջին շաբաթ օրը: Սբ. Կյուրեղ Հայրապետի ժամանակակիցն է Սբ. Կյուրեղ եպիսկոպոսը (նախկին անունը` Հուդա): Ըստ վարքագրական աղբյուրների՝ տեղանքին լավատեղյակ լինելով, օգնել է Հեղինե դշխոյին գտնելու Քրիստոսի խաչափայտը: Տեսնելով Սբ. Խաչի հրաշագործ զորությունը, իր մոր` Աննայի հետ մկրտվում է` անվանակոչվելով Կյուրեղ: Հետագայում ձեռնադրվում է եպիսկոպոս, իսկ Կյուրեղ Հայրապետի աքսորում լինելու ժամանակ փոխարինում է նրան: Կյուրեղ եպիսկոպոսը, ենթարկվելով անասելի կտտանքների, նահատակվում է մոր հետ, Հուլիանոս Ուրացողի հետապնդումների ժամանակ: Սբ. Կյուրեղ եպիսկոպոսի և նրա մոր` Աննայի հիշատակության օրը նշվում է Սբ. Կյուրեղ Հայրապետի հետ միասին` Մեծ Պահքի երկրորդ շաբաթ օրը: Նշման ամսաթիվը16.02.2008 |