1

fb you od

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԻ PDF Տպել Էլ.փոստ
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ՝ Վերջնական լրամշակված կանոնադրությունների
մշակման հանձնախմբի 18.04.2018թ-ի նիստում:

ԳԱՐԵԳԻՆ Բ

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
Ատենապետ`
 
      Միքայել եպիսկոպոս Աջապահյան

Անդամներ`

     Արշակ եպիսկոպոս Խաչատրյան

     Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյան

     Սարո Ղազարյան

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ
ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԻ
ԳԼՈՒԽ Ա. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Կազմությունը

1.1.    Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմը (այսուհետև՝ Թեմ) Վրաստանի տարածքում գործող Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու (այսուհետև` Հայ Եկեղեցի) եկեղեցական համայնքների (այսուհետև՝ ծուխեր) և կազմավորվող ծուխերի միությունն է՝ ընդ իշխանությամբ Թեմակալ Առաջնորդի։
1.2.    Թեմի ամբողջական և պաշտոնական անունն է` ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՈՒՂՂԱՓԱՌ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄ, կրճատ անվանումով՝ Վիրահայոց Թեմ:
1.3.    Թեմի կենտրոնատեղին մայրաքաղաք Թբիլիսիի Սուրբ Գևորգ Եկեղեցին է (ք. Թբիլիսի 0105, Սամղեբրո փողոց No 5):
1.4.    Թեմը անբաժան մասն է Հայ Եկեղեցու, որի հոգևոր կենտրոնն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը (Հասցե՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, քղ. Վաղարշապատ, Հայաստանի Հանրապետություն, 1101)։
1.5.    Թեմը ղեկավարվում է համաձայն Վրաստանի օրենսդրության, Հայ Եկեղեցու կանոնների և Սրբազան Ավանդության, Ազգային Եկեղեցական Ժողովի, Եկեղեցական Ներկայացուցչական Ժողովի, Գերագույն Հոգևոր Խորհրդի որոշումների, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրահանգների և սույն կանոնադրությամբ:
1.6.    Թեմական սույն կանոնադրության 1.4, 1.5 և 1.6 կետերը փոփոխության ենթակա չեն:
1.7.    Թեմում նոր ծուխեր կարող են հիմնվել, վերակազմավորվել և լուծարվել միայն սույն կանոնադրության դրույթների համաձայն:
1.8.    Թեմը տարեկան հատկացում է կատարում Մայր  Աթոռ Սուրբ Էջմիածնին, իր բյուջեի 4%-ի չափով, որպես «Լուսավորչի լումա»` հիմք ընդունելով Ազգային Եկեղեցական Ժողովի` 20 հունիսի, 1945թ. 4-րդ նիստի որոշումը:


Հոդված 2. Նպատակը

Թեմի նպատակն է՝
2.1. Ապահովել կրոնական պաշտամունքի և արարողությունների կատարումն իր իրավասության տակ գտնվող վարչական տարածքում՝ ընդ իշխանությամբ Թեմակալ Առաջնորդի:
2.2. Իր հետևորդներին ուսուցանել Սուրբ Գիրքը, Հայ Եկեղեցու դավանանքը, խորհուրդներն ու ծեսը, Սրբազան Ավանդությունն ու պատմությունը, հայոց լեզուն, հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը:


Հոդված 3. Կառավարումը

3. Թեմի կառավարումն իրականացնում են`
  ա) Թեմակալ Առաջնորդը,
  բ) Թեմական Պատգամավորական Ժողովը,
  գ) Թեմական Խորհուրդը:


ԳԼՈՒԽ Բ. ԾՈՒԽ

Հոդված 4. Կազմությունը

4.1. Ծուխը Հայաստանյայց Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու առնվազն 150 չափահաս (18 տարին լրացած) հավատացյալ տրատու անդամների միությունն է, որոնք բնակվում են միասնական վարչական տարածքում:
4.2. Ծուխն անբաժան մասն է Թեմի, որի հոգևոր կենտրոնն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը (Հասցե՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, քղ. Վաղարշապատ, Հայաստանի Հանրապետություն, 1101):
4.3. Սույն կանոնադրության 4.2 և 4.3 հոդվածները փոփոխության ենթակա չեն:
4.4. Ծուխը իր սեփական եկամուտներից տարեկան հատկացում է կատարում Թեմին այն չափով և ժամկետներում, որոնք նախատեսված են Թեմական Պատգամավորական Ժողովի կողմից:

Հոդված 5. Անդամակցությունը

5.1.  Ծուխին կարող են անդամակցել.
ա) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ծեսով մկրտված և դրոշմված անձինք,
բ) Քույր Եկեղեցիների (Արևելյան Ուղղափառ, Ուղղափառ և Կաթոլիկ Եկեղեցիների) ծեսով մկրտված և դրոշմված ծագումով հայ անձեր, ովքեր ընդունում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանանքը, խորհուրդները, կանոնները և Սրբազան Ավանդությունը, ինչպես նաև հանձն են առնում իրենց պարտականությունները կատարել Ծուխի հանդեպ,
գ) Հայ Եկեղեցու զավակների հետ ամուսնացած ծագումով ոչ հայ այն անձինք, ովքեր  բավարարում են սույն հոդվածի ա. և բ. կետերից որևէ մեկով սահմանված պահանջները:
Մնացյալ բոլոր դեպքերում ծագումով ոչ հայ այլադավանների անդամակցության վերջնական որոշումը պատկանում է Թեմակալ Առաջնորդին:
5.2. Անձի անդամությունը ծուխին դադարում է, երբ.
ա) Կամովին հրաժարական է ներկայացնում,
բ)  Թեմական Խորհրդի որոշմամբ և Առաջնորդի վավերացմամբ զրկվում է եկեղեցական հաղորդությունից՝ Հայաստանյայց Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու կանոնների դեմ գործելու դեպքում,
գ) Հեռացվում է Ծուխի ընդհանուր անդամական ժողովի 2/3-ի որոշումով,
դ) Փոխում է մշտական բնակության վայրը:


Հոդված 6. Կառուցվածքը

6. Ծուխի կառավարումն իրականացնում են՝
ա)  Հոգևոր Հովիվը,
բ)  Ծխական Անդամական Ընդհանուր Ժողովը (հետայսու՝ Ծխական ընդհանուր ժողով),
գ)  Ծխական Խորհուրդը (այսուհետև ԾԽ):

ԳԼՈՒԽ Գ. ՀՈԳԵՎՈՐ ՀՈՎԻՎԸ

Հոդված 7. Նշանակումը և պաշտոնավարությունը

7.1. Հոգևոր հովիվը նշանակվում և ազատվում է Թեմակալ Առաջնորդի որոշումով:
7.2. Հոգևոր հովվի ծառայությունն անժամկետ է:


Հոդված 8. Իրավունքներն ու պարտականությունները

Հոգևոր Հովիվը.
8.1. Վարում է Ծուխի հոգևոր հովվությունը, իրականացնում է Ս. Գրքի քարոզությունն ու ուսուցումը, ապահովում եկեղեցական խորհուրդների և արարողությունների կատարումը՝ մնալով հավատարիմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոններին և Սրբազան Ավանդությանը: Հետևում է ծուխից ներս Հայաստանյայց Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու  դավանանքի, կանոնների և Սրբազան Ավանդության պահպանմանը:
8.2. Հետևում է Ծուխի ենթակայության տակ գործող և դրան կապված կառույցներում քրիստոնեական դաստիարակությանը և կրոնական դասավանդմանը, ինչպես նաև կազմակերպում է քրիստոնեական դասընթացներ:
8.3. Այցելում է իր հոտին՝ այդ թվում արգելափակման վայրերում և հիվանդանոցներում գտնվող անձանց` տեղական օրենսդրության ընձեռած հնարավորությանց համաձայն:
8.4. Ի պաշտոնե նախագահում է Ծխական ընդհանուր ժողովի, ԾԽ-ի և Ծուխից ներս գործող բոլոր հանձնախմբերի ժողովները՝ բացառությամբ Վերստուգիչ հանձնաժողովի: Թեմակալ Առաջնորդի ներկայության պարագային նախագահությունը փոխանցվում է վերջինիս:
8.5. Մասնակցում է քվեարկությանը միայն ձայների հավասարության պարագային և իր քվեն վճռական է:
8.6. Խրախուսում է սարկավագներին և դպիրներին իրենց պաշտոնավարության մեջ և Ծխական Խորհրդի հետ խորհրդակցելուց հետո, իր իրավասության շրջանակներում, որոշումներ է կայացնում կրոնական, ծիսական և կարգապահական ոլորտների հետ կապված խնդիրների առնչությամբ:
8.7. Կրոնական և քաղաքացիական իշխանությունների առջև կրոնական միջոցառումների ժամանակ ներկայացնում է Ծուխը:


ԳԼՈՒԽ Դ. ԾԽԱԿԱՆ ԱՆԴԱՄԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ

Հոդված 9. Կարգավիճակը և կազմը

9.1. Ծխական ընդհանուր ժողովը Ծուխի բարձրագույն մարմինն է:
9.2. Ծխական ընդհանուր ժողովի նախագահողը Ծուխի հոգևոր հովիվն է:
9.3. Ծխական ընդհանուր ժողովին անդամակցում են.
ա)  Ծուխի մեջ ծառայող օծյալ եկեղեցականները,
բ)   Ծուխի վարչական տարածքում բնակվող, 18 տարին լրացած այն անդամները, ովքեր չեն պատկանում Հայաստանյայց Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու թեմական մեկ այլ ծուխի, գրանցված են գրանցման մատյանում, բավարարում են այն պահանջները, որոնք նախատեսված են 4.1. և 5.1. հոդվածներում և վճարում են անդամավճար՝ ԹՊԺ-ի կողմից հաստատված կարգով, չափով և ձևով: Այս անդամները մասնակցում են Ծխական ընդհանուր ժողովին, կարող են ընտրել և ընտրվել Ծուխի կառավարման մարմիններում Ծխական ընդհանուր ժողովի որոշմամբ ԹՊԺ-ում ներկայացնել Ծուխը, ընտրել և ընտրվել Թեմական կառույցներում,, եթե լրացել է անդամության մեկ տարին:
9.4. Ծխական ընդհանուր ժողովին կարող են ներկա գտնվել նաև Ծուխի այլ անդամներ, որոնք բավարարում են 5.1. հոդվածի պահանջները, սակայն առանց ձայնի, քվեարկելու և ընտրելու ու ընտրվելու իրավունքի:


Հոդված 10. Գումարման կարգը

10.1. Ծխական ընդհանուր ժողովի տարեկան հերթական գումարման հրավերը օրակարգի հետ, Հոգևոր Հովվի և ԾԽ-ի ատենապետի ստորագրությամբ հայտարարվում է գումարումից առնվազն մեկ ամիս առաջ՝ տեղադրելով այն առնվազն մեկ տեղական էլ. օրաթերթում, կայքում և եկեղեցում, բոլորին տեսանելի ու հասանելի վայրում: Ծխական ընդհանուր ժողովի օրակարգը կազմվում է ԾԽ-ի կողմից: Ժողովի ընթացքում օրակարգին նոր հարցեր ավելացվում են Ծխական ընդհանուր ժողովի պարզ մեծամասնությամբ:
10.2. ԾԽ-ում, Վերստուգիչ  հանձնաժողովում, այլև Ծխական ընդհանուր ժողովի կողմից ստեղծված ղեկավար պաշտոններում ընտրելու և ընտրվելու իրավունք ունեն այն տրատու անդամները, ովքեր առնվազն մեկ տարի վճարել են անդամատուրքը: Որպես անդամակցության սկիզբ նկատվում է անդամատուրքի վճարման թվականը:
10.3. Ծխական ընդհանուր ժողովի յուրաքանչյուր գումարման ժամանակ պատրաստվում է անդամների ցուցակ, ովքեր համապատասխանում են 9.3 հոդվածի պայմաններին: Ներկաների պարզ մեծամասնությամբ ընտրվում է ժողովի դիվան՝ կազմված ատենապետից, փոխատենապետից և քարտուղարից՝ հայերեն և վրացերեն լեզուներով արձանագրությունները գրառելու համար:
10.4. Յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: Հնարավոր չէ լիազորագրով քվեի փոխանցումը այլ անձի:
10.5. Ծխական ընդհանուր ժողովը գումարվում է տարին մեկ անգամ՝ առաջին եռամսյակին:
10.6. Ժողովը վավերական է, երբ ներկա են անդամների կեսից ավելին: Որոշումները կայացվում են ներկաների պարզ մեծամասնությամբ:
10.7. Եթե առաջին հրավերով չի գոյանում ժողովի վավերականության անհրաժեշտ օրինաթիվը (քվորում), նոր ժողով է հրավիրվում մեկ ամսվա ընթացքում: Ժողովի վավերականության համար անհրաժեշտ օրինաթիվը այդ պարագային համարվում է ժողովի անդամների 2/5-ը: Որոշումները կայացվում են ներկաների 2/3-ի մեծամասնությամբ:
10.8. Անհրաժեշտության պարագային կարող է գումարվել արտահերթ ժողով Թեմակալ առաջնորդի տնօրինությամբ, Ծխական Խորհրդի կողմից՝ համաձայնեցված առաջնորդի հետ, Ծխական ընդհանուր ժողովի անդամների 1/3-ի պահանջով:
10.9. Արտահերթ գումարման մասին անդամներին տեղեկացվում է գրավոր նվազագույնը տասնհինգ օր առաջ կամ մեկ ամիս առաջ հայտարարություն տեղադրելով առնվազն մեկ տեղական էլ. օրաթերթում, կայքում և եկեղեցում, բոլորին տեսանելի ու հասանելի վայրում:
10.10. Ծխական ընդհանուր ժողովի արտահերթ գումարումները վավերական են համարվում, երբ ներկա է անդամների 2/3-ը: Որոշումները կայացվում են ներկա անդամների ձայների 2/3-ի մեծամասնությամբ:
10.11. Ծխական ընդհանուր ժողովի նիստերի ատենագրություններն արձանագրվում են թվագրված և կնքված տոմարի մեջ ատենապետի և ատենադպրի կողմից՝ Ծխական Ընդհանուր Ժողովի, Հոգևոր Հովվի և Թեմակալ Առաջնորդի կողմից վավերացվելուց հետո:


Հոդված 11. Իրավասությունները

Ծխական ընդհանուր ժողովը.
11.1. Իր անդամներից ընտրում է 5, 7 կամ 9 անձից բաղկացած ԾԽ՝ համաձայն Ծխական ընդհանուր ժողովի որոշման և առավելագույնս 3 անձնափոխանորդների պաշտոնավարության 4 տարի ժամկետով՝ փակ քվեարկությամբ: Ծխական ընդհանուր ժողովը ընտրում է այլ օգնական խորհուրդներ և հանձնախմբեր, և ընտրությունների արդյունքները ներկայացնում է Թեմակալ Առաջնորդին՝ առ ի վավերացումն: Ընտրությունները վավերացվում են Առաջնորդի կողմից, որից հետո համապատասխան ընթացակարգով կատարվում է նորընտիր ԾԽ-ի  կազմի գրանցումը:
11.2. Պաշտոնավարության 4 տարի ժամկետով Իր անդամների միջից ընտրում է երեք հոգուց բաղկացած Վերստուգիչ հանձնաժողով, որը քննում է ծուխի տարեկան ֆինանսա-տնտեսական գործունեությունը և իր տեղեկագիրը հանձնում Ծխական ընդհանուր ժողովին: ԾԽ-ի անդամները չեն կարող անդամակցել այս հանձնախմբին:
11.3. Ի գիտություն է ընդունում Հոգևոր հովվի տարեկան տեղեկագիրը:
11.4. Հաստատում է ԾԽ-ի ներկայացրած տարեկան տեղեկագիրը և հաշվետվությունները, Վերստուգիչ հանձնաժողովի տեղեկագիրը, ի պահանջել հարկին` նաև ֆինանսական արտաքին հաշվեքննիչ կազմակերպության տեղեկագիրն ունենալուց հետո:
11.5. Հաստատում է ԾԽ-ի ներկայացրած տարեկան ծրագիրը և նախահաշիվը:
11.6. Ընտրում է ծուխի պատգամավորներ, ովքեր պետք է մասնակցեն ԹՊԺ-ին:
11.7. Անհրաժեշտության դեպքում իր անդամներից ընտրում է Հոգևոր հովվի և ԾԽ-ի անդամների գործունեությունը գնահատող ժամանակավոր հանձնաժողով: Հանձնաժողովի կատարած ստուգումների արդյունքներն ուղարկվում են Թեմակալ Առաջնորդին և ԹԽ-ին՝ առ ի տնօրինություն:


ԳԼՈՒԽ Ե. ԾԽԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Հոդված 12. Կարգավիճակը և կազմությունը

12.1. Ծուխի գործադիր մարմինը ԾԽ-ն է` Հոգևոր հովվի նախագահությամբ: Հոգևոր հովիվը և ԾԽ-ի ատենապետը ներկայացնում են ծուխը, առ որ անկ է:  
12.2. ԾԽ-ը բաղկացած է Ծխական ընդհանուր ժողովի կողմից 4 տարի ժամկետով ընտրված 5, 7 կամ 9 անձերից:
12.3. ԾԽ-ի անդամները պատվավոր և չվճարվող պաշտոնատարներ են:
12.4. Իր անդրանիկ նիստում ԾԽ-ն ընտրում է իր դիվանը 4 տարվա համար՝ բաղկացած ատենապետից, փոխատենապետից, ատենադպրից: Դիվանի ընտրությունները վավերացվում են Թեմակալ Առաջնորդի կողմից:
12.5. Ատենապետը վարում է ԾԽ-ի նիստերը, ներկայացնում է ծուխը քաղաքացիական ատյանների առջև: Ժողովները գումարվում են ԾԽ-ի գրասենյակում:
12.6. ԾԽ-ը գործադրում է Ծխական ընդհանուր ժողովի և Թեմակալ Առաջնորդի ու ԹԽ-ի հրահանգներն ու որոշումները:
12.7. Փոխատենապետը ատենապետի բացակայության պարագային փոխարինում է վերջինիս:
12.8. Ատենադպիրը կազմում է ԾԽ-ի ժողովների ատենագրությունները հայերեն և վրացերեն լեզուներով:
12.9. ԾԽ-ը ժողով է գումարում առնվազն ամիսը մեկ անգամ Հոգևոր Հովվի և ԾԽ-ի ատենապետի հրավերով:
12.10. ԾԽ-ի որևէ անդամի հրաժարելու, մահվան կամ մարմնական տևական տկարության պարագային, վերջինիս փոխարինում է վերջին ընտրությանը առավելագույն քվե ստացած հաջորդ թեկնածուն:
12.11. ԾԽ-ի որևէ անդամ, որ առանց հիմնավոր պատճառի հաջորդաբար բացակայում է երեք ժողովներից, Ծխական Խորհրդի ժողովում կայացված որոշմամբ նկատվում է հրաժարված և փոխարինվում է անձնափոխանորդով: Որոշումը գործի է դրվում Թեմակալ Առաջնորդի վավերացումը ստանալուց հետո, որին հետևում է համապատասխան կարգով վերագրանցում:
12.12. ԾԽ-ի կամ նրա առանձին անդամների լիազորությունները դադարում են, եթե՝
ա) Ընտրված անդամների 50 տոկոսից ավելին դադարում են գործելուց կամ համալրվում են անձնափոխանորդներով,
բ) Ծխական Խորհուրդի անդամները գործում են Թեմի կանոնադրությանը հակառակ և դա հաստատագրված է ըստ 11.8. հոդվածի` հանձնաժողովի կողմից: Այս դեպքում Թեմակալ Առաջնորդը և Թեմական Խորհուրդը կարող են հետ կանչել Ծխական Խորհրդի տվյալ անդամին և նրան փոխարինել անձնափոխանորդով կամ լուծարել Ծխական Խորհուրդը և նոր ընտրություններ նշանակել:
գ) Ամբողջ Ծխական Խորհուրդը հրաժարական ներկայացնի:
12.13. ԾԽ-ի ժողովները վավերական են, երբ ներկա են անդամների մեծամասնությունը: Որոշումները կայացվում են պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում Հոգևոր հովիվը մասնակցում է քվեարկությանը և իր քվեն վճռական է: ԾԽ-ի որևէ անդամ կարող է հեռացվել միայն ներկաների 2/3-ի որոշումով: ԾԽ-ի անդամի հեռացման որոշումը վավերական է համարվում, երբ հաստատվում է Թեմակալ Առաջնորդի և ԹԽ-ի կողմից:
12.14. Ժողովների ատենագրություններն արձանագրվում են թվագրված և կնքված տոմարի մեջ Հոգևոր հովվի, ատենապետի և ատենադպրի կողմից:


Հոդված 13. Իրավասությունները

Ծխական Խորհուրդը.
13.1. Կառավարում է Ծուխի գործերն ու տնօրինում կալվածքները և Ծուխի անունից կնքում պայմանագրեր:
13.2. Հետևում է ծուխից ներս Հայաստանյայց Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու դավանանքի, կանոնների և Սրբազան Ավանդության պահպանմանը:
13.3. Հետևում է Ծուխի ծրագրային նպատակների գործադրությանը և զբաղվում Ծուխի հոգևոր, կրոնական և վարչական կյանքին վերաբերող բոլոր հարցերով:
13.4. Հոգևոր հովվի հետ գործադրում է Ծխական ընդհանուր ժողովի որոշումները և Թեմակալ Առաջնորդի ու Թեմական Խորհրդի հանձնարարությունները:
13.5. Թեմակալ Առաջնորդին և ԹԽ-ին է փոխանցում իր տարեկան տեղեկագիրը՝ այդ թվում ֆինանսատնտեսական:
13.6. Իրավասու է նշանակելու կամ ներգրավելու Ծուխի ծրագրերի և որոշումների, ինչպես նաև ԹՊԺ-ի որոշումների իրագործման համար անհրաժեշտ որևէ մասնագիտական հանձնախումբ:
13.7. Կազմում է Ծխական ընդհանուր ժողովի օրակարգը, պատրաստում և Ծխական ընդհանուր ժողովի հաստատմանն է ներկայացնում տարեկան ծրագիրը և նախահաշիվը, ինչպես նաև անցյալ տարեշրջանի ֆինանսատնտեսական հաշվետվությունը:
13.8. Պարտավորվում է.
ա) Հաշվառված ընդունել, պահպանել, ինչպես նաև կառավարել Ծխում Հայաստանյայց Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու շարժական և անշարժ գույքը, ինչպես նաև բոլոր մատյանները, փաստաթղթերը, գրանցման մատյանները, արխիվը և արժեքավոր իրերը:
բ) Ընդունել, կառավարել և ընդլայնել Եկեղեցու օգտին տրված նվիրատվություններն ու կտակները:
գ) Հոգ տանել բոլոր անհրաժեշտ ծախսերի և պետքերի համար, որոնք կապված են Ծխում Հայաստանյայց Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու նպատակների իրագործման և բնականոն գործունեության հետ:
դ) Համագործակցել բոլոր հանձնաժողովների հետ, որոնք նշանակված են Թեմակալ Առաջնորդի, ԹԽ-ի և ԹՊԺ-ի կողմից:
13.9. Նշանակում և ազատում է ծուխի ծառայողներին ու գործավորներին, կնքում նրանց հետ աշխատանքային պայմանագրեր:
13.10. Ապահովում է Ծուխի բյուջեն:
13.11. Իրավասու է ընդունել ԾԽ-ի ենթակայության տակ գործող կառույցների հաշվետվություններն ու գործունեության ծրագրերը:


ԳԼՈՒԽ Զ. ԾՈՒԽԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 14. Ծուխի եկամուտի աղբյուրները

14. Ծուխի նյութական միջոցները գոյանում են.
ա) Մոմավաճառությունից և խորհրդակատարություններից,
բ) Տարեկան անդամավճարներից,
գ) Ծուխի դրամագլխի և սեփականության եկամուտներից,
դ) Դրամահավաքից, բաժանորդագրությունից, վաճառքից և այլ հասույթներից,
ե) Նվիրատվություններից և կտակներից:


Հոդված 15. Ծուխի անշարժ գույքը

15. Ծուխի անշարժ գույքը կարող է վարձակալության տրվել Ծխական ընդհանուր ժողովին ներկա անդամների 2/3-ի մեծամասնության որոշումով՝ համաձայնությամբ Թեմակալ առաջնորդի: Օտարվել կամ գրավ դրվել կարող է հոդված 28-ի տրամադրությունների համաձայն:


ԳԼՈՒԽ Է. ԾՈՒԽԻ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
Հոդված 16.

16.1. Ծուխը կարող է լուծարվել Ծխական ընդհանուր ժողովի անդամների 2/3-ի որոշումով, որը ներկայացվում է Թեմակալ Առաջնորդին և ԹԽ-ին՝ առ ի վավերացումն:
16.2. Ծուխը լուծարվում է անդամների ոչ բավարար քանակի առկայության ժամանակ, որը նախատեսված է 4.1. հոդվածով:
16.3. Լուծարման պարագային Ծուխի սեփականությունն անցնում է Թեմին: Լուծարված Ծուխի կալվածքները և իրերը Թեմական Խորհրդի և Թեմակալ Առաջնորդի որոշմամբ կարող են տրամադրվել մեկ այլ Ծուխի:


ԳԼՈՒԽ Ը. ԹԵՄԱԿԱԼ ԱՌԱՋՆՈՐԴ

Հոդված 17. Նշանակում և պաշտոնավարություն

17.1. Թեմակալ Առաջնորդը Քրիստոսի Սուրբ Եկեղեցու Սրբազան Ավանդության և եկեղեցական կանոնների համաձայն նվիրապետական աստիճանով եպիսկոպոս է:
17.2. Թեմակալ առաջնորդը նշանակվում և ազատվում է Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրամանով, համաձայն Հայ Եկեղեցու կանոնների  և Սրբազան Ավանդության: Թեմակալ  առաջնորդը նշանակվում է  Ամենայն Հայոց Կաթողիկոսի իրավասության ներքո ծառայող առնվազն 35 տարեկան կուսակրոն քահանաներից,  առանց ծառայության վերջնաժամկետի նշման:
17.3. Առաջնորդի պաշտոնավարության շրջանը անժամկետ է:
17.4. Առաջնորդի պաշտոնավարության վերջնաժամկետը 70 տարեկանն է: Թեմական Պատգամավորական Ժողովի խնդրանքով` Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ նրա պաշտոնավարությունը կարող է երկարաձգվել:
17.5. Թեմակալ Առաջնորդի պաշտոնավարությունը կարող է դադարեցվել՝
ա) Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ,
բ) Առաջնորդի գրավոր հրաժարականի դեպքում,
գ) Լուրջ մեղադրանքի հաստատման պարագային՝ հետևյալ ընթացակարգով.
1)  Թեմակալ Առաջնորդի դեմ մեղադրանքները ներկայացվում են Թեմական  Խորհրդին:
2)  Թեմական Խորհուրդը քննելուց հետո ներկայացված մեղադրանքները, ելնելով քննության արդյունքներից, հարցը կարող է ներկայացնել Թեմական Պատգամավորական Ժողովին:
3) Թեմական Պատգամավորական Ժողովը ստեղծում է հատուկ հանձնախումբ հարցը քննելու:
4) Մեղադրանքները հաստատելուց հետո Թեմական Պատգամավորական Ժողովը փաթեթը ներկայացնում է Ամենայն Հայոց Կաթողիկոսին:
5) Վերջնական որոշումը պատկանում է Ամենայն Հայոց Կաթողիկոսին:
17.6. Երբ Առաջնորդի Աթոռը թափուր է մնում որևէ պատճառով, Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժամանակավորապես նշանակում է Առաջնորդական Տեղապահ:
17.7. Առաջնորդական Տեղապահն ունի Առաջնորդի պարտականությունները և իրավասությունները մինչև նոր Առաջնորդի նշանակումը:


Հոդված 18. Իրավասությունները և պարտականությունները

18.1. Առաջնորդը.
 ա) Նախագահն է թեմական բոլոր կառույցների՝ ի բաց առյալ Վերստուգիչ հանձնաժողովի,
 բ) Նշանակում և ազատում է Հոգևոր հովիվներին` Թեմական և Ծխական
     խորհուրդների հետ խորհրդակցելով,
 գ) Իրավասու է միայն իր Թեմի համար ձեռնադրություն կատարելու՝
      կուսակրոն հոգևորականի պարագային ունենալով ձեռնադրյալի  
      պատկանելիք միաբանության հոգևոր պետի օրհնությունը,
 դ) Հաստատում է Առաջնորդարանի պաշտոնեության հաստիքացուցակը
      ԹԽ-ի հետ խորհրդակցաբար,
  ե) Իրավասու է, սահմանված կարգով, կարգապահական տույժեր և
       խրախուսանքներ կիրառել Թեմում ծառայող հոգևորականների նկատմամբ,
  զ) Արտոնում է Թեմից ներս գործածվող կրոնական
       գրականության տպագրությունը:
  է) Տարեկան զեկույց է ներկայացնում ԹՊԺ-ին:
18.2. Առաջնորդը պատասխանատու է Թեմում իրականացվող.
        ա) Ավետարանական քարոզության,
        բ) Հովվական և դաստիարակչական գործունեության,
        գ) Ծիսական կյանքի,
        դ) Տեղական մակարդակի միջեկեղեցական և պետական մարմինների հետ
            հարաբերությունների համար:
18.3. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ Թեմի անունից բոլոր հարաբերությունները պահում է Առաջնորդը։
18.4. Առաջնորդը չի մասնակցում իր նախագահած ժողովների քվեարկությանը: Քվեների հավասարության պարագային վճռական ձայնը Առաջնորդինն է, եթէ նա անհրաժեշտ չի նկատում նոր քվեարկությունը:
18.5.  Պարբերաբար այցելում է Թեմի եկեղեցիները և համայնքները: Քննում է հոգևորականների և համայնքի անդամների դեմ եղած ամբաստանությունները և պատշաճ տնօրինություններ կատարում:
18.6.  Տարին առնվազն մեկ անգամ հրավիրում է Թեմի հոգևորականաց ժողով:
18.7. Անհրաժեշտության դեպքում կազմակերպում է նոր ծուխեր:
18.8. Ներկայացնում է Թեմը պետական իշխանությունների առջև:
18.9. Կարող է ունենալ իր անունով կնիք՝ ներեկեղեցական գործածության համար:

    
ԳԼՈՒԽ Թ. ԹԵՄԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԺՈՂՈՎ
Հոդված 19. Կարգավիճակը և կազմը

19.1 ԹՊԺ-ը Թեմի բարձրագույն մարմինն է:
19.2. ԹՊԺ-ն առանց քննարկման ի գործադրություն է ընդունում եկեղեցական ժողովական բարձրագույն մարմինների՝ Ազգային-եկեղեցական ժողովի, Եպիսկոպոսաց ժողովի, Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի, Գերագույն Հոգևոր Խորհրդի որոշումները:
19.3. ԹՊԺ գումարվում է տարին առնվազն մեկ անգամ՝ Թեմակալ Առաջնորդի և Թեմական Խորհրդի ատենապետի հրավերով: Ժողովի վայրը և թվականը որոշվում է Թեմական Խորհրդի կողմից:
19.4. Թեմի Առաջնորդը ի պաշտոնէ ԹՊԺ-ի Նախագահն է:
19.5. ԹՊԺ-ին անդամակցում են՝
ա) Թեմի վարչական տարածքում գործող հոգևոր հովիվները,
բ) Թեմի վարչական տարածքում գործող վանահայրերը,
գ) Թեմական Խորհրդի անդամները,
դ) Ծխական Խորհուրդի ատենապետերը,
ե) Ծուխերից ընտրված պատգամավորները:
19.6. Ծուխերի պատգամավորները ընտրվում են 4 տարվա համար՝ Ծխական Ընդհանուր Ժողովների կողմից։
19.7. Թեմական պատգամավորական առաջին ժողովի պատգամավորների ընտրության կարգը և թվաքանակը սահմանվում է հիմնադիր ժողովի` առաջնորդի պաշտոնը զբաղեցնող եկեղեցականի, թեմի օծյալ մյուս եկեղեցականների և ծխական խորհուրդների անդամների ժողովում, իսկ այնուհետև պատգամավորների ընտրության կարգը և թվաքանակը սահմանում է ԹՊԺ-ը:
19.8. ԹՊԺ-ն իր անդրանիկ նիստում ընտրում է իր Դիվանը՝ ձայների պարզ մեծամասնությամբ հետևյալ կազմով.
ա) Ատենապետ,
բ) Փոխատենապետ,
գ) Երկու Ատենադպիր (հայերենի և վրացերենի գրագրության համար):
19.9. Յուրաքանչյուր պատգամավոր ունի մեկ քվեի իրավունք, որը փոխանցելի  չէ և անձամբ պետք է տրվի:
19.10. Պատգամավորի հիվանդության, մահվան կամ ոչ հարգելի երկու բացակայության պարագային նրա տեղը գրավում է տվյալ Ծուխի ընտրության ընթացքում հաջորդ առավելագույն քվե ստացողը:
19.11. ԹՊԺ-ի տարեկան գումարման հրավերները Առաջնորդի և Թեմական Խորհրդի ատենապետի ստորագրությամբ ուղարկվում են Ժողովի գումարման թվականից առնվազն երեք ամիս առաջ` միաժամանակ հրապարակվելով տեղական էլ. թերթերում և համացանցում: Հիշյալ հրավերներին կցվում է օրակարգը:
19.12. ԹՊԺ-ի նիստերը վավերական են, երբ անդամների 2/3-ը ներկա է առաջին հրավերին: Հարկ եղած մեծամասնության ներկայությունը չապահովելու դեպքում նշանակվում է ԹՊԺ մեկ ժամ անց, ինչը վավերական է, եթե ներկա են անդամների կեսից ավելին: Այս նվազագույն քվորումի բացակայության դեպքում ԹՊԺ չի անցկացվում և համապատասխան կարգով նշանակվում է նոր թվական:
19.13. Անդամների պարզ մեծամասնությունը բավական է որոշումներ ընդունելու համար՝ ի բաց առյալ կանոնադրական փոփոխությունները, որի համար անհրաժեշտ է 2/3-ի մեծամասնությունը:
19.14. ԹՊԺ-ի արտահերթ գումարում կարող է հրավիրվել.
ա) Առաջնորդի,
բ) ԹԽ-ի կողմից,
գ) ԹՊԺ-ի անդամների 1/3-ի գրավոր պահանջով:
19.15. Արտահերթ Ժողովի հրավերը ուղարկվում է Ժողովի թվականից առնվազն 15 օր առաջ` միաժամանակ հրապարակվելով տեղական էլ. թերթերում և թեմի պաշտոնական լրատվամիջոցներում:


Հոդված 20. Իրավասությունները և պարտականությունները


ԹՊԺ-ը.
20.1. Հաստատում է Թեմի կանոնադրությունը ներկաների 2/3-ի քվեներով:
20.2. Հսկում է սույն Կանոնադրության ճշգրիտ գործադրությանը:
20.3. Ընտրում է ԹԽ-ի` 1/3 հոգևորական և 2/3 աշխարհական անդամներ, առանձին անվանացանկերով, 4 տարվա համար:
20.4. Ընտրում է իր անդամների միջից 3 անձից բաղկացած Ընտրողական հանձնախումբ` մեկ տարվա համար: Ընտրողական հանձնախումբը պարտավոր է նվազագույն երկանուն թեկնածուների ցանկ պատրաստել հետևյալ մարմինների ընտրության համար.
ա) ԹՊԺ-ի Դիվան,
բ) ԹԽ,
գ) Վերստուգիչ հանձնաժողով,
դ) Եկեղեցական-ժողովական բարձրագույն մարմինների՝ Ազգային-եկեղեցական ժողովի, Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի պատգամավորներ:
20.5. Ընտրում է իր անդամների միջից 4 տարվա գործունեության համար Վերստուգիչ հանձնաժողովի 3 անդամներ, որոնք միաժամանակ չպետք է լինեն ԹԽ-ի անդամներ:
20.6. Վերստուգիչ հանձնաժողովի զեկույցից հետո` քննում և վավերացնում է ԹԽ-ի ներկայացրած տարեկան գործունեության ֆինանսական տեղեկագիրը և քվեարկության է դնում ծրագրերն ու նախագծերը:
20.7. Քննում և վավերացնում է ԹԽ-ի ներկայացրած Թեմի տարեկան նախահաշիվ բյուջեն:
20.8. Սահմանում է ծուխերի կողմից Թեմին հատկացվող վճարումների չափը:
20.9. Ընտրում է եկեղեցական-ժողովական բարձրագույն մարմինների` Ազգային-Եկեղեցական ժողովի, Եկեղեցական-Ներկայացուցչական Ժողովի պատգամավորներ:
20.10. Քննում է Առաջնորդի դեմ եղած բողոքները կանոնադրական ընթացակարգի համաձայն:
20.11. Քննում է ԹԽ-ի և Վերստուգիչ հանձնաժողովի, ինչպես նաև իր կողմից ձևավորված մարմինների անդամների դեմ եղած բողոքները: Հիշյալ դեպքերում ԹՊԺ-ն անհրաժեշտության պարագային ներկա պատգամավորների 2/3-ի մեծամասնության քվեով կայացնում է պաշտոնազրկման որոշում:


ԳԼՈՒԽ Ժ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Հոդված 21. Կարգավիճակը և կազմը

ԹԽ-ը.
21.1. Թեմի գործադիր մարմինն է` Թեմակալ Առաջնորդի նախագահությամբ:
21.2  Բաղկացած է 7 անձերից (հինգ աշխարհական և երկու հոգևորական)` ընտրված ԹՊԺ-ի կողմից 4 տարվա ժամկետով:
21.3.  Դիվանը բաղկացած է` ատենապետից, փոխատենապետից, ատենադպրից, փոխատենադպրից, ովքեր ընտրվում են ԹԽ-ի կողմից՝ առաջին նիստում:


Հոդված 22. Պաշտոնավարությունը

22.1. ԹԽ-ը ժողով է գումարում նվազագույնը ամիսը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության` հրավերով Առաջնորդի և ԹԽ-ի ատենապետի:
22.2. ԹԽ-ի նիստը օրինական է ճանաչվում, երբ ներկա է անդամների մեծամասնությունը և Առաջնորդը կամ Տեղապահը, ԹԽ-ի ատենապետը և կամ նրանց արտոնությամբ Առաջնորդական Փոխանորդը կամ ԹԽ-ի փոխատենապետը նախագահում է այն:
22.3. ԹԽ-ի անդամի հիվանդության, մահվան կամ ոչ հարգելի երեք բացակայության պարագային նրա տեղը զբաղեցնում է հաջորդ առավելագույն քվե ստացած անձնափոխանորդը: Անձնափոխանորդների քանակը չի կարող գերազանցել ԹԽ-ի ընտրված անդամների թվի կեսը:
22.4. ԹԽ-ի գործունեությունը համարվում է դադարեցված.
ա) երբ ընտրյալ անդամների 50 տոկոսից ավելին դադարում են գործելուց
բ) երբ կազմի 50 տոկոսից ավելին համալրվում է անձնափոխանորդներով:
22.5 ԹԽ-ի գործունեությունը վաղաժամկետ դադարեցվում է նաև ԹՊԺ-ի կողմից՝ Հայաստանյայց Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու կանոններին և սույն կանոնադրությանը հակառակ գործելու դեպքում: Հիշյալ փաստերի արձանագրված լինելու և ԹՊԺ-ում լուծում չստանալու դեպքերում հարցը կարող է քննության առնվել Գերագույն Հոգևոր Խորհրդում և ըստ քննության արդյունքների Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարող է լուծարել ԹԽ-ի կազմը և նշանակել ԹԽ-ի նոր անդամների ընտրություն:


Հոդված 23. Պարտականությունները և Իրավասությունները

ԹԽ-ը.
23.1. Հետևում է Թեմի  գործունեության կանոնավոր կազմակերպմանը և կանոնադրական նպատակների իրագործմանը և պատասխանատուն է Թեմի վարչական և հոգևոր կյանքի հետ կապված բոլոր հարցերի:
23.2. Իրագործում է ԹՊԺ-ի որոշումները:
23.3. Ժողովների օրակարգը պատրաստում է ատենապետը՝ Առաջնորդի հետ միասին և վարում է Խորհրդի նիստերը՝ ըստ սույն կանոնադրության դրույթների:
23.4. Ատենապետը կամ ԹԽ-ի կողմից լիազորված անձը Թեմը ներկայացնում է դատաիրավական ատյաններում:
23.5. Փոխատենապետը ատենապետի բացակայության դեպքում՝ կատարում է նրա բոլոր պարտականությունները:
23.6. Ատենադպիրը արձանագրում և պահում է ԹԽ-ի բոլոր նիստերի ատենագրությունները և կատարում է թղթակցությունները:
23.7. Թեմի ծրագրերի իրագործման համար նշանակում է անհրաժեշտ տարբեր հանձնախմբեր: Կերպեր և միջոցներ է ստեղծում Առաջնորդարանի հասույթներն   ավելացնելու և առ այդ առաջարկներ է ներկայացնում ԹՊԺ-ին:
23.8. Պատրաստում է տարեկան բյուջեի նախահաշիվը, առաջարկում է ԹԽ-ին առանձին Ծուխերի տուրքերի չափը և դրանք ներկայացնում է ԹՊԺ-ի հավանությանը:
23.9. Ընդունում է ԾԽ-ների տարեկան տեղեկագրերը և ուղղություն տալիս նրանց գործունեությանը:
23.10. Պատրաստում է վարչական, ֆինանսական կամ այլ տեղեկագրեր և դրանք ներկայացնում է ԹՊԺ-ի հավանությանը և Առաջնորդի միջոցով ուղարկում է Ամենայն Հայոց Կաթողիկոսին:
23.11. Որոշում է ընդունում Թեմին շնորհված նվերների, կտակների, ինչպես նաև անշարժ գույքի վերաբերյալ` ի բաց առյալ վերջինիս օտարումը կամ գրավադրումը:
23.12. Ներկա կանոնադրության դրույթների համաձայն՝ հարկ եղած հրահանգներ է տալիս Թեմին ենթակա Ծխական Խորհուրդներին:
23.13. Հաստատում կամ բեկանում է որևէ համայնքի ԾԽ-ի ժողովների որոշումները:
23.14. Հաստատում կամ բեկանում է որևէ Ծուխի ԾԽ-ների ընտրությունները, դադարեցնում է  ԾԽ-ների որևէ անդամի գործունեությունը սույն կանոնադրության դրույթների համաձայն` իր կողմից առնված որոշումը ներկայացնելով ԹՊԺ-ի վավերացմանը:
23.15. Քննում է Թեմապատկան հաստատությունների և նրանց պաշտոնյաների միջև ծագած վեճերը և կայացնում անհրաժեշտ որոշումները:
23.16. Անհրաժեշտության դեպքում՝ հրավիրում է ֆինանսական արտաքին հաշվեքննիչ կազմակերպություն՝ Թեմական կամ  Ծխական կազմակերպությունների հաշիվները քննելու համար:
23.17. Ֆինանսական բոլոր գործառնությունների փաստաթղթերը ստորագրում են Առաջնորդը և ԹԽ-ի Ատենապետը:
23.18. ԹԽ-ը կարող է բյուջեից դուրս կատարել վճարումներ առանց ԹՊԺ-ի համաձայնության, եթե ձեռնարկվելիք աշխատանքի գումարը չի գերազանցում Թեմի տարեկան բյուջեի 1/5-ը:
23.19. Իր Դիվանի մեջ պահում է Թեմի բոլոր համայնքների սեփականությունը հանդիսացող կամ նրանց կողմից գործածվող եկեղեցապատկան անշարժ և շարժական գույքերի ցուցակը:
23.20. ԹԽ-ը վավերացնում է`
    ա) Ծուխերի անդամական ընդհանուր ժողովների ատենագրությունները,
    բ) ԾԽ-ների ընտրությունները:
23.21. Ժողովների ատենագրությունները արձանագրվում են ատենադպիրների կողմից թվագրված և ստորագրված տոմարի մեջ, որոնք վավերացվում են Թեմակալ Առաջնորդի և ԹԽ-ի ատենապետի կողմից:
23.22. ԹԽ-ը կարող է ունենալ պաշտոնական կնիք Թեմի անունով:

ԳԼՈՒԽ ԺԱ. ԹԵՄԱԿԱՆ ԱՅԼ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ
Հոդված 24. Վերստուգիչ հանձնաժողով


Վերստուգիչ հանձնաժողովը.
24.1. Թեմի ֆինանսա-տնտեսական գործունեությունը ստուգող մարմինն է:
24.2. Կազմը  բաղկացած է 3 անձից: Վերջիններս ընտրվում են ԹՊԺ-ի կողմից՝ գործունեության 4 տարի ժամկետով:
24.3. Առնվազն տարին մեկ անգամ քննում և հաստատում է առաջնորդարանի, ԹԽ-ի և թեմական կառույցների ֆինանսատնտեսական գործունեությունը:
24.4. Թեմակալ առաջնորդի համաձայնությամբ կարող է օգտվել արտաքին աուդիտորական ընկերության խորհրդատվությունից:
24.5. Իր հաշվետվության արդյունքները փոխանցում է ԹՊԺ-ին:


Հոդված 25. Ընտրողական հանձնախումբ

25. Ընտրողական հանձնախմբի լիազորությունները սահմանվում են ԹՊԺ-ի կողմից:

Հոդված 26. Առաջնորդարան

26.1. Թեմի վարչական գործունեությունն իրագործվում է առաջնորդի և նրա ղեկավարությամբ գործող առաջնորդարանի կողմից:
26.2.  Առաջնորդարանի պաշտոնեությունը նշանակվում և ազատվում է Առաջնորդի կողմից՝ խորհրդակցելով ԹԽ-ի հետ:

ԳԼՈՒԽ ԺԲ. ԹԵՄԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 27. Թեմի հասույթները

27. Թեմի հասույթները գոյանում են.
ա) Ծուխերի տուրքերից,
բ) Նվիրատվություններից,
գ) Կտակներից,
դ) Տնտեսական գործունեությունից,
ե) Հիմնադրամներից,
զ) Սուբսիդավորման միջոցներից և այլն:

Հոդված 28. Թեմի անշարժ գույքը

28. Թեմի անշարժ գույքը կարող է օտարվել կամ գրավ դրվել ԹՊԺ-ի որոշմամբ՝ նախապես համաձայնեցնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Առանց այդ համաձայնության վճիռը համարվում է անվավեր:


ԳԼՈՒԽ ԺԳ. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 29. Թեմական կանոնադրության փոփոխությունները

29.1. Թեմական կանոնադրության մեջ փոփոխությունները ընդունվում և հաստատվում են ԹՊԺ-ի կողմից 2/3-ի քվեարկությամբ (բացառությամբ 1.4, 1.5, 1.6 և 4.2, 4.3 հոդվածների), որոնք կանոնական ուժ են ստանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հաստատվելուց հետո:
29.2. Առաջարկված փոփոխությունները ԹԽ-ի կողմից քննարկվելուց, վերջնական բանաձևում ստանալուց և 2/3-ի մեծամասնությամբ քվեարկվելուց հետո, ԹՊԺ-ի գումարումից առնվազն երեք ամիս առաջ ուղարկվում են ԹՊԺ-ի անդամներին:
29.3. Կանոնադրական փոփոխությունները ի զորու են Ամենայն Հայոց Կաթողիկոսի վավերացումից և այնուհետև տեղական իշխանության պատկան մարմինների մոտ վերագրանցումից հետո:
29.4. Բոլոր պարագաներում առաջնային է համարվում ներկա կանոնադրության հայերեն բնագրին համարժեքորեն վրացերեն թարգմանությունը՝ հաստատված Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից:


Հոդված 30. Թեմի վերակազմակերպումը և լուծարումը

30.1. Թեմի բաժանումը, միացումը այլ թեմերի հետ կամ լուծարումը իրականացվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից:
30.2. Թեմը կարող է լուծարվել ԹՊԺ-ի որոշումով: ԹՊԺ-ի սույն որոշումը ենթակա է Ամենայն Հայոց Կաթողիկոսի վավերացմանը:
30.3. Թեմի լուծարման մասին հրապարակումը կատարվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ:
30.4. Թեմի լուծարման դեպքում իրավահաջորդ  կարող է լինել Վրաստանում գրանցված  իրավական անձի կարգավիճակ ունեցող այլ կազմակերպություն, որը հիմնադրված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից:


Հոդված 31. Այլք

31. Սույն կանոնադրության ընդունումից հետո բոլոր Ծխական Խորհուրդներն ու Թեմական Խորհուրդը, որոնք ընտրվել են նախորդ կանոնադրության պահանջների համաձայն, պահպանում են իրավասությունները մինչև սահմանված ժամկետների ավարտը: