Վիրահայոց Թեմում հանդիսավորապես նշանավորվեց Սբ.Աստվածամոր վերափոխման տոնը |
Օգոստոսի 18-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, մեծ շուքով և հանդիսավորությամբ նշեց Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը: Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդը և Տիրամորը նվիրված ամենահին տոնը արժանավորապես նշանավորվեց նաև Վիրահայոց թեմի բոլոր եկեղեցիներում: Վաղ առավոտից բազմամարդ էր Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակն ու տաճարի ներսը: Հոգևոր սպասավորները Աստվածամոր վերափոխման տոնի կապակցությամբ, եկեղեցու խորանը զարդարեցին օրվա խորհրդանիշ արևահամ խաղողի տեսակներով ու տարբեր մրգերով, որն ապահովել էին եկեղեցու աջակիցներ, նվիրյալ հավատացյալներ Ալեքսանդր Առաքելյանը և Լևոն Ռամազյանն իրենց գործարար ընկերների հետ միասին: Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում առավոտյան ժամերգությունից հետո կատարվեց Անդաստանի կարգ: Օրհնվեցին աշխարհի բոլոր ծագերը և ժողովուրդները: Այնուհետև մատուցվեց Սուրբ Պատարագ: Տոնական Սրբազան Պատարագի Պատարագիչն էր Վիրահայոց Թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Սուրբ Պատարագին իրենց ներկայությունն էին բերել վիրահայ հասարակայնության ներկայացուցիչներ Հավարտ Սուրբ Պատարագի, Պատարագիչ Վիրահայոց Թեմի Առաջնորդը հավուր պատշաճի քարոզ խոսեց օրվա խորհրդի՝ Տիրամոր մեծ Առաքելության, նրա ննջեցման և Հարության, Վերափոխման մասին: Խորանի վրա տեղ էր գտել նաև առաջնորդանիստ Սբ. Գևորգ եկեղեցուց բերված Տիրամոր ննջեցման պատկերով նկարը: Սրբազան Հայրը հոգևոր դասի հետ միասին հանդիսավորապես կատարեց ավանդական խաղողի և ողջ տարվա բերք ու բարիքի օրհնության կարգը: Այնուհետև Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը ընթերցեց Սուրբ Ներսես Շնորհալու աղոթքը՝ նվիրված խաղողօրհնությանը Վիրահայոց Թեմի առաջնորդն իր օրհնությունը հղեց բոլոր հավատացյալներին, գնահատանքի խոսքեր ուղղեց Եկեղեցու աջակիցներ Ալիկ Առաքելյանին և Լևոն Ռամազյանին ու նրանց ընկերներին, շնորհավորեց Մարիամ անունը կրողներին և հրավիրեց օգտվելու օրհնված խաղողից ու մրգերից: Տոնական Սուրբ Պատարագներ մատուցվեցին և խաղողօրհնեքի կարգ կատարվեց նաև Սամցխե-Ջավախքի, Բաթումի և մյուս բոլոր գործող եկեղեցիներում: Երկուշաբթի առավոտյան Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցում կկատարվի հանգուցյալների հիշատակին նվիրված Սբ. Պատարագ:
|