1

fb you od

Վիրահայոց Թեմում հանդիսավորապես նշանավորվեց Սբ.Աստվածամոր վերափոխման տոնը PDF Տպել Էլ.փոստ

khakhogorhnerg

Օգոստոսի 18-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, մեծ շուքով և հանդիսավորությամբ նշեց Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը: Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդը և Տիրամորը նվիրված ամենահին տոնը արժանավորապես նշանավորվեց նաև Վիրահայոց թեմի բոլոր եկեղեցիներում:

Վաղ առավոտից բազմամարդ էր Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակն ու տաճարի ներսը: Հոգևոր սպասավորները Աստվածամոր վերափոխման տոնի կապակցությամբ, եկեղեցու խորանը զարդարեցին օրվա խորհրդանիշ արևահամ խաղողի տեսակներով ու տարբեր մրգերով, որն ապահովել էին եկեղեցու աջակիցներ, նվիրյալ հավատացյալներ Ալեքսանդր Առաքելյանը և Լևոն Ռամազյանն իրենց գործարար ընկերների հետ միասին:

Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում առավոտյան ժամերգությունից հետո կատարվեց Անդաստանի կարգ: Օրհնվեցին աշխարհի բոլոր ծագերը և ժողովուրդները:

Այնուհետև մատուցվեց Սուրբ Պատարագ: Տոնական Սրբազան Պատարագի Պատարագիչն էր Վիրահայոց Թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Սուրբ Պատարագին իրենց ներկայությունն էին բերել վիրահայ հասարակայնության ներկայացուցիչները, մտավորականներ, տարբեր կառույցների ղեկավարներ, հավատացյալներ: Ու չէր դադարում մարդկանց հոսքը դեպի եկեղեցի, որ գալիս էին խաղողի և տարբեր մրգերի գեղեցիկ զամբյուղներով, զարդարված սկուտեղներով, ակնկալիքով ստանալ Բարձրյալի օրհնությունը:

Հավարտ Սուրբ Պատարագի, Պատարագիչ Վիրահայոց Թեմի Առաջնորդը հավուր պատշաճի քարոզ խոսեց օրվա խորհրդի՝ Տիրամոր մեծ Առաքելության, նրա ննջեցման և Հարության, Վերափոխման մասին: Խորանի վրա տեղ էր գտել նաև առաջնորդանիստ Սբ. Գևորգ եկեղեցուց բերված Տիրամոր ննջեցման պատկերով նկարը:

Սրբազան Հայրը հոգևոր դասի հետ միասին հանդիսավորապես կատարեց ավանդական խաղողի և ողջ տարվա բերք ու բարիքի օրհնության կարգը:

Այնուհետև Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը ընթերցեց Սուրբ Ներսես Շնորհալու աղոթքը՝ նվիրված խաղողօրհնությանը:

Վիրահայոց Թեմի առաջնորդն իր օրհնությունը հղեց բոլոր հավատացյալներին, գնահատանքի խոսքեր ուղղեց Եկեղեցու աջակիցներ Ալիկ Առաքելյանին և Լևոն Ռամազյանին ու նրանց ընկերներին, շնորհավորեց Մարիամ անունը կրողներին և հրավիրեց օգտվելու օրհնված խաղողից ու մրգերից:

Տոնական Սուրբ Պատարագներ մատուցվեցին և խաղողօրհնեքի կարգ կատարվեց նաև Սամցխե-Ջավախքի, Բաթումի և մյուս բոլոր գործող եկեղեցիներում:

Երկուշաբթի առավոտյան Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցում կկատարվի հանգուցյալների հիշատակին նվիրված Սբ. Պատարագ:

IMGP9224 IMGP9295

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)