Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության 2018 թ. գործունեության հաշվետվություն |
Новости |
1.Աշխատանքների կազմակերպում և կառավարում Սույն ժամանակահատվածում Սամցխե-Ջավախքի և Ծալկայի հայկական եկեղեցական համայնքները առավել արդյունավետ կառավարելու համար բաժանվել են հովվությունների ըստ հետևյալի՝ ա. Ախալքալաքի շրջանը 5 հովվության՝ Ախալքալաքի, Կորխի, Վաչիանի, Արագովայի, Ալաթումանի: բ.Ախալցիխեի շրջանը 2 հովվության՝ Ախալցիխե և Ծուղրութ: գ.Նինոծմինդայի շրջանը 3 հովվության՝ Նինոծմինդա, Գանձա, Մեծ Գոնդուրա: դ.Բորժոմիի շրջանը 1 հովվության՝ Բորժոմի և Բակուրիան քաղաքներ: ե.Ասպինձայի շրջանը 1 հովվության՝ Դամալա գյուղ:
2.Քահանաների և սարկավագների նշանակումներ Ընթացիկ տարում փոխանորդությունում հոգևոր ծառայության են կոչվել Տեր Գևորգ և Տեր Նարեկ քահանաները: Արժանապատիվ Տեր Գևորգ քահանա Ասատրյանը նշանակվել է Գանձայի հովվության հոգևոր հովիվ, իսկ Արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը՝ Ախալքալաքի «Սուրբ Խաչ» եկեղեցու հոգևոր հովվի օգնական և Կորխի հովվության այցելու հովիվ: Բարեշնորհ Կամո սարկավագ Թազայանը նշանակվել է Ծալկայի հովվությունում, որպես հոգևոր հովվի օգնական: Արտյոմ ուրարակիր Գալոյանը նշանակվել է Ախալքալաքի «Սուրբ Խաչ» եկեղեցում, որպես ավագ լուսարար և փոխանորդության տնտեսվար: Ախալքալաքի և շրջակա համայնքների հոգևեր հովիվ Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը, իր դիմումի համաձայն, տեղափոխվել է Թբիլիսիի «Սուրբ Էջմիածին» եկեղեցի ծառայության, որպես հոգևոր հովվի օգնական և «Հայարտուն» կենտրոնի հոգևոր տեսուչ:
3.Հոգևոր-կրոնական ծառայություն Փոխանորդության Ախալքալաքի «Սուրբ Խաչ», Ախալցիխեի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», Նինոծմինդայի «Սուրբ Սարգիս», Դիլիսյաի «Սուրբ Սարգիս», Գանձայի «Սուրբ Կարապետ», Արագովայի «Սուրբ Գևորգ» և Դամալայի «Սուրբ Խաչ» եկեղեցիներում կանոնավոր կերպով կատարվել են առավոտյան և երեկոյան ժամերգություններ, իսկ մյուս օրերին կատարվել են ժամերգություններ և ծիսական այլ արարողություններ հովվությունների այլ եկեղեցիներում: Կիրակնօրյա և տոնական Պատարագներ են մատուցվել ինչպես քաղաքների, այնպես էլ գյուղական համայնքների եկեղեցիներում: Տարվա ընթացքում փոխանորդության եկեղեցիներում տասնյակ Պատարագներ է մատուցել թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Արժանապատիվ քահանաներն ու բարեշնորհ սարկավագները ժողովրդին մատուցել են ծիսական անհրաժեշտ ծառայություններ, կատարել են հազարից ավելի մկրտություններ, հարյուրավոր պսակներ, տնօրհնեքներ, հուղարկավորություններ, հոգեհանգստյան և այլ արարողություններ: Կարիքավոր ընտանիքներին տրվել է օգնություն սննդի կամ այլ պարագաների տեսքով: Շարունակվել է ՀՕՖ-ի՝ CASP ծրագիրը, որով գարնանը և աշնանը 74 միակողմանի ծնողազուրկ երեխաներ ստացել են նյութական օժանդակություն: Եկեղեցիների բակերում կազմակերպվել են տարբեր մշակութային միջոցառումներ և հիշատակի օրեր: Ջինիշյան հիշատակի հիմնադրամի, SOAR կազմակերպության և անհատ բարերարների օգնությամբ Ախալքալաքում, Ախալցիխեում և Նինոծմինդայում ամռանը կազմակերպվել են բակային ճամբարներ: Ամռանը ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միջոցներով 80 երեխա իր ամառային հանգիստն է անցկացրել Հանքավանի «Արագած» ճամբարում: Հոգևոր հովիվների և փոխանորդության աշխատակիցների նախաձեռնությամբ կազմակերպվել են ուխտագնացություններ ինչպես Վրաստանի սրբավայրեր, այնպես էլ Հայաստան, Արցախ և Արևմտյան Հայաստան: ՀՀ Սփյուռքի նախարարության ծրագրերի շրջանակներում 20 պատանիներ մասնակցել են «Քայլ դեպի տուն» ծրագրին: Եկեղեցիների բակերում կազմակերպվել են հայկական խոհանոցի՝ հարիսայի, գաթայի, տոլմայի և ղափամայի փառատոններ: Փոխանորդության հոգևոր դասի և պետական մարմինների համատեղ աշխատանքների արդյունքում կազմակերպվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ծալկա և Ջավախք, որը պատմական բացառիկ նշանակություն ունեցավ մեր ժողովրդի կյանքում:
4. Եկեղեցաշինություն և բարեկարգում Նշված ժամանակահատվածում վերանորոգվել և վերաօծվել են Ախալքալաքի շրջանի Կուլիկամի «Սուրբ Երրորդություն», Բալխո գյուղի «Սուրբ Հարություն», Նինոծմինդայի շրջանի Դիլիֆ գյուղի «Սուրբ Վարդանանց» եկեղեցիները: Հիմնանորոգվել են Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղի Սբ. Սարգիս, Ծալկայի շրջանի Ղուշչի գյուղի «Սուրբ Գևորգ» և Խաչ գյուղի «Սուրբ Գևորգ» եկեղեցիները: Վերանորոգչական աշխատանքներ են ընթանում Ախալցիխեի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցում: Վերանորոգվել և կահավորվել են Ախալքալաքի «Սուրբ Խաչ», Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղի «Սուրբ Սարգիս», Արագովա գյուղի «Սուրբ Գևորգ», Նինոծմինդայի «Սուրբ Սարգիս» եկեղեցիների ավանդատները: Ջեռուցման համակարգով ապահովվել են Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղի Սբ. Կարապետ եկեղեցին և Ախալքալաքի շրջանի Արակովա գյուղի Սբ. Գևորգ եկեղեցին: Կազմվել են Նինոծմինդայի «Ռաֆայել-Ջավախ» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնին կից սրահի կառուցման նախագիծն ու նախահաշիվը, որը ներկայացվել է ՀԲԸՄ-ին: Աշխատանքներ են տարվել Կորխ գյուղի «Սուրբ Ստեփանոս» եկեղեցու վերականգնման աշխատանքների նախագծերի և դրանք համապատասխան գերատեսչություններում հաստատելու հարցում: Շարունակվում են Ախալքալաքի շրջանի Գոման գյուղի եկեղեցու կառուցման նպատակով հողի ձեռքբերման և նախագծերի պատրաստման աշխատանքները: Վերանորոգման աշխատանքներ են կատարվել նաև փոխանորդության առաջնորդարանում և «Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունի» մշակութային կենտրոնում:q111 Հիմնանորգվել է Ախալցիխեի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցուն կից շինությունը և դարձել «Վարդգես Սուրենյանց» մշակութային կենտրոն:
5.Մշակութային գործունեություն 2018 թ. Ախալքալաքի առաջնորդարանում գործող խմբակները վերակազմավորվել են և աշխատանքները շարունակել նորահիմն «Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունի» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնում: Աշխուժացվել են Ախալքալաքի շրջանի Արագովա գյուղի «Խրիմյան Հայրիկ» նախակրթարանի մշակութային աշխատանքները: Ախալցիխե քաղաքում եկեղեցուն կից հիմնվել է «Վարդգես Սուրենյանց» կրթամշակութային և երիտասարդական կենտրոն: Աշխատանքներ են ընթանում Ծալկայի շրջանի Ղուշչի գյուղում կրթական կենտրոն հիմնելու ուղղությամբ: Նշված կենտրոններում գործում են երգի, պարի, ասմունքի, օտար լեզուների և համակարգչային գիտելիքների ուսուցման և հայ ժողովրդի ու հայոց պատմության դասարաններ և կիրակնօրա դպրոցներ: Փոխանորդության մշակութային կյանքի աշխուժացման և համակարգման նպատակով Ախալքալաքի առաջնորդարանում հիմնվել է մշակույթի բաժին: Այս կենտրոնները ընթացիկ տարում իրականացրել են տասնյակ միջոցառումներ՝ եկեղեցական, պետական տոների, հիշատակի օրերի և այլ բնույթի մշակութային ձեռնարկներ: Հայաստանի և Վրաստանի տարբեր համայնքներում մասնակցել են տեղերում կազմակերպվող միջոցառումներին: Բոլոր մշակութային կենտրոնները ապահովվել են աշխատանքի անհրաժեշտ պայմաններով, տեխնիկայով և գույքով:
6.Ֆինանսատնտեսական գործունեություն 2018 թ. Հունվար ամսից թեմակալ առաջնորդը կատարել է փոխանորդության ֆինանսատնտեսական բարեփոխումներ: Կրկնապատկվել են փոխանորդությունում գործող եկեղեցիների աշխատակիցների աշխատավարձները: Բոլոր հոգևորականներին աշխատավարձերից բացի տրվել է նաև առաքելության գումար: Կանոնավոր կերպով, եկեղեցիները ապահովվել են ծիսական նշանակության նյութերով, մկրտության և պսակի վկայականներով, շարակնոցներով և ատենի ժամագրքերով, կրոնական անհրաժեշտ գրականությամբ և սպասքով: Մուտքագրվել են Ախալքալաքի, Ախալցիխեի, Նինոծմինդայի եկեղեցիների գանձանակները: Փոխանորդության խնայած միջոցներով կատարվել են վերոհիշյալ եկեղեցիների և Ախալքալաքի առաջնորդարանի վերանորոգությունները ու ֆինանսավորվել են մշակութային ձեռնարկները: Փոխանորդության նյութական միջոցներով ձեռք են բերվել ծիսական նշանակության անհրաժեշտ նյութեր, տպագրվել են մկրտության և պսակի վկայականներ, եկեղեցական անհրաժեշտ պարագաներ: ՀՀ Սփյուռքի նախարարության, անհատ բարերարների նվիրաբերած միջոցները հատկացվել են նպատակային ծրագրերի իրագործմանը: 2018 թ. կատարելով անհրաժեշտ բոլոր ծախսերը փոխանորդությունը խնայել է զգալի միջոցներ: |