Բաթումի «Աղբյուր» մանկական երգչախմբի համերգը Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում |
Հոկտեմբերի 22-ին, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում, կայացավ Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու «Աղբյուր» մանկա-պատանեկան երգչախմբի համերգը: Երգացանկում ունենալով Կոմիտասի, Մակար Եկմալյանի ստեղծագործություններից, նաև ժողովրդական երգեր, 8-15 տարեկան հասակի, թվով 16 աղջիկներից բաղկացած երգչախումբը, խմբավար Ռուզաննա Օվանեսյանի գլխավորությամբ, հանդես եկավ դրանց բարձրարժեք կատարումներով: Բաթումցի երեխաների հրաշալի ելույթներին ունկնդիր էին «Հայարտուն մշակույթի կենտրոնի «Ներսես Շնորհալի» մանկա-պատանեկան երգչախմբի անդամները, կիրակնօրյա դպրոցների սաները, նրանց ծնողները, ուսուցիչները, Վիրահայոց Թեմի և «Հայարտուն» մշակույթի կենտրոնի այցելուները:
Համերգասրահում պատվավոր տեղեր էին զբաղեցրել Վիրահայոց Թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Աջարիայի, Գուրիայի և Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության աշխատակից Լևոն Թորգոմյանը, ԱՄՆ-ից ժամանած մեր հայրենակիցներ Հրաչ և Սյուզան Թուֆայանները: Մեկը մյուսին հաջորդող հոգևոր և դասական, ժողովրդական և գուսանական երգերի հրաշալի կատարումները, արժանանում էին հանդիսատեսի բուռն ծափահարություններին: Համերգի վերջում օրհնության և գնահատանքի իր խոսքում, Վիրահայոց Թեմի Առաջնորդը խոսեց ազգի գոյատևման և փրկութան գործում երգի ու երաժշտության, ընդհանուր առմամբ մշակույթի դերի մասին և կարևորեց մշակույթի կենտրոնների միջոցով մեր արվեստը զարգացնելու և տարածելու անհրաժեշտությունը: Վազգեն Սրբազանը երախտագիտության խոսքեր ուղղեց ամերիկահայեր Հրաչ և Սյուզան Թուֆայաններին, ում աջակցությամբ Վաղարշապատում գործում է մշակույթի կենտրոն իր բազմաթիվ խմբակներով, որտեղ բազմաթիվ երեխաներ իրենց ժամանակը փողոցում իզուր վատնելու փոխարեն, այս հրաշագեղ մանուկների նման սերտում են հայ երգը՝ աշխարհով այն տարածելու առաքելությամբ: Ավելացնենք, որ Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցին, Աջարիայի, Գուրիայի և Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի ազգանվեր գործունեությամբ, դարձել է նաև Աջարիայում հայապահպանության իսկական օջախ, որի հովանու ներքո գործում են շաբաթօրյա և կիրակնօրյա դպրոցներ Բաթումիում և Քոբուլեթիում, երիտասարդական կենտրոնը, «Աղբյուր» մանկական երգչախումբը և այլն: Այս ամենը, անշուշտ, վկայում է, որ արևավառ Աջարիայում պահպանվում և զարգացում է ապրում Հայոց Եկեղեցին և հայկական շունչը: Վերջում Սրբազան Հայրը երգչախմբի անդամներին բաժանեց օրհնած խաչեր: |