Մի քանի ամսվա երկարատև և անդուլ նախապատրաստական աշխատանքից հետո, սույն թվականի հոկտեմբերի 14-ին, Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում, կայացավ Վրաստանի հայ երաժիշտների միության հիմնադիր ժողովը: Ժողովին ներկա էին երաժշտական արվեստի տարբեր ճյուղերի հայ մասնագետներ: Ներկաներին օրհնեց և բարեմաղթանքի իր խոսքն ուղղեց Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: «Հայարտուն» մշակույթի կենտրոնի ստեղծագործական խմբերի գեղարվեստական ղեկավար և ժողովի վարող Պավել Օգանեզովը, կարևորելով Վրաստանում հայ երաժիշտների միություն ստեղծելու անհրաժեշտությունը ,
ներկայացրեց կառույցի ստեղծման մոդելը և անվանեց միության նախագահի երկու թեկնածուների ազգանունները. վիրահայ հասարակությանը քաջածանոթ երաժիշտ-դաշնակահար Եսայի Աբովյան և նվագախմբի անդամ, երաժիշտ Արտեմ Կիրակոզով: Թեկնածուների գործունեության պլանի մասին լսելուց հետո նրանց ազգանունները դրվեցին քվեարկության, որին մասնակցեցին 29 երաժիշտներ: Գաղտնի քվեարկությամբ ձայները բաշխվեցին հետևյալ կերպ.Արտեմ Կիրակոզովը հավաքեց 18 ձայն, իսկ Եսայի Աբովյանին իր ձայնն էր տվել 11 մարդ: Այդպիսով, նորաստեղծ Վրաստանի հայ երաժիշտների միության նախագահ ընտրվեց Արտեմ Կիրակոզովը: Շնորհավորելով Արտեմ Կիրակոզովին Վրաստանի հայ երաժիշտների միության նախագահ ընտրվելու կապակցությամբ, Սրբազան Հայրը հանձնարարեց մի քանի օրից ներկայացնել և համաձայնեցնել գեղարվեստական խորհրդի և բաժինների ղեկավարների թեկնածուների ազգանունները: |