1

fb you od

PDF Տպել Էլ.փոստ

Ս. Գրիգոր և Նիկողայոս Սքանչելագործ Հայրապետների և Մյուռոն եպիսկոպոսի հիշատակության օր

 

Ս. Գրիգոր Սքանչելագործը ծնվել է Պոնտոսի (Սեբաստիա) Նեոկեսարիա քաղաքում ազնվականի ընտանիքում, շուրջ 210 թվականին: Գրիգորը մտադիր էր հմտանալ օրենսգիտության և հռետորության մեջ, սակայն Աստված նրա և իր եղբոր համար այլ ճանապարհ էր նախասահմանել. նրանք ուսանում են Աթենքում, ապա Պաղեստինյան Կեսարիայում`աշակերտելով այն ժամանակվա ամենահեղինակավոր քրիստոնյա մտավորականին` Որոգինեսին: Նեոկեսարիա վերադառնալով` նա ձեռնադրվում է քաղաքի եպիսկոպոս: Ավանդության համաձայն` Ս. Գրիգորի եպիսկոպոս ձեռնադրվելու օրերին Նեոկեսարիայում հազիվ 17 քրիստոնյա կար, իսկ մահվան օրերին` ընդամենը 17 հեթանոս: Իր անվան հետ կապված բազմաթիվ հրաշքների համար արժանացել է «Սքանչելագործ» մակդիրին: Ս. Գրիգորն աչալրջությամբ կառավարեց թե իրեն վստահված թեմն ու ժողովրդին, թե եղավ մեծ մատենագիր` թողնելով բազմաթիվ աստվածաբանական երկեր:
Նա վախճանվել է 270 թվականին խաղաղ մահվամբ:

Ս. Նիկողայոս Հայրապետը ծնվել է Փոքր Ասիայի Լիկիա գավառի Բաթարա քաղաքում (ներկայիս Անթալիայի մոտակայքում): Փոքր հասակից կորցնում է մեծահարուստ և բարեպաշտ ծնողներին և մեծանում իր քեռու` Նիկողայոս Երեց եպիսկոպոսի խնամքի ներքո: Ավետարանական պատգամը` <<Վաճառիր ունեցվածքդ և բաժանիր աղքատներին>>(հմմտ. Մտթ. ԺԹ 21), իր կյանքի նշանաբանն է դարձնում` խնամելով աղքատներին, հիվանդներին, բանտարկյալներին և որբերին: Ժողովրդի կամքով դառնում է Զմյուռնիայի եպիսկոպոսը: Հալածանքների ընթացքում աքսորվում է, սակայն չի դադարում ամենուր Ավետարանը քարոզելուց: Խաղաղություն վերահաստատվելուն պես վերադառնում է իր աթոռը, մասնակցում 325 թվականին Նիկիո Տիեզերաժողովին: Մահացել է 326 թվականին: Ընդհանրական Եկեղեցու ամենասիրված սրբերից է` առավելաբար հայտնի Սանտա Կլաուս անվամբ:

Ս. Մյուռոն եպիսկոպոսը ծնվել է մոտ 350 թվականին: Նա մեծ հրաշագործ էր` հայտնի իր ողորմությամբ և բարեգործությամբ: Քրիստոնյաների հալածանքների ժամանակ, երբ Ս. Մյուռոնը Կրետեի եպիսկոպոսն էր, քաջալերում և խրախուսում է բոլորին` ինքը ևս անհամբեր սպասելով նահատակության պսակն ստանալուն:  Սակայն Աստծո կամքով հասնում է մինչև խոր ծերություն` 100 տարեկանում ավարտելով իր բարեպաշտ կյանքը:

Նշման ամսաթիվը

22.11.2008
05.12.2009
27.11.2010
26.11.2011
24.11.2012
23.11.2013
22.11.2014
05.12.2015
26.11.2016
25.11.2017
24.11.2018
23.11.2019
05.12.2020
27.11.2021
26.11.2022
25.11.2023
23.11.2024
22.11.2025
05.12.2026
27.11.2027
25.11.2028
24.11.2029
23.11.2030