Սբ. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների ու Վիրապ մտնելու հիշատակության օր |
March |
Սբ. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների ու Վիրապ մտնելու հիշատակության օր
Հայ առաջին կաթողիկոս Սբ. Գրիգոր Լուսավորչին նվիրված երեք հիշատակության օրերից` տարվա մեջ առաջինն է: Ըստ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու տոնացույցի՝ նշվում է Մեծ պահքի 6-րդ կիրակիի նախորդ շաբաթ օրը: Տոնը կատարվում է ի հիշատակություն Խոր Վիրապում Սբ. Գրիգոր Լուսավորչի կրած չարչարանքների: Ըստ պատմական աղբյուրների` Սբ. Գրիգոր Լուսավորիչն Անակ Պարթև իշխանի որդին էր: Անակ Պարթևը սպանելով հայոց Արշակունի Խոսրով թագավորին, սպանվում է հայ իշխանների կողմից: Որդին՝ Գրիգորը, մեծանում և կրթություն է ստանում Կեսարիայում, դաստիարակվելով իբրև բարեպաշտ քրիստոնյա: Հետագայում դառնում է Խոսրով արքայի որդու՝ Տրդատ թագավորի արքունի դիվանապետը: Սակայն տեղեկանալով, որ Գրիգորը քրիստոնյա է, ինչպես նաեւ արքայասպան Անակի որդին, Տրդատ արքան նրան չարչարանքների է ենթարկում և նետում Խոր Վիրապի ստորգետնյա զնդանը: 4-րդ դարի ընդհանրական եկեղեցու Հովհան Ոսկեբերան հայրապետը Սբ. Գրիգոր Լուսավորչին նվիրված իր ներբողում գրել է. «Հիշեք և նրա համբերությունը խոր վիրապի մեջ, որքան էր նեղություններով դառնացած... Իսկ ո՞վ կարող է խոսքով պատմել երանելու անսահման ճգնության մասին, կամ օրինակով ցույց տալ նրա անտանելի նեղությունը, որ ապրում էր իժերի և քարբերի մեջ, որտեղ ոչ զրուցակից կար, ոչ վշտակցող բարեկամ, ոչ օգնական, ոչ մխիթարող եւ ոչ ծառայող: Նա համբերում էր մեծ ժուժկալությամբ, իբրև կենդանի դրված գերեզմանի մեջ, անտուն, մերկ, այնքան ժամանակ, գիշեր-ցերեկ, ամռան շոգին եւ ձմռան սառնամանիքին: Քանզի այս մարդը մոտ էր Աստծուն»: Խոր Վիրապում կրած 13 տարիների չարչարանքներից հետո Սբ. Գրիգոր Լուսավորչը դուրս գալով ստորգետնյա զնդանից, Քրիստոսի լույսն է տարածում հայոց աշխարհում, դառնալով պետականորեն ճանաչված Հայ եկեղեցու առաջին հովվապետը: Գրիգոր Լուսավորչի հիշատակը, իբրև համաքրիստոնեական սրբի, տոնում են նաև քրիստոնյա մյուս եկեղեցիները: Նշման ամսաթիվը08.03.2008 |