Վիրահայոց թեմում Սրբալույս մյուռոնով կատարվեց ջրօրհնեքի արարողություն |
2015 թվականի հոկտեմբերի 11-ին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի տնօրինությամբ, Թեմի եկեղեցիներում կատարվեց նորօրհնյալ մյուռոնով ջրօրհնեքի արարողություն: Ամենուրեք՝ համայնքներում, շրջաններում ու քաղաքներում հոգևոր հայրերի կողմից ջրի օրհնությանը մասնակցում էր բնակիչների հոծ բազմություն: Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ջուրն օրհնվեց նորանշանակ հոգևոր հովիվ Տեր Թորգոմ քահանա Վարդանյանի կողմից: Ախալքալաքի «Սուրբ Խաչ» եկեղեցում Սուրբ և Անմահ Պատարագից հետո ջրօրհնեքի կարգը կատարեցին Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանը և Տեր Տաթև քահանա Մարուքյանը, Արակովա գյուղի «Սուրբ Գևորգ» եկեղեցում՝ Տեր.Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանը : Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցում ջրի մյուռոնով օրհնությունը իրականացրեց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանը, իսկ Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում՝ Տեր Արարատ քահանա Գումբալյանը: Քվեմո Քարթլիի տարածաշրջանի Կարմիր գյուղի Սրբոց Ավետարանչաց մատուռում կիրակնօրյա Սուրբ Պատարագ մատուցեց և ջրօրհնեք կատարեց Մառնեուլիի շրջանի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը: Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնորդի հանդիսապետությամբ կիրակնօրյա Սուրբ Պատարագ մատուցեց եկեղեցու լուսարարապետ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը: Հավարտ Սբ. Պատարագի, Թեմակալ առաջնորդը դիմեց Եկեղեցում ներկա հավատացյալների բազմությանը: Սրբազան Հայրն ասաց, որ սեպտեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ օրհնված նոր` Հաղթության Սրբալույս Մյուռոնով այս օրերին բոլոր թեմերում կատարվում է ջրօրհնեք, որով բոլոր հավատացյալներին է փոխանցվում Եկեղեցու շուրջ համախմբվածության, միասնության և հավատքի ամրության օրհնությունը: Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նախագահությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ Սրբալույս մյուռոնով օրհնվեց ջուրը և բաժանվեց ժողովրդին: Հավատացյալները նորոգված հոգով, օրհնված ջուրը տարան իրենց հետ: |