Մարդկային արժեքներով գրքի շնորհանդես |
2015 թվականի ավանդական «Թբիլիսոբա» տոնը Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնում նշանավորվեց թբիլիսահայ ճանաչված մտավորական, վաստակաշատ մանկավարժ, հասարակական ակտիվ գործիչ, նվիրյալ հայորդի Աղասի Գևորգյանի «Լինենք բարի ու ազնիվ» բանաստեղծությունների ու քառյակների եռալեզու (հայերեն, վրացերեն, ռուսերեն) ժողովածուի շնորհանդեսով: Հոկտեմբերի 17-ին Կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում հավաքվել էին գրականության ու արվեստի հայ և վրացի գործիչներ, մտավորականներ, թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչներ: Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն, «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը բացելով միջոցառումը, անդրադարձ կատարեց մայրաքաղաք Թբիլիսիի ավանդական տոնին և շնորհավորեց բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարին «Թբիլիսիի պատվավոր քաղաքացի» տիտղոս ստանալու կապակցությամբ: Վիրահայ ընթերցասեր հասարակայնությանը ուսուցիչ-դասախոսի, հատկապես պատմաբանի գործունեությամբ հայտնի Աղասի Գևորգյանը ընթերցողի սեղանին դրեց իր անդրանիկ ժողովածուն՝ մատենագրության դիզայնով և «Լինենք բարի ու ազնիվ» վերնագիր- ուղերձով: Գիրքը նաև հեղինակի սրտի խոսքն է իր ընթերցողին, շրջապատի մարդկանց, հարազատներին ու ընտանիքի անդամներին: Աղասի Գևորգյանի գրական ստեղծագործական ասպարեզում հայտնվելու առիթով գնահատանքի խոսք ասաց բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Էմմա Ախտյանը: Գրքի հեղինակի՝ գեղարվեստական խոսքի միջոցով արտահայտված հույզերի, սկզբունքների ու մոտեցումների մասին կարծիքներ հայտնեցին Վրաստանի կրթության ու գիտության նախարարության ազգային փոքրամասնությունների ծրագրերի համակարգող Կարինե Մանուկյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Իրինա Կոբախիձեն, գրքի ռուսերեն թարգմանության հեղինակ, բանաստեղծուհի Մարինա Կիրակոսյանը, վրացերեն թարգմանության հեղինակ՝ Գարի Ղալամքարովը և ուրիշներ: Իսկ Վրաց Ուղղափառ Եկեղեցու Անդրեա նախավկայի անվան համալսարանի ռեկտոր Սերգո Վարդոսանիձեն հայ-վրացական հարաբերությունների զարգացմանը, հավատքին նվիրվածությանը, մարդկային արժեքների պահպանմանը նվիրված չափածո տողերը անվանեց Աղասի Գևորգյանի հավատո հանգանակը, նրա կյանքի իմաստը: -Ես գրող չեմ, ոչ էլ ստեղծագործող, սակայն մեկ տարի առաջ, մի գեղեցիկ օր, ներսից եկող ինչ-որ պահանջ ինձ ստիպեց ձեռքս գրիչ վերցնել ու մտքերս թղթին հանձնել» ահա այսպես սկսեց իր խոսքը գրքի հեղինակը: Կյանքի տարբեր ոլորտներում իրեն դրսևորած Աղասի Գևորգյանն իր շնորհակալությունը հայտնեց ներկաներին, թարգմանիչներին, հրատարակողներին, ընտանիքի անդամներին՝ իր սրտի խոսքը ընթերցողին ներկայացնելու գործում ցուցաբերած աջակցության համար: Վերջում օրհնության և գնահատանքի խոսք ասաց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Նա կոչ արեց հայ-վրացական բարեկամության, ժողովուրդների փոխհարաբերությունների տարեգրության միջոցով սերունդներին դաստիարակել ազնիվ ու բարի ապրելու Աստվածաշնչյան ոգով, որը գեղարվեստական տողով և այս ժողովածուով արել է ստեղծագործող Աղասի Գևորգյանը: Միջոցառմանը ուրախ շունչ հաղորդեցին Գևորգյան ընտանիքի թոռներն իրենց արտասանությամբ և պարով, հնչեցին նաև հատվածեր ժողովածուից տարբեր լեզուներով: Շնորհանդեսի մասնակիցները ստացան հեղինակի ստորագրությամբ գրքեր: |