1

fb you od

Երևանի կրթա-գիտական ինստիտուտի շնորհանդեսը «Հայարտուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ

DSC04 

2015 թվականի հոկտեմբերի 18-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնում կայացավ բարեկամության շնչով տոգորված մի հանդիպում, որի նպատակն էր երիտասարդության առջև բացել ևս մեկ բարձրագույն ուսումնական հաստատության դռները: Դա Տերնոպոլի Ազգային Տնտեսագիտական համալսարանի (Ուկրաինա) Երևանի կրթա-գիտական մասնաճյուղն է, որը կրթության այս օջախում սովորելու է հրավիրում ինչպես հանրային դպրոցների բարձրդասարանցիներին, այնպես էլ բարձրագույն կրթություն ստանալու նպատակ ունեցող դիմորդներին և մագիստրատուրայում իրենց մասնագիտական գիտելիքները խորացնելու բակալավրիատի շրջանավարտներին:

Գալուստ Գյուլբենկյանի սրահում հավաքվել էին հայ, վրացի և ուկրաինացի երիտասարդներ, նրանց ծնողները, դպրոցների շրջանավարտներ: Միջոցառումն իրենց ներկայությամբ պատվել էին Վրաստանում Ուկրաինայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Գիորգի Նազարովը, Տերնոպոլի Ազգային Տնտեսագիտական համալսարանի (Ուկրաինա) Երևանի կրթա-գիտական մասնաճյուղի տնօրեն Սահակ Ղուդրատյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը և ուրիշներ:

Ներկաներին ուրախ երաժշտական համարով ողջունեց վերը նշված բուհի ուսանողուհիների եռյակը:

Այնուհետև ներկաները դիտեցին Տերնոպոլի Ազգային Տնտեսագիտական համալսարանի (Ուկրաինա) Երևանի կրթա-գիտական մասնաճյուղի գործունեության մասին պատմող տեսաֆիլմը:

Երևանի մասնաճյուղի տնօրեն պարոն Ղուդրատյանն իր խոսքում անդրադարձ կատարեց մասնաճյուղի ստեղծման պատմությանը նշելով, որ Տերնոպոլի համալսարանը հիմնադրվել է 1966 թվականին, ունի 4-րդ կարգի լիազորագրություն: Այս բուհի դիպլոմը ճանաչվել է աշխարհի 82 երկրների կողմից և մասնակիցն է Բալոնյան համակարգի: Երևանի ինստիտուտի տնօրենը ներկաներին հանգամանալից ներկայացրեց 2001 թվականին Երևանում բացված այս ուսումնական հաստատության մասնաճյուղը, մանրամասն խոսեց ընդունելության, ուսումնառության մակարդակի, մասնաճյուղի ուսանողության առօրյայի և ստացած գիտելիքների մասին:

Բուհի տնօրենը պատասխանեց ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին բուհական մասնագիտություններին, ուսման վարձին, առաջարկած արտոնություններին, ուսումնառության լեզվին և դիպլոմին: Պարոն Ղուդրատյանը ներկայացրեց իրենց ինստիտուտի շրջանավարտ Խաչիկ Փափախչյանին՝ որպես Երևանի մասնաճյուղի ներկայացուցիչը Թբիլիսիում և հայտարարեց, որ մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 8-ը ուսումնական այս հաստատությունը շարունակում է ընդունելությունը և բուհի ներկայացուցիչը համակարգելու է ընդունվել ցանկացողների բոլոր խնդիրները:

Ուկրաինայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Գիորգի Նազարովը և Երևանի ուսումնա-գիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Ղուդրատյանը դիտեցին «Հայարտուն» կենտրոնը, լսեցին Թեմի մշակույթի բաժնի տնօրեն Լևոն Չիդիլյանի պատմածը կենտրոնի գործունեության մասին:Հյուրերը իրենց տպավորությունները և հիացմունքը կիսեցին «Հայարտուն» կենտրոնի ղեկավարության հետ:

DSC04257 DSC04268 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)