Էջմիածինցի նկարիչների ցուցահանդես Ախալցիխեում |
2015 թվականի նոյեմբերի 17-ին, USAID-ի Ախալցիխեի ժողովրդավարության ներգրավվման կենտրոնում հանդիսավորությամբ բացվեց ՀՀ ք. Էջմիածնի նկարիչների ցուցահանդեսը: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչները, Ախալցիխեի քաղաքապետարանի, շրջանային և տեղական ինքնավար մարմինների ղեկավարները, մշակույթի բաժնի աշխատակիցները, Ախալցիխեի հայ համայնքի անդամներ, արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ: Ցուցահանդեսն իրականացել է Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի և Վրաց Ուղղափառ Եկեղեցու Ախալքալաքի և Կումբուրդոյի միտրոպոլիտ Նիկոլոզ Փաճուաշվիլիի առաջարկությամբ և հրավերով, որը կատարվել է Թբիլիսում Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում Էջմիածնի նկարիչների աշխատանքների ցուցահանդեսի բացմանը: Էջմիածնի նկարիչների աշխատանքների ցուցադրությունը Ախալցիխեում ողջունեցին Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալցիխե քաղաքի հոգևոր հովիվ հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանը, «Վահրամ Գայֆեճյան» մշակույթի տան տնօրեն Ալեքսանդր Իգիթխանյանը, Էջմիածնի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պատասխանատու Ներսես Մելիքյանը և ուրիշներ: Ախալցիխեի քաղաքապետ Գիորգի Կոպաձեն բարձր գնահատելով ցուցահանդեսի կազմակերպումը հայտարարեց, որ նման միջոցառումները նպաստում են Ախալցիխեի հայ-վրացական մշակութային հարաբերությունների զարգացմանը և Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին հրավիրեց Ախալցիխե ժամանել ցանկացած ժամանակ, բարձրաձայնելով նրան ուղղված «Ախալցիխեոբա» տոնին ներկա գտնվելու հրավերը: Էջմիածնի նկարիչների ցուցահանդեսը Ախալցիխե քաղաքից դեկտեմբերի մեկին կտեղափոխվի Ախալքալաք և կցուցադրվի այնտեղ մինչև դեկտեմբերի 15-ը:
|