1

fb you od

Ալեքսանդր Մանթաշովի անվան կենտրոնի բացում Բաթումիում PDF Տպել Էլ.փոստ

DSC 

2015 թվականի դեկտեմբերի 5-ին, Բաթումիում պաշտոնապես բացվեց Վիրահայոց թեմի Ալեքսանդր Մանթաշովի անվան կրթա-մշակութային կենտրոն:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին Վիրահայոց թեմի առաջնորդարանի պատվիրակությունը՝ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և օրվա կապակցությամբ հատուկ Բաթումի ժամանած Ջինիշյան հիշատակի հիմնադրամի տնօրեն Արմեն Հակոբյանը, հոգևոր խորհրդական Տեր Պարույր քահանա Ավետիսյանը, Բաթումիի համայնքային գործիչներ, մտավորականներ հայ հասարակայնության ներկայացուցիչներ:

Կենտրոնի բացումը իրենց ներկայությամբ պատվել էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը, Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը, պաշտոնական այլ անձինք:

Կենտրոնի շենքը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության, ի մասնավորի Սփյուռքի նախարարության նյութական աջակցությամբ, վերանորոգման աշխատանքները կատարվել են Ջինիշյան հիմնադրամի հովանավորությամբ, իսկ ներքին հարդարումը և գույքը ձեռք է բերվել Վիրահայոց թեմի առաջնորդարանի և Սուրբ Փրկիչ եկեղեցու ծխական համայնքի միջոցներով:

Արարողությունը բացեց Վիրահայոց թեմի Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը: Բաթումի հայ համայնքի ներկայացուցիչներին կենտրոնի բացման կապակցությամբ շնորհավորեցին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը, Ջինիշյան հիմնադրամի տնօրենը: Բանախոսները կարևորեցին մեսրոպատառ հայերենի պահպանման, ազգային մշակույթի զարգացման, հայի ինքնության փոխանցման, հայ-վրացական բարեկամության խորացման առաքելությանը նպատակաուղղված կենտրոնի գործունեությունը: Երախտագիտության խոսքեր հնչեցին ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի իշխանությունների հասցեին՝ Վիրահայոց թեմի հոգևոր և կրթա-մշակութային գործունեությանը աջակցելու համար:

Գույնզգույն փուչիկներով ու գեղեցիկ ծաղիկներով զարդարված կենտրոնի ժապավենը կտրելուց և պատի ցուցատախտակը բացելուց հետո, Վիրահայոց թեմի առաջնորդի հանդիսապետությամբ կատարվեց տնօրհնեքի արարողություն:

Նորաստեղծ կենտրոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը հյուրերին ներկայացրեց ընդամենը մի քանի ամիս առաջ ձևավորված Ալեքսանդր Մանթաշով կենտրոնի աշխատանքները, որտեղ գործում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ նախակրթարանն իր 33 հայ մանուկներով, Մեսրոպ Մաշտոց հայերենի ուսուցման մեկօրյա դպրոցը՝ երկու դասարաններով և 50-ից ավելի աշակերտներով, «Մեր ապագան» երիտասարդական միությունը, «Աղբյուր» երգի, «Հեղնար» պարի, ասմունքի և դրամատիկական խմբակները, էլեկտրոնային լրատվամիջոցը, հոգեբանական դասընթացները և այլն: Ցուցադրվեցին կենտրոնի շենքի ստեղծման գործընթացը պատկերող սլայդներ և ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի՝ կենտրոնի աշխատակազմին և Բաթումի հայ համայնքին ուղղված շնորհավորանքի և բարեմաղթությունների տեսագրությունը:

Կենտրոնի սաների ուժերով և ուսուցիչների ջանքերով ներկայացված գրական-երաժշտական մոնտաժը դարձավ ազգային շնչով և հայեցի դաստիարակությամբ տոգորված կենտրոնի գործունեության առհավատչյան:

Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն և «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը կենտրոնին փոխանցեց ՀՀ Սփյուռքի նախարարության նվերը, իսկ «Հայարտան» կողմից՝ թբիլիսահայ մանրանկարիչներ Գոհար Հակոբյանի և Մերուժան Շահումյանի աշխատանքները:

12304513 847652922021371 8408967222373326679 o 12291732 847653052021358 1849650879697669157 o 12362781 847650045354992 8424213786189473679 o 

12314555 847656058687724 1084578975764542253 o 12356746 847661045353892 5698141918510488421 o 12314307 847663082020355 6082537837019325149 o 

12339610 847652088688121 1189459643753819967 o 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)