Նիկ Ակոպովի ստեղծագործական երեկոն Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում |
2015 թվականի դեկտեմբերի 12-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում հավաքվել էին ինչպես կինոյի սիրահարները, այնպես էլ չափածո խոսքի երկրպագուները: Դահլիճում տեղեր էին զբաղեցրել Վիրահայոց թեմի հոգևոր հայրերը՝ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ, առաջնորդարանի և «Հայարտուն» կենտրոնի աշխատակիցները, հայ, ռուս և վրացի մտավորականներ: Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի հերթական միջոցառումը նվիրված էր շնորհալի երիտասարդ Նիկ Ակոպովին, նրա տարբեր հետաքրքրությունների վերհանմանը: Նիկը հանդիսատեսին ներկայացավ իր չափածո խոսքով և նկարահանած ֆիլմերով: Փայլուն տիրապետելով ռուսերեն և վրացերեն լեզուներին, Նիկը բանաստեղծությունների միջոցով արտահայտել է իր սերը Վրաստանին ու Հայաստանին, Արցախին ու Ստեփանակերտին, Թբիլիսիին ու Երևանին: Սրտահույզ նրա չափածո խոսքը նաև ձոն է, սրտի խոսք, գովերգություն, ինչպես նաև կյանքի թերությունները, արատավորը վերացնելու դիմում, բարության կոչ: Լինելով հայի ճակատագրով, հայկական հետքով հետաքրքրվող անձ, Նիկ Ակոպովը բարձր գնահատելով Թբիլիսի քաղաքի տարեգրության հետազոտող, երջանկահիշատակ Սարգիս Դարչինյանի գործունեությունը, իր երախտագիտությունը արխիվարյուսին արտահայտել է նրա հիշատակին նվիրված վավերագրական ֆիլմով: Նրա ռեժիսորական շնորհալի ունակության արդյունք է նաև «Կորսված կյանք, բաց թողած երջանկություն» ֆիլմը, որը նվիրված է երիտասարդության գլխավոր հիմնախնդիրներից մեկին: Միջոցառումն ամփոփեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Սրբազանը բարձր գնահատեց կյանքի հիմնախնդիրների դեմ պայքարելու նրա կոչը, որը նաև մեծ սիրո արտահայտություն է: Թեմակալ առաջնորդն արժևորեց Նիկոլայ Ակոպովի գործունեությունը, տեսաֆիլմեր նկարահանելու նրա շնորհը և խորհուրդ տվեց շարունակել ռեժիսորական աշխատանքը: Երեկոյի ընթացքում ցուցադրվեցին Նիկ Ակոպովի նկարահանած երկու ֆիլմերը: Տպավորված Ակոպովի չափածո խոսքից, հանդիսատեսը մեծ սիրով ունկնդրեց նրա բանաստեղծությունները: |