1

fb you od

Խոնարհում հայ մեծ վիպասան Րաֆֆու հիշատակին PDF Տպել Էլ.փոստ

Raffi 

2015 թվականին լրացավ հայ մեծ վիպասան Րաֆֆու (Հակոբ Մելիք-Հակոբյան) ծննդյան 180-ամյակը: Ամբողջ տարվա ընթացքում մեծ գրողի և հասարակական ակտիվ գործչի հիշատակը տարբեր միջոցառումներով նշանավորվեց մայր հայրենիքում, անմասն չմնաց նաև Վրաստանը, ի մասնավորի Թբիլիսին, որտեղ ստեղծագործել և իր մահկանացուն է կնքել մեծ վիպասանը:

2015 թվականի դեկտեմբերի 20-ին, Վրաստանի հայ համայնք հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, հավարտ կիրակնօրյա սուրբ և անմահ Պատարագի, Վիրահայոց թեմի Մառնեուլիի շրջանի հայկական համայնքների հոգևոր հովիվ և Քվեմո Քարթլիի հոգևոր տեսուչ հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանի նախագահությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ, կատարվեց հոգեհանգստյան կարգ Րաֆֆու հոգու խաղաղության համար: Արարողակարգին ներկա էին Վրաստանի հայ համայնք հասարակական կազմակերպության նախագահ Սամվել Մկրտչյանը, լրատվական բաժնի պատասխանատու Սանդրո Օհանյանը, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի տնօրեն Լևոն Չիդիլյանը, Թեմի լրատվական բաժնի տնօրեն Սուսաննա Խաչատրյանը,իրավական հարցերի և պետության հետ համագործակցության բաժնի տնօրեն Միքայել Ավագյանը, համայնքային գործիչներ, բազում հավատացյալներ:

Հոգեշնորհ Հայր Սուրբը հիշատակի խոսք ասաց մեծ վիպասանի մասին, արժևորեց նրա գործունեոթյունը, մեծ հայրենասիրությունը և ազգային գաղափարախոսությունը:

Րաֆֆու աճյունը հանգչում է Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում: Սուրբ արարողությունից հետո Վրաստանի հայ համայնք կազմակերպության անդամները, «Հայարտուն» կենտրոնի աշխատակիցները, թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչները, այցելեցին Խոջիվանքի պանթեոն: Րաֆֆու շիրիմի մոտ Հայր Սուրբի հանդիսապետությամբ կատարվեց արարողություն, տարածվեց խնկաբույրը, ծաղիկներ խոնարհվեցին վիպասանի շիրիմին:

Հիշատակի խոսքով ներկաներին դիմեցին փոխառաջնորդը և Վրաստանի հայ համայնք կազմակերպության նախագահը:

Րաֆֆու ծննդյան 180-ամյակին էր նվիրված Լարիսա Խաչատրյանի կազմակերպած գրական մոնտաժը, որով հանդես եկան վերոնշյալ կազմակերպության երիտասարդները: Նրանց խոսքը վերաբերեց նաև Խոջիվանքի պանթեոնի պատմությանը, պանթեոնում հանգչող ազգի զավակներին:

IMGP0337 IMGP0341 IMGP0367 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)