Տարեվերջյան քահանայից ընդհանուր ժողով Ջավախքում |
Սույն թվականի դեկտեմբերի 21-ին Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունում տեղի ունեցավ տարեվերջյան քահանայից ընդհանուր ժողով, որին մասնակցում էր փոխանորդության ամբողջ հոգևոր դասը: Ժողովը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո խոսքը տրվեց Ախալցխայի հոգևոր տեսուչ Տեր Հակոբ աբեղա Սահակյանին, որը ներկայացրեց ժողովի օրակարգը: Ապա բացման խոսքով հանդես եկավ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը: Ժողովի ընթացքում քահանա հայրերը ներկայացրեցին իրենց հովվության ներկա իրավիճակը և հոգևոր-մշակութային, կրթական գործունեությունը: Հանգամանալից քննարկվեց և վերլուծվեց յուրաքանչյուր հովվությունից ներս կատարված գործնեության ձեռքբերումներն ու բացթողումները, որի արդյունքում առաջ քաշվեցին տարբեր առաջարկություններ էլ ավելի արդյունավետ հոգևոր-քարոզչական ծառայություն կատարելու համար: Ի մասնավորի, ժողովի քննարկմանը առաջնորդական փոխանորդի կողմից առաջ քաշվեց հովվություններում երիտասարդաց և տիկնանց միությունների առավել արդյունավետ գործնեության և ստեղծման հարցերը: Առաջնորդական փոխանորդն իր գնահատանքը հայտնեց հոգևոր դասին և իր փակման խոսքում շնորհակալություն հայտնեց ժրաջան աշխատանքի համար՝ մաղթելով էլ ավելի բարեբեր հոգևոր գործնեություն իրենց վստահված համայնքներից ներս: |