Ավարտվեց «Խաղաղության հիմնադրամի» երկամսյա դասընթացը |
«Խաղաղության հիմնադրամը» (նախագահ՝ Գիորգի Թումասյան) Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնի (ղեկավար՝ Լևոն Չիդիլյան) հետ համատեղ իրականացրեց «Վորկշոպ ազգային փոքրամասնությունների համար» նախագիծը, որի նպատակն էր Վրաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների քաղաքացիական ինքնագիտակցության և ինտեգրման մակարդակի բարձրացումը: Երկու ամիս շարունակ ուրբաթ օրերին կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում ընթանում էին ինչպես տեսական, այնպես էլ գործնական բնույթի հանդիպումներ: Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի նախաձեռնությամբ, հայ և այլազգի երիտասարդներ ունկնդրեցին դասախոսություններ մարդու, ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքների, պետական մոտեցումների, ազգային խտրականության և գործող օրենսդրության մասին: Բովանդակալից էին բանավեճ-քննարկումները և վարժանքները ՆԱՏՕ-ի և Եվրամիության ձևավորման, Վրաստանի՝ այդ կազմակերպություններին անդամակցության, Վրաստանի զինված ուժերի և դրանցում ազգային փոքրամասնությունների դերի, Ազգային Անվտանգության և տարածաշրջանային հակամարտությունների մասին: Նախագծի շրջանակներում «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացան հանդիպումներ Հանդուրժողականության և բազմազանության ինստիտուտի (TDI) տնօրեն Էկա Ճիթանավայի, Վրաստանի պաշտպանության նախարարության զինծառայող կապիտան Արմեն Առաքելյանի հետ: Դասընթացները վարում էր հիմնադրամի նախագահը: 2015 թվականի դեկտեմբերի 25-ին ավարտվեց Խաղաղության հիմնադրամի «Վորկշոպ ազգային փոքրամասնությունների համար»նախագիծը: Նախագիծը բարձր գնահատվեց մասնակիցների կողմից, դասընթացները որակավորվեցին որպես Վրաստանում քաղաքացիական հասարակության ձևավորման կարևոր լծակներից մեկը: Եզրափակիչ հանդիպումը հանրագումարեց հիմնադրամի նախագահ Գիորգի Թումասյանը: Նա շնորհակալություն հայտնեց «Հայարտուն» կենտրոնին և Թեմի երիտասարդական բաժնի տնօրեն Վալերի Բադալյանին ու համակարգող Նինա Սերոպովային՝ բարձրարժեք գործընկերության և Գալուստ Գյուլբենկյան սրահը տրամադրելու համար: Վերջում բոլոր մասնակիցները ստացան դասընթացն ունկնդրելու հավաստագիր: |