Բաթումիի «Մասիս» թիմը «Գիտակների ակումբ»-ի 2015 թվականի հաղթող |
2015 թվականի դեկտեմբերի 26-27-ը Վրաստանի «Գիտակներ ակումբի» (նախագահ՝ Արտակ Այվազյան) համար հետաքրքրություններով հագեցած մրցութային եռուն օրեր էին: Շուրջ երեք ամիս շարունակվող և գրեթե ամեն շաբաթ օր ընթացող մրցաշարը նորանոր թիմեր էր ներգրավում իր շուրջը: 2015 թվականի մրցույթին մասնակցեցին «Վասպուրական» թիմը՝ ավագ Դավիթ Խարազովի, «Մատյան գունդ» թիմը՝ Կարեն Հովհաննիսյանի, «Կիլիկիա» թիմը՝ Հրաչյա Սուրմալյանի, «Ուրարտու» թիմը՝ Հարություն Իրիցյանի, «Ալիքմեդիա» թիմը՝ Արսեն Խառատյանի գլխավորությամբ: Տրամաբանական մտածելակերպի և հետևողական դատողության վրա հիմնված հարցերը, որ այնքան ուշադիր որոնում և մրցակիցներին ներկայացնում է միջոցառման նախաձեռնողը և կազմակերպիչը, կոչված է բացահայտել մասնակիցների գիտելիքների խորությունը և լրացնել ներկաների իմացածը: Մրցույթին ընդգրկվեց նաև Բաթումիի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու «Մեր ապագան» երիտասարդական միության «Մասիս» թիմը՝ ավագ Պետրոս Աբրահամյանի գլխավորությամբ: Բաթումիից ժամանած թիմը 2015 թվականի դեկտեմբերի 26-ին,ամբողջա օրվա և դեկտեմբերի 27-ին, օրվա առաջին կեսին կարողացավ հանդիպել մրցաշարին ընդգրկված բոլոր թիմերի հետ, հավաքելով վարկանիշային ամենաբարձր միավորը և ձեռք բերելով եզրափակիչում հանդես գալու իրավունք: Դեկտեմբերի 27-ի երեկոյան, մրցաշարի եզրափակիչում «Մասիս« թիմը հանդիպեց 2014 թվականին հաղթող «Մատյան գունդ» թիմի հետ: Համառ և փոփոխական մրցախաղից հետո, լրացուցիչ տրամադրված հարցի ժամանակ «Մասիս» թիմը 1 միավորի տարբերությամբ հաղթեց «Մատյան գունդ» թիմին, նվաճելով 2015 թվականի «Գիտակների ակումբի» հաղթողի պատվավոր տիտղոսը: Մրցատյանի անդամ, «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը շնորհավորեց Բաթումիի «Մասիս» թիմին, բարձր գնահատեց մրցույթին ընդգրկվելու համար Թբիլիսի ժամանելու նրանց որոշումը և «Հայարտուն» կենտրոնի կողմից նվերներ փոխանցեց լավագույն խաղացողին, նաև թիմի բոլոր մասնակիցներին: «Մասիս» թիմի անունից թիմի ավագ Պետրոս Աբրահամյանը երախտիքի խոսքեր ուղղեց Վիրահայոց թեմի առաջնորդարանին, «Հայարտուն» կենտրոնին, Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցուն՝ Թբիլիսի ժամանելու և մրցույթին մասնակցելու հարցում թիմին ցուցաբերած աջակցության համար: Նա բարձրաձայնեց Բաթումիում նորերս բացված «Ալեքսանդր Մանթաշով» կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնում նման մրցույթ կազմակերպելու «Մեր ապագան» երիտասարդական միության մտադրության մասին:՝ «Գիտակների ակումբը» նոր՝ 2016 թվականի «Բրեյն-ռինգ» մրցաշարը կսկսի 2016 թվականի գարնանը: |