Տոնական համերգ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում |
2015 թվականի դեկտեմբերի 26-ին Վիրահայոց թեմի Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակը լեցուն էր երեխաներով, որոնք եկել էին մասնակցելու Ամանորին և Սուրբ Ծննդյանը նվիրված ցուցահանդեսին և կայանալիք տոնական համերգին, որը վարում էին Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության երիտասարդական միության անդամներ՝ Հարություն Կարախանյանը և Անահիտ Բարբառյանը: Իրենց գեղեցիկ ելույթներով համերգը զարդարեցին Վաչիանի և Բարալեթի պարային համույթները՝ գեղարվեստական ղեկավար և պարուսույց ազգագրական պարերի անփոխարինելի կատարող Նասլետ Քեյան: Միջոցառմանը հանդես եկան նաև Ջավախքի առաջնորդական փոխանորդության կիրակնօրյա դպրոցի սաները և անհատ կատարողներ: Իր կատարումներով համերգին էլ ավելի մեծ շուք տվեց Ախալքալաքի վրացական հանրային դպրոցի պարային խումբը՝ գեղարվեստական ղեկավար և պարուսույց Գիորգի Մետրևելի: Միջոցառմանը իրենց օրհնությունը բերեցին Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը և Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանը: Միջոցառումը ավելի պայծառ գույներով լցվեց, երբ երեխաներին անակնկալ հյուր եկան հեքիաթային հերոսները և Ձմեռ Պապիկը, որոնք իրենց հետ բերել էին գույնզգույն փուչիկներ և ամանորյա նվերներ: |