Ավանդական գաթայի փառատոն՝ Վիրահայոց թեմում |
Վիրահայոց թեմում բարի ավանդույթ է դարձել Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը նշանավորել հայկական գաթայի փառատոնով: 2016 թվականի հունվարի 6 –ին , Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությամբ ու «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ, Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ հայկական գաթայի փառատոնը: Դահլիճի երկայնքով շարված սեղանները զարդարված էին թբիլիսահայ տիկնանց հմուտ ձեռքերով և սրտի ջերմությամբ պատրաստված գաթայի տարբեր տեսակներով: Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը օրհնեց սեղանները, ներկաներին շնորհավորեց Սուրբծննդյան տոնի առիթով ու փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդի բարեմաղթանքները: Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախագահ Սուսաննա Խաչատրյանը, անդրադարձ կատարելով հայկական ավանդական գաթայի տարատեսակներին և ըստ տեղանքի նրանց տարբերություններին, կարևորեց սերունդներին մեր ավանդույթները փոխանցելու անհրաժեշտությունը: Նա շնորհակալություն հայտնեց թբիլիսահայ տիկնանց գաթայի փառատոնին մասնակցության համար: Հայկական գաթայով հյուրասիրությունն ընթացավ «Հայարտուն» կենտրոնի «Ներսես Շնորհալի» երգչախմբի (խմբավար՝ Մարիա Աբուլյան, դաշնակահար՝ Կարեն Միրզոյան), մենակատարներ Անի Հովհաննիսյանի, Մարիաննա Սահակյանի, Լիզա Թորոսյանի, Ռուզաննա Միքայելյանի, Սոֆա Ոսկանյանի, Իննա Ազիզբեկյանի և մյուսների գեղեցիկ կատարումների ուղեկցությամբ: «Գաթա-2016» փառատոնը, որին ներկա էին նաև բազում այլազգիներ, ընթացավ ուրախ երգ –երաժշտությամբ, լրացնելով ներկաների տոնական տրամադրությունը: |