1

fb you od

Սուրբ Սարգիս զորավարի տոնը Վիրահայոց թեմում PDF Տպել Էլ.փոստ

DSC05133 

Սուրբ Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինակիցների հիշատակության օրը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շարժական տոներից է: 2016 թվականին այն նշվեց հունվարի 23-ին: Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի հանդիսապետությամբ, Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Նինոծմինդայի Սուրբ Սարգիս և Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցինում տոնակատարությունը սկսվեց հունվարի 22-ին երեկոյան ժամերգությունից հետո քրիստոնեական հավատքի համար նահատակված սրբոց հիշատակին նվիրված նախատոնականով: Հունվարի 23-ին տոնը շարունակվեց եկեղեցիներում մատուցված Սուրբ և Անմահ Պատարագներով և Ախալքալաքի շրջանի Դիլիսկայի Սուրբ Սարգիս և Ախալցիխեի շրջանի Սազելի Սուրբ Սարգիս եկեղեցիներ կատարված ուխտագնացություններով:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ հայրապետի բարձր տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Հավարտ երեկոյան ժամերգության տեղերում կատարվեց երիտասարդների օրհնության կարգ:

Սուրբ Սարգիսը նաև Սիրո բարեխոսն է: Հավատարիմ մնալով ժողովրդական ավանդույթին, նախատոնակի արարողության վերջում երիտասարդները ստացան աղի բլիթներ, որի հետ կապում են իրենց երազահայտնությունը:

Թբիլիսահայության շրջանում հաստատված ավանդույթի համաձայն, Սուրբ Սարգսի տոնակատարությունը սկսվում է Սրբի անունը կրող մատուռ ուխտագնացությամբ: Հունվարի 22-ին, հավաքվելով Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում, Սուրբ Գևորգ և Սուրբ Էջմիածին եկեղեցիների հոգևոր հայրերի առաջնորդությամբ, սրբապատկերներով և խաչվառներով, շարականների երգեցողությամբ խաչերթն ուղղվեց դեպի Խարփուխի Սուրբ Սարգիս մատուռը:

Բազմամարդ թափորը, որտեղ գերակշռում էին երիտասարդները, հինավուրց մատուռի ավերակների մոտ աղոթք անելուց և մոմեր վառելուց հետո խաչերթով հասավ Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի, որտեղ թափորին միացան հարյուրավոր հավատացյալներ:

Հավատացյալներով լեփ-լեցուն եկեղեցում տեղի ունեցավ երեկոյան ժամերգություն և նախատոնակ: Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը օծեց երիտասարդ նկարիչներ Գայանեի և Ռոզայի Սուրբ Աստվածածին և Սուրբ Սարգիս կտավները, որոնք տեղադրվելու են Մառնեուլի շրջանի Շահումյանի վերանորոգված եկեղեցում: Երիտասարդության օրհնության կարգից հետո նրանց բաժանվեցին աղի բլիթներ:

Հունվարի 23-ին Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց տոնական Սուրբ Պատարագ: Հընթացս Պատարագի, պատարագիչ Տեր Հուսիկ քահանա Հարությունյանը հավուր պատշաճի քարոզ խոսեց,մեկնելով օրվա խորհուրդը և Սուրբ Սարգիս բարեխոսի օրհնությամբ երիտասարդությանը մաղթեց երջանկություն, հավատացյալներին առողջություն:

Նույն օրը Մառնեուլի շրջանի հայկական համայնքների հոգևոր հովիվ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը, Շահումյանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Սարգսի հիշատակին մատուցեց Սուրբ Պատարագ: Հավարտ Պատարագի հոգեշնորհ Հայր Սուրբը եկեղեցուն փոխանցեց առաջնորդի կողմից օծված Սուրբ Սարգսի և Աստվածամոր սրբապատկերները:

Վիրահայոց թեմն իր շնորհակալությունն է հայտնում Վրաստանի ներքին գործերի նախարարության ճանապարհային ոստիկանության ծառայությանը՝ Թբիլիսիում հավատացյալների խաչերթին ուղեկցելու և երթևեկային ճանապարհով խաղաղ ընթացքն ապահովելու համար:

 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)