1

fb you od

Հայոց բանակի տոնը Թբիլիսիում PDF Տպել Էլ.փոստ

DSC05 

Հայոց բանակի օրվա տոնակատարությունը Թբիլիսիում, Վրաստանում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանի նախաձեռնությամբ մեկնարկեց Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում հանգչող հայազգի գեներալների շիրիմներին այցելությամբ:

2016 թվականի հունվարի 27-ին, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը, դեսպանության դիվանագետները Վիրահայոց թեմի պաշտոնեության և հոգևոր դասի ընկերակցությամբ և թբիլիսահայ ներկայացուցիչների մասնակցությամբ Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում մոմեր վառեցին և աղոթք բարձրացրին բոլոր ժամանակներում և տարբեր երկրներում նահատակված հայ զինվորների հիշատակին:

Վիրահայոց թեմի Քվեմո Քարթլիի հոգևոր հովիվ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանի նախագահությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ Եկեղեցու բակում հանգչող հայազգի գեներալներ Միխայիլ Լորիս-Մելիքովի, Իվան Լազարևի, Բորիս Շելկովնիկովի, Արզաս Տեր-Ղուկասովի շիրիմների մոտ կատարվեց հոգեհանգստյան կարգ. տարածվեց խնկաբույրն ու խոնարհվեցին ծաղիկներ ազգի արժանավոր զավակների տապանաքարերին:

Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը, խոսելով օրվա խորհրդի մասին, հայոց բանակին առաջընթաց, զինվորին՝ ամուր կամք և խաղաղ ծառայություն, ծնողներին՝ համբերություն և հայրենասեր որդիների առողջ վերադարձ մաղթեց:

Իրենց ելույթներում Վրաստանում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանը և հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը անդրադարձ կատարեցին հայոց բանակի հաղթական ուղուն, արժեվորեցին հայ զինվորների ծառայությունը, որոնք անձնվիրաբար պահպանում են երկրի սահմանները, ապահովում ազգի և հայրենիքի անդորրը: Շեշտվեց, որ հայոց պետականության բացակայության պայմաններում երբեմնի Թիֆլիսի տաղանդավոր հայ զինվորականության աստղաբույլի ներկայացուցիչները ոչ միայն իրենց ծառայությունն էին մատուցում Ռուսական կայսրությանը, այլև ռուս-թուրքական պատերազմների ընթացքում մասնակցում էին հինավուրց հայկական բնակավայրերի ազատագրությանը և օժանդակում նաև հայությանը: Եվ նաև այդ զինվորականության ներկայացուցիչներից էին, որ հետագայում մաս կազմեցին մեր առաջին հանրապետության ԶՈՒ սպայակազմին և պատմական հաղթանակներ պարգևեցին հայրենիքին:

Նույն օրը երեկոյան,«Սամի Սաուկունե»՛ հանդիսասրահում Վրաստանում ՀՀ դեսպանի և ռազմական կցորդի կողմից կազմակերպվեց պաշտոնական ընդունելություն՝ նվիրված ՀՀ Զինված Ուժերի կազմավորման 24-րդ տարեդարձին:

Տոնական միջոցառմանը ներկա էին Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղեկալ Դավիթ Էբրալիձեն, ՊՆ տեղակալ Աննա Դոլիձեն, ԶՈՒ Գլխավոր Շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն, ՊՆ և ԶՈՒ ԳՇ կարևորագույն վարչությունների և ծառայությունների պետեր, Վրաստանում հավատարմագրված տարբեր երկրների դիվանագետներ և ռազմադիվանագիտական կորպուսը՝ հանձինս ԱՄՆՙ, Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի, Գերմանիայի, Չինաստանի, Ղազախստանի, Հունաստանի, Չեխիայի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի, Ուկրաինայի ռազմական և այլ կցորդների, վրաց ռազմական փորձագետների և ԶԼՄ-ների թղթակիցների, համայնքային կառույցների ներկայացուցիչներ, կղերից դասը և այլ հյուրեր:

Երկու երկրների պետական դրոշներով զարդարված դահլիճում հնչեցին ՀՀ և Վրաստանի պետական հիմները՝ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի «Ներսես Շնորհալի» մանկական երգչախմբի կատարմամբ (խմբավար՝ Մարիա Աբուլյան, դաշնակահար՝ Կարեն Միրզոյան):

Վրաստանում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանը ներկաներին շնորհավորեց Հայոց բանակի կազմավորման 24-րդ տարեդարձի կապակցությամբ՝ ողջույնի խոսքում ներկայացնելով ՀՀ ԶՈՒ վերակազմավորման ամփոփ պատմականը և հայ-վրացական դարավոր զինակցության դրվագներ: Բանախոսը անդրադարձ կատարեց հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամությանը, կարևորեց երկու ժողովուրդների համատեղ ուժերով արտաքին թշնամուն դիմակայելու, միմյանց նեցուկ կանգնելու պատմական դրվագները, որոնց արդյունքում քրիստոնյա հինավուրց ազգերը կարողացել են պահպանել իրենց ինքնությունն ու վերականգնել կորցրած անկախությունը:

Երկկողմ ռազմական համագործակցության զարգացման ոգով ելույթ ունեցավ Վրաստանի ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն, ով իր ջերմ շնորհավորանքները հայտնեց ՀՀ ԶՈՒ տարեդարձի կապակցությամբ: ՛՛Բանակն է երկրի պետականության երաշխիքը, բանակն է երկրի սահմանների աննկուն պաշտպանը, բանակն է ազգի հարատևության գրավականը՛՛, - ԶՈՒ բոլոր ծառայողներին խաղաղ երկնակամար և անվտանգ ծառայություն մաղթեց Վրաստանի ԶՈՒ ԳՇ պետը:

Առաջին հանրապետության բանակի ՛՛Հառաջ, նահատակ՛՛ քայլերգի կատարումից հետո պատվավոր հյուրերի ձեռամբ իրականացվեց նաև ՀՀ ԶՈՒ զինանշանով տորթի կտրումը, ինչին հետևեց պաշտոնական հյուրասիրությունը հայոց ազգային և ռազմական երգերի ուղեկցությամբ:

Հայոց բանակի օրվա տոնակատարությունը դարձավ երկու ժողովուրդների բարեկամության գեղեցիկ էջ: 

DSC05253 DSC05289 DSC05290