«Հարիսայի փառատոն»` Բուն Բարեկենդանին |
2016 թվականի փետրվարի 7-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացավ ավանդական «Հարիսայի» փառատոնը: Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի առաջնորդարանի աջակցությամբ իրականացվող այս միջոցառումը տարեցտարի ընդարձակվելով, վեր է ածվում ժողովրդական տոնահանդեսի, որին հայ կինը ներկայանում է տանտիրուհու իր հմտությամբ: Տարիներ ի վեր սույն փառատոնը նվիրվում է Բուն Բարեկենդանին: «Հարիսայի փառատոնին» ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդականներ Կարեն Մելիքյանը և Կարեն Պարունակյանը, հյուպատոս Իրեն Տեր-Հովհաննիսյանը և դեսպանության 2-րդ խորհրդական Էլինա Մկրտչյանը, Վրաստանի կանանց խորհրդի անդամները, Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր դասը, համայնքային կառույցների ղեկավարներ, բազում հավատացյալներ: Միջոցառումը մեկնարկեց հարիսայի հայկական ավանդական ճաշ լինելու և այս կերակրատեսակի պատմական խորհրդի մասին Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախագահ Սուսաննա Խաչատրյանի խոսքով: Բանախոսը երախտագիտություն հայտնեց Սուրբ Էջմիածին եկեղեցու խաչքավոր Կարեն Սարգսյանին, արժանավոր հայորդիներ Վլադիմիր Պողոսովին, Ժոֆրե Հարությունյանին, Ասյա Ուսոևային, Ժաննա Դավթյանին, Սիլվա Հակոբյանին և մյուսներին, ովքեր աջակցել էին փառատոնի անցկացմանը, բարձր գնահատեց «Շուշանիկ» միության անդամներին, ովքեր ներկայացել էին հարիսայի կաթսաներով: Վիրահայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն արժևորեց կանանց միության գործունեությունը, որի նպատակայինը Վրաստանում հայ մշակույթի մաս հանդիսացող հայկական խոհանոցի պահպանումն է, ազգային ավանդույթների փոխանցումը սերունդներին և հայի ինքնությունը պահպանելը: Սրբազան հայրը ներկաներին շնորհավորեց Բուն Բարեկենդանի տոնի առիթով և ուժ ու կորով մաղթեց Մեծ Պահքի օրերը հավատով եւ սիրով անցկացնելու համար: Երկու տասնյակից ավելի բուրումնավետ հարիսայով կաթսաները սպասում էին իրենց համտեսողներին: Թեմակալ առաջնորդի կողմից հարիսայի օրհնությունից հետո, այն բաժանվեց ժողովրդին: Հյուրասիրությունն ընթացավ «Հայարտուն» մշակույթի կենտրոնի ստեղծագործական խմբերի և անհատ կատարողների մասնակցությամբ գեղեցիկ համերգով, օրը դարձնելով հիրավի տոնական: |