Բանակի օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց Ս.Պատարագ |
Հունվարի 27-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում Հայոց բանակի օրվա կապակցությամբ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայակազմը, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդության սպասավորներ ու զինվորներ: Պատարագի արարողության ավարտին, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հանրապետական մաղթանք, որի ժամանակ միասնական աղոթք բարձրացվեց Հայրենիքի և Հայոց բանակի անսասանության և հաղթական ընթացքի համար: Ապա Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում կատարվեց պարգևաբաշխություն: «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո ներս բերվեց Հայրապետական Սրբատառ կոնդակը, որն ընթերցեց Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն, Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Ընդունելության ժամանակ ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով զինծառայողների հոգևոր և հայրենասիրական դաստիարակության գործում զգալի ավանդի համար, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ կազմավորման 24-րդ տարեդարձի առիթով մի շարք եկեղեցականներ արժանացան խրախուսանքի: «Անդրանիկ Օզանյան» մեդալով պարգևատրվեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Շնորհաբաշխությունից հետո խոսքով հանդես եկավ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` մեծ պատիվ համարելով յուրաքանչյուր տարի Բանակի տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գտնվելը և Վեհափառ Հայրապետի օրհնության արժանանալը: Վերջում Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետն իր գնահատանքի ու օրհնության խոսքը բերեց ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայակազմին` Բանակի օրվա կապակցությամբ շնորհավորելով Պաշտպանության նախարարին և զինվորականներին: |