1

fb you od

Խոնարհում Ամենայն հայոց բանաստեղծի հիշատակին PDF Տպել Էլ.փոստ

Tumanyan 

Փետրվարի 19-ը Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի նախաձեռնությամբ և Թեմի առաջնորդարանի աջակցությամբ, ավանդույթ է դարձել ամեն տարի այդ օրը այցելել Հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն և ծաղիկներ խոնարհել Մեծ Լոռեցու գերեզմանին: Այդպես էր նաև այս տարի:

Միջոցառմանը ներկա թբիլիսահայության շրջանում էին գրող-թարգմանիչ Գիվի Շահնազարը,բանաստեղծուհի Մարինա Մոսեսովա-Կիրակոսյանը, թիվ 104 հայոց հանրային դպրոցի տնօրեն Իրինա Ժամկոչյանը, Վրաստանի հայ մտավորականների միության նախագահ Ենոք Թադևոսյանը, պատմաբան Նորայր Բաղդասարյանը, Թեմի պաշտոնեությունը, համայնքային կառույցների ղեկավարներ, ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ:

Հովհաննես Թումանյանի գերեզմանը ծաղիկներով զարդարելուց և այստեղ հանգչող մյուս մեծերի տապանաքարերին ծաղիկներ խոնարհելուց հետո, Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր դասի մասնակցությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ:

Ժողովրդական բանաստեղծի հիշատակին էր նվիրված մայրաքաղաքի թիվ 104 հանրային դպրոցի 8-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ, հայոց լեզվի և գրականության վաստակաշատ ուսուցչուհի Կարինե Հովհաննիսյանի կազմակերպած գրական-երաժշտական մոնտաժը:

Գեղեցիկ խոսքով, հիանալի արտասանություններով, թումանյանական պոեզիայից երգերի շնորհալի կատարումներով, աշակերտները ներկայացրեցին Հովհաննես Թումանյան ստեղծագործողի, ազգային և հասարակական մեծ գործչի, ազգի արժանավոր զավակի և նվիրյալ հայրենասերի կյանքի ուղին, ներկաներին փոխադրեցին թումանյանական միշտ արդիական, հուզախառն ու նվիրական ստեղծագործական աշխարհը, արժանանալով ներկաների բարձր գնահատականին:

Անդրադարձ կատարվեց նաև տարիներ առաջ երջանկահիշատակ  Լևոն Անանյանի՝   Հովհաննես Թումանյանի  ծննդյան օրը գիրք  նվիրելու նախաձեռնությանը և դպրոցականները ներկաներին նվիրեցին իրենց հետ բերած գրքերը:

Հավարտ արարողության դիմելով  ներկաներին,  Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր ծառայող Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը երախտագիտության խոսքեր ուղղեց հայոց դպրոցի տնօրինությանը և ուսուցչուհուն՝ ազգի մեծերի հիշատակը պահելու, միշտ արդիական թումանյանական գաղափարները սերունդներին փոխանցելու և ավանդական դարձած միջոցառմանը ակտիվորեն մասնակցելու համար:

DSC05532 DSC05526 DSC05545 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)