1

fb you od

Լուսանկարների ցուցահանդես և դաշնամուրի հիանալի նվագ «Հայարտուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ

Stelmashov 

2016 թվականի փետրվարի 20-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի հերթական միջոցառումը ջավախքաբնակ Կարեն Ստելմաշովի ֆոտո-ցուցահանդեսն էր և նրա 9-ամյա դստեր՝Անահիտ Ստելմաշովայի երաժշտական հաջողությունների ցուցադրումը:

Գալուստ Գյուլբենկյան դահլիճը լեփ-լեցուն էր հայ, ռուս, վրացի այցելուներով, ովքեր իրենց հիացմունքը չէին թաքցնում սրահի պատերը զարդարող շնորհաշատ սիրողական լուսանկարչի հարուստ հավաքածուից ներկայացված աշխատանքներից: Դրանք բնության հազվագյուտ պահերը, բնավորության արտահայտությունները, հուզաշխարհի պոռթկումները, անցյալի և արդիականի ներդաշնակումը, մարդկայինի և կենսականի համադրումը ցուցադրող լուսանկարներ էին :

Ցուցահանդեսն իրենց ներկայությամբ պատվել էին Վրաստանում ՀՀ դեսպանի տիկին Էլեոնորա Վարդանյանը, հյուպատոս Իրինա Տեր-Հովհաննիսյանը, մշակույթի գծով խորհրդական Էլինա Մկրտչյանը, Վրաց Ուղղափառ Եկեղեցու Ախալքալաքի և Կումբուրդոյի միտրոպոլիտ Նիկոլոզ Փաճուաշվիլին, Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Նինո Քաթամաձեն, երաժիշտ Նինո Կուպատաձեն, արվեստի երկրպագուներ, հասարակայնության ներկայացուցիչներ:

Իրենց ելույթներում Վրաստանի նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը և ճանաչված արհեստավարժ լուսանկարիչ Յուրի Մեչիտովը կարևորեցին իրավաբան Կարեն Ստելմաշովի լուսանկարչական սարքի հետ աշխատանքը և լուսանկարների հենքը. լուսավորության տարբեր ճառագայթումներով, դիտման տեսանկյունների ճիշտ ընտրությամբ, պահի բովանդակության ակնթարթային դրոշմամբ աշխատանքը: Միանշանակ ընդգծվեց հեղինակի կողմից դիտողին մտածելու, նկարի բովանդակությունը հասկանալու հանգամանքը:

Ուշագրավ էր Ստելմաշով ընտանիքի կրտսեր անդամի դաշնամուրային նվագը: Վեց տարեկանից դաշնամուրի ստեղնաշարը ճանաչող Անահիտ Ստելմաշովան 9-տարեկան հասակում իր փոքրիկ մատների վարժ շարժումներով հսկա նվագարանը դարձնում էր խաղալիք, հնչեցնելով Բախի, Ցաբաձեի, Ցինցաձեի, դոկտոր Գրադուսի, Պաուլ Դեզմոնդի ստեղծագործությունները:

Վրաստանի արվեստի գործիչների միության նախագահ Նինո Կուպատաձեն հպարտությամբ արձանագրեց հանրապետական մրցույթում մրցատյանին զարմացրած և հիացրած փոքրիկ աղջնակի զարմանալի ընդունակությունները, 2015 թվականի հունիսին «Ապագայի աստղեր» միջազգային մրցույթին Անահիտ Ստելմաշովայի մասնակցությունը և Թբիլիսիի ու Թուրքիայի Մարմարիս քաղաքների դափնեկիր դառնալը: Պրոֆեսոր Նինո Քաթամաձեն համոզմունք հայտնեց, որ «Մեկ երկնքի տակ» փառաատոնի մասնակից և հաղթող Անահիտ Ստելմաշովան իր խոստումնալից կարողությամբ կշարունակի զարմացնել ունկնդրին:

Վրաց Ուղղափառ Եկեղեցու Ախալքալաքի և Կումբուրդոյի միտրոպոլիտ Նիկոլոզ Փաճուաշվիլու խոսքը Ախալքալաքում ճանաչված և հարգված Ստելմաշով ընտանիքի մասին էր, ընդգծելով մատաղ սերնդի դաստիարակության գործում տեղի երաժշտական դպրոցի դերը, որի հիմնադիր տնօրենը եղել է Վերա Ստելմաշովան, իսկ ընտանիքի ավագ Վալերի Ստելմաշովն այսօր էլ իր անդուլ աշխատանքով ղեկավարում է տարածաշրջանում մշակույթի զարգացման գործը:

Երեկոն հիացմունք և մեծ բավականություն առաջացրեց ցուցահանդեսը դիտողների և մանկահասակ աղջնակի դաշնամուրային նվագը լսողների շրջանում: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)