Հայոց ցեղասպանության Վրաստանի հանձնախմբի և Վիրահայոց թեմի աշխատանքների հաշվետվությունը |
2016 թվականի փետրվարի 26-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող տարածաշրջանային Վրաստանի հանձնախմբի 2015 թվականի գործունեության և Վիրահայոց թեմի կատարած աշխատանքների տարեկան հաշվետու ժողովը: Ժողովն իր ներկայությամբ պատվել էր Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Յուրի Վարդանյանը: Ժողովին ներկա էին հանձնախմբի անդամները Ախալքալաքից, Նինոծմինդայից, Ախալցիխեից, Ծալկայից, Բաթումից և Թբիլիսիից, «Հայարտուն» կենտրոնի խորհրդի անդամները, Վիրահայոց թեմի հոգևոր դասը, Առաջնորդարանի պաշտոնեությունը: Տերունական աղոթքից և Վիրահայոց թեմի առաջնորդի օրհությունից հետո ժողովը ձեռնամուխ եղավ աշխատանքին: Հանձնախմբի քարտուղար Գիսանե Հովսեփյանը մանրակրկիտ ներկայացրեց Վրաստանի հայաբնակ տարածաշրջաններում իրականացված 100-ից ավելի ոգեկոչման միջոցառումները., ընդորում կազմակերպվել է 10 ցուցահանդես, մշակութային 20 միջոցառում, անց է կացվել հիշատակի 8 երեկո, տեղադրվել է 12 խաչքար, Վրաստանի խորհրդարանում Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու կոչով հանդես են եկել հայազգի պատգամավորները, քույր եկեղեցիներում նահատակների հոգու խաղաղության համար բարձրացվել է միասնական աղոթք, կայացել է գրքի 7 շնորհանդեսներ, պահանջատիրական 11 քայլերթ, Տիգրան Համասյանի համերգը Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում և այլն: Զեկուցումից հետո խոսքով հանդես եկան ինչպես հանձնախմբի անդամները, այնպես էլ ժողովի մասնակիցները: Ելույթ ունեցողները դրական գնահատեցին հանձնախմբի կատարած աշխատանքները: Իր ելույթում գնահատելով հանձնախմբի աշխատանքը, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը նաև անդրադարձ կատարեց թատրոնի վերանորոգման հարցին: Ներկաները տեղեկացան, որ հետազոտական աշխատանքներն ընթանում են և ապրիլին կսկսվի թատրոնի հիմնանորոգումը: Այդ աշխատանքները նախատեսվում է ավարտել մեկ ու կես տարում: Հանձնախմբի նախագահ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի առաջարկով որոշվեց, որ հանձնախումբն այսուհետև գործի համայնքային խորհրդակցական մարմնի կարգավիճակով: Առաջարկվեց ընդարձակել խորհրդակցական մարմնի կազմը, հավելել այն իրավաբաններով և անհրաժեշտ մասնագետներով: Ժողովի ընթացքում ներկայացվեց նաև հանձնախմբի գործունեության ֆինանսական հաշվետվությունը: 2015 թվականին Վիրահայոց Թեմի գործունեությունը համապարփակ ներկայացրեց թեմի մամլո և լրատվության բաժնի տնօրեն Սուսաննա Խաչատրյանը: Ներկաներն իրենց գնահատանքն արտահայտեցին կատարված աշխատանքների վերաբերյալ: Առաջարկվեց առավել ուշադրություն հատկացնել Թբիլիսիում և Բաթումիում հայկական դպրոցները աշակերտներով ապահովելու խնդրին: Ելույթ ունեցողների կողմից դիտարկվեց առաջընթաց թե՝ հոգևոր սպասավորների և թե՝ Առաջնորդարանի աշխատակազմի կողմից Թեմի հոգևոր-կրոնական, կրթա-մշակութային, երիտասարդական, տեղեկատվական և քարոզչական մեկամյա գործունեության մեջ: Ամփոփիչ խոսքով հանդես եկավ Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը: Պարոն դեսպանն արժևորեց Վրաստանի հանձնախմբի լավագույնս կազմակերպված գործունեությունը և ընդգծեց Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից Վրաստանի տարածաշրջանային հանձնախմբի շնորհակալագիրը, որը տրվել է հանձնախմբի նախագահին: Վիրահայոց թեմի առաջնորդն իր օրհնությունը փոխանցեց Թեմի հոգևոր դասին: Բարձր գնահատական տվեց Թեմի պաշտոնեությանը ՝ կատարած աշխատանքների համար և հորդորեց առավել արդյունավետ և նպատակասլաց ծառայել ժողովրդին՝ հոգևոր, մշակութային և կրթական ոլորտներում: Կարևորվեց Թեմի առաջնորդարանի գլխավորությամբ առաջիկայում ևս քրիստոնեական սիրով շարունակել բանակցությունները խորհրդային տարիներին բռնագրավված հայոց եկեղեցիները Թեմին վերադարձնելու ուղղությամբ: Որոշվեց հանձնախմբի հերթական նիստը անցկացնել ապրիլի սկզբին: |