Համերգ՝ Հայոց Ցեղասպանության Սրբադասված զոհերի հիշատակին |
2016 թվականի ապրիլի 2-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում պատվավոր տեղեր էին զբաղեցրել Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները, համայնքային կառույցների գործիչները, դասական երաժշտության մասնագետները և գնահատողները, Թբիլիսիի արվեստասեր հասարակայնության տարբեր ազգերի ներկայացուցիչները: Հայոց Ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին միջոցառուների շարքը ամեն տարի ապրիլ ամսին իրականացվում է Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի նախաձեռնությամբ և աջակցությամբ: Այս անգամ այն մեկնարկեց Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Էռնստ Առաքելովի ջութակի դասարանի հայազգի ուսանողների մասնակցությամբ դասական երաժշտության համերգով: Բացելով միջոցառումը՝ Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն, «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը անդրադարձ կատարեց հայ ժողովրդի դաժան ճակատագրին և պայքարով լի կյանքին, ընդգծելով ազատատենչ ժողովրդի մահի ու կենաց կռիվը, որն այսօր էլ շարունակվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների մոտ, դառնալով անմեղ մարդկանց դժբախտության և մահվան պատճառ: Նա խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել ապրիլի 2-ի լուսադեմին ԼՂՀ-ի սահմանին զոհվածների հիշատակը: Պրոֆեսոր Առաքելովի ներկայացմամբ միմյանց հաջորդեցին ջութակի դասարանի ուսանողներ Դեվի Ալեքսանյանի, Եկատերինա Ղազարյանի, Միլենա Ջալալբեկովայի, Դավիթ Հակոբյանի, Ստելլա Մկրտչյանի և մագիստրատուրայի սովորող Մարիաննա Կիրակոզովայի կողմից Վենյավսկու, Բարտոկի, Չայկովսկու, Պագանինի ստեղծագործությունների հիասքանչ կատարումները: Ջութակահարների ելույթներն ուղեկցվում էին կոնցերտմայստերներ Իրինա Պլատոնովայի և Թեոնա Միքելաձեի նվագակցությամբ: Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Կարեն Մելիքյանը շնորհակալության խոսքեր ուղղեց պրոֆեսոր Առաքելովին և նրա ուսանողներին, Հայոց Սրբադասված նահատակների, Արցախում ընկած հայ զինվորի հիշատակը հավերժացնելու համար: Ու թեև հայ ժողովուրդը ունեցել է մեկուկես միլիոն անմեղ նահատակներ, սակայն կարողացել է պահպանել իր ինքնությունը, իր մշակույթը, հայի տեսակը: Հայազգի դիվանագետը երախտագիտության խոսքեր ուղղեց վրաց ժողովրդին և աշխարհի բոլոր ժողովուրդներին, ովքեր օրհասական պահին օգնության ձեռք են մեկնել և ապաստանել թուրքական յաթաղանից մազապուրծ փրկված հայերին: Հայ և Վրացի ժողովուրդների բարեկամական կապերը ի թիվս այլ նախագծերի, նաև մշակութային ծրագրերով ամրապնդելու և զարգացնելու կոչով հանդես եկավ Վրաստանի հայ երաժիշտների միության նախագահ Արտեմ Կիրակոզովը: Ամփոփելով հիշատակի միջոցառումը, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը գնահատանքի խոսքեր ուղղեց Թբիլիսիի պետական կոնսերվատորիայի հայազգի պրոֆեսորին, ով ոչ միայն հայ, այլև վրացի և մյուս ազգի իր ուսանողներին սովորեցնելով լարային գործիքներին տիրապետելու դժվարին գործը, միևնույն ժամանակ նրանց մերձեցնում է հայ մշակույթին, հայկական երաժշտությանը, իր ավանդը ներդնելով ազգապահպանության հայրենանվեր գործում: Ու թեև այսօր կրկին լարված իրավիճակ է Արցախում, կրկին հակառակորդի գնդակից զոհվում են հայ քաջարի զինվորները, Թեմակալ առաջնորդը հայցեց ամենազոր Աստծուց զորակից լինել սահմանին կանգնած ազգի զավակներին և կոչ արեց աղոթել նրանց փրկության համար: Լարային երաժշտության երեկոն դարձավ հիշատակի, ինչպես նաև հաղթանակի ոգեկոչում:
|