1

fb you od

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնահանդես «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանում PDF Տպել Էլ.փոստ

glxavor 

2016 թվականի ապրիլի 20-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ Թեմի «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի Սուրբ Զատիկին նվիրված տոնահանդես: Օրվա խորհրդին պատշաճ զարդարված դահլիճում տեղեր էին զբաղեցրել հոգևոր ծառայողները, «Հայարտուն» կենտրոնի աշխատակազմը, ծնողներ, հյուրեր:

Տոնահանդեսը սկսվեց Տերունական աղոթքով և Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնության բարեմաղթանքով: Թեմի կրթական բաժնի տնօրեն և Սուրբ Մովսես Խորենացի նախակրթարանի ղեկավար Եվգենյա Մարկոսյանի առաջարկությամբ, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախի չորսօրյա պատերազմում զոհվածների հիշատակը: Այնուհետև նա շնորհավորեց ներկաներին Քրիստոնեական կանոններով 50 օր շարունակվող Սուրբ Հարության տոնի կապակցությամբ և հանդեսի ասպարեզը տրամադրեց նախակրթարանի սաներին:

Փոքրիկները գեղեցիկ արտասանությամբ, ուրախ երգով ու պարով ցուցադրեցին Քրիստոսի Սուրբ Հարության տոնի ժողովրդական սովորույթներն ու ավանդույթները, որ ուսուցիչների և ծնողների համատեղ ջանքերով սերտել էին նրանք: Միջոցառումը հագեցած էր ազգապահպանությանը միտված տարրերով, ավանդական խաղիկներով և Սուրբ Զատիկին նվիրված ասույթներով, դառնալով այս մանկիկների հոգում ազգային մշակույթի հիմնաքարը:

Վրաստանում ՀՀ դեսպանության մշակույթի գծով քարտուղար Էլինա Մկրտչյանը, որ «Հայարտուն» կենտրոնի գրեթե բոլոր միջոցառումների մասնակիցն է, շնորհակալության խոսքեր ուղղեց նախակրթարանի աշխատակազմին՝ Հայաստանից դուրս հայապահպանության հայրենանվեր գործին իրենց նվիրումը բերելու և ավանդը ներդնելու համար:

Հավարտ միջոցառման օրհնության և գնահատանքի խոսք ասաց Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Թեմակալ առաջնորդը բարձր գնահատեց նախակրթարանի տնօրեն Եվգենյա Մարկոսյանի, մանկավարժներ Աքսանա Շարոյանի, Մետաքսյա Ղազարյանի, Մարիա Աբուլյանի, Իվանե Մկրտչյանի աշխատանքը, հանդեսի բովանդակությանը համահունչ դահլիճի գեղեցիկ ու ճաշակով ձևավորումը: Սրբազան Հայրը անդրադարձ կատարեց վերջերս Արցախում զարգացած իրադարձություններին և հայ ժողովրդի դրսևորած միասնությանը՝ պատմական հայրենիքի, քրիստոնյա հավատքի և ազգի հարատևության համար: Թեմակալ առաջնորդը կոչ արեց ներկաներին երեխաներին դաստիարակել իրերն ու երևույթները ճիշտ գնահատելու ոգով, հորդորեց լինել Հայոց եկեղեցու կողքին, հաճախել «Հայարտուն» կենտրոն և պահպանել ազգայինը: Վերջում փոքրիկները խաղացին ավանդական Սուրբզատիկյան «ձվակռիվը»:

DSC06262 DSC06268 DSC06281 

IMGP0313 IMGP0333 IMGP0349 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)