1

fb you od

Համբարձման տոնի Սուրբ և Անմահ Պատարագներ Վիրահայոց թեմում PDF Տպել Էլ.փոստ

Hambardzman ton 1 

2016 թվականի մայիսի 5-ին, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցին նշեց Քրիստոսի Համբարձման տոնը և Հայոց Հայրապետական Աթոռը՝ Սսից Վաղարշապատ փոխադրության հիշատակը: Տոնի կապակցությամբ Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:

Հընթացս Սուրբ Պատարագի, պատարագիչ Տեր Հուսիկ քահանա Հարությունյանը հավուր պատշաճի քարոզ ասաց Համբարձման տոնի մասին, մեկնաբանեց Հարությունից հետո Քրիստոսի 40 օր երկրի վրա մնալու և Իր աշակերտներին երևալու խորհուրդը և ներկաներին շնորհավորեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի դեպի երկինք հրաշափառ Համբարձման կապակցությամբ:

Հավարտ Սուրբ Պատարագի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը անդրադարձ կատարեց պատմության դաժան իրավիճակների պատճառով կաթողիկոսական Հայրապետական Աթոռի դեգերումներին և խոսեց 1441 թվականին Հայրապետական Աթոռը վերջնականապես Սուրբ Էջմիածնում վերահաստատվելու Հայոց պատմության առանցքային նշանակության մասին: Քահանայից դասը և հավատավոր ժողովուրդը «Հայրապետական» մաղթանքի ժամանակ աղոթեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և հավերժության, ինչպես նաև Ամենայն Հայոց կաթողիկոսի արևշատության և անխռով գահակալության համար:

Համբարձման տոնը, որն ուղեկցվում է ժողովրդական հանդիսություններով և կոչվում է Ջանգյուլում, երեկոյան շարունակվեց Սուրբ Գևորգ եկեղեցու բակում: Տոնահանդեսը նախաձեռնել էր Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը, տնօրեն Լևոն Չիդիլյանի ղեկավարությամբ և կենտրոնի աշխատակազմի մասնակցությամբ:

Բակում հավաքվել էին ծաղկեպսակներով զուգված աղջիկներ, երիտասարդներ, դպրոցականներ, ծնողներ, բազում հավատացյալներ: Տերունական աղոթքից հետո Սուրբ Գևորգ եկեղեցու լուսարարապետ Տեր Ղևոնդ քահանա Թոփաշյանը խոսեց օրվա խորհրդի մասին և ներկաներին շնորհավորեց տոնի առիթով:

Թբիլիսիի թիվ 104 դպրոցի աշակերտներ Աիդա Բազոյանի և Էռնեստ Սիմոնյանի ներկայացմամբ և «Համբարձում յայլա» մեղմանուշ երգի ներքո սկսվեց ժողովրդական ուրախ տոնահանդեսը:

Համբարձումը նաև  պես-պես ծաղիկների   տոն է, գարնանային գեղեցկության զարթոնք: Տպավորիչ էր «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի ուսուցչուհի Աքսանա Շարոյանի մտահղացմամբ և նախաձեռնությամբ Ջան Գյուլումի Ծաղկամեր տիկնիկի պատրաստումը, որն ուղեկցվեց ըստ ավանդության քրիստոնյա Վարվառե կույսի պատմության հաղորդմամբ և իրականացված ավանդական վիճակահանության դրվագով:

Ժողովրդական տոնահանդեսին մասնակցեցին «Հայարտուն» կենտրոնի դուդուկի, դհոլի խմբերը, «Ներսես Շնորհալի» երգչախումբը , «Տարոն» պարային խումբը, «Անի» և «Վանք» պարային համույթները և անհատ կատարողներ:

Համբարձմանը նվիրված Սուրբ Պատարագներ մատուցվեցին և տոնահանդեսներ կազմակերպվեցին Վիրահայոց թեմի եկեղեցիներում: 

DSC06422 DSC06454 DSC06472 

DSC06476 DSC06490 DSC06510 

DSC06551 13131013 13173072 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)