Հանդիպում Երևանի կրթա-գիտական ինստիտուտի պատվիրակության հետ |
2016 թվականի մայիսի 8-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնում կայացավ հանդիպում Տերնոպոլի Ազգային Տնտեսագիտական համալսարանի (Ուկրաինա) Երևանի կրթա-գիտական մասնաճյուղի պատվիրակության հետ: Հանդիպման նպատակն էր երիտասարդության առջև բացել Տերնոպոլի Ազգային Տնտեսագիտական համալսարանի կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող երևանյան այս բուհի դռները, սովորելու հրավիրել ինչպես հանրային դպրոցների բարձրդասարանցիներին, այնպես էլ բարձրագույն կրթություն ստանալու նպատակ ունեցող դիմորդներին և մագիստրատուրայում իրենց մասնագիտական գիտելիքները խորացնելու բակալավրիատի շրջանավարտներին: Գալուստ Գյուլբենկյան սրահում հավաքվել էին հայ, վրացի և ուկրաինացի երիտասարդներ, նրանց ծնողները, շրջանավարտներ, ուսուցիչներ: Միջոցառումն իր ներկայությամբ պատվել էր Վրաստանում Ուկրաինայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Գիորգի Նազարովը: Դահլիճում տեղեր էին զբաղեցրել Երևանի կրթա-գիտական մասնաճյուղի պատվիրակությունը՝ տնօրեն Սահակ Ղուդրատյանի գլխավորությամբ, ինչպես նաև Թբիլիսիում Երևանյան մասնաճյուղի ներկայացուցիչ Խաչիկ Փափախչյանը: Ներկաներին ուրախ երաժշտական համարով ողջունեցին վերը նշված բուհի ուսանողուհիները և «Հայոս բենդ» վոկալ-գործիքային համույթի մենակատար Անի Հովհաննիսյանը: Ցուցադրվեց Տերնոպոլի Ազգային Տնտեսագիտական համալսարանի (Ուկրաինա) Երևանի կրթա-գիտական մասնաճյուղի գործունեության մասին պատմող տեսաֆիլմ: Երևանի մասնաճյուղի տնօրեն պարոն Ղուդրատյանն իր խոսքում անդրադարձ կատարեց մասնաճյուղի ստեղծման պատմությանը նշելով, որ Տերնոպոլի համալսարանը հիմնադրվել է 1966 թվականին, ունի 4-րդ կարգի լիազորագրություն: Այս բուհի դիպլոմը ճանաչվել է աշխարհի 82 երկրների կողմից: Երևանի ինստիտուտի տնօրենը հանգամանալից ներկայացրեց 2001 թվականին Երևանում բացված այս ուսումնական հաստատության մասնաճյուղը, մանրամասն խոսեց ընդունելության, ուսումնառության մակարդակի, մասնաճյուղի ուսանողության առօրյայի և ստացած գիտելիքների մասին: Բանախոսը ներկաներին իրազեկեց փոխանակման ծրագրերի մասին, որոնցից են Կրակովի և Երևանի բուհերի հետ կնքած պայմանագրերը: Այդ ծրագրերի շրջանակներում իրենց մասնաճյուղի ուսանողները ուսումնական պրակտիկա, իսկ ուսուցիչները՝ որակավորման բարձրացման դասընթաց են անցնում այս երկրների բուհերում: Տնօրենն ընդգծեց, որ իրենց բուհում բարձրագույն կրթություն են ստանում Թուրքմենիայից, Սիրիայից, Իրանից, Վրաստանից ժամանած դիմորդները և նշեց, որ այս տարին հոբելյանական է, քանզի նշվում է Կիևի տնտեսագիտական համալսարանի 100-ամյա, Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի 50-ամյա և Երևանի կրթա-գիտական ինստիտուտի 15- ամյա հոբելյանները: Բուհի տնօրենը պատասխանեց ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին բուհական մասնագիտություններին, ուսման վարձին, առաջարկած արտոնություններին, ուսումնառության լեզվին և դիպլոմին: Ուկրաինայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Գիորգի Նազարովն իր խոսքում կարևորեց կրթության դերը սերունդների դաստիարակության գործում, ընդգծեց, որ Վրաստանում Ուկրաինայի դեսպանությունը իր աջակցությունն է ցուցաբերում բուհի գործունեությանը: Պարոն դիվանագետը հավելեց, որ գեղեցկությունը կփրկի աշխարհը, իսկ գեղեցկությունը ստեղծվում է գիտելիքի հիման վրա, քանզի գիտելիքն իր մեջ ներառնում է և պատմությունը, և մշակույթը և դիվանագիտությունը: Հյուրերն իրենց երախտագիտությունը հայտնեցին բովանդակալից և հաճելի հանդիպման համար: |