1

fb you od

«Պոեզիայի ժամ» Վիրահայոց թեմի «Գրիգոր Նարեկացի» մեկօրյա դպրոցում PDF Տպել Էլ.փոստ

poeziai jam 

2016 թվականի մայիսի 20-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան դահլիճում հերթական միջոցառումն էր: Այն կոչվում էր «Պոեզիայի ժամ» և նախաձեռնել էր Թեմի կրթության բաժնի «Գրիգոր Նարեկացի» մեկօրյա դպրոցը՝ ուսուցչուհի Թամարա Գաբոյանի գլխավորությամբ: Բեմահարթակում դպրոցի առաջին և երկրորդ դասարանների սաներն էին, իսկ դահլիճում տեղեր էին զբաղեցրել թբիլիսահայ մտավորականության ներկայացուցիչները, պոեզիայի սիրահարները:

Բացելով միջոցառումը, Վիրահայոց թեմի կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը կարևորեց մեկօրյա դպրոցների ուսումնական ծրագրում ընթացիկ ուսումնական տարվա սկզբից մտցրած նորույթը՝ «Հայ գրականության պոեզիայի գոհարներ» դասաժամը: Նպատակը՝ իրենց արմատներին վերադարձած հայերին գրել-կարդալ և խոսակցական լեզուն սովորեցնելուց զատ, ՝ մեսրոպատառ գրերի ստեղծումից մինչև նորագույն գրականությունը հայ պոեզիայի դեմքերին և նրանց ստեղծագործությունների նմուշներին իրազեկ դարձնելն է: Նորույթի գնահատմանն էր նվիրված սույն միջոցառումը:

Հայրենասիրական, խոհական, փիլիսոփայական, սիրային մոտիվներով գրված հայ գրականության երևելիների ստեղծագործություններից կազմված էր գեղեցիկ կոմպոզիցիա, որը մեկօրյա դպրոցի սաների մասնակցությամբ մատուցվեց թեև այլ շեշտադրությամբ և օտար առոգանությամբ, սակայն իմաստային ճիշտ ընկալումով, սրտաբուխ և անկեղծ: Քրիստինե Մինասյանի և Մարի Մինասյանի կողմից ստեղծագործողի և նրա գրական ժառանգության մասին ներածականին հետևում էին Մարիա Բադալյանի, Նանա Զակուտովայի, Վիտալի Մկրտչյանի, Աշոտ Արությունյանի, Լանա Մխիթարյանի, Միլենա Գալուստովայի և մյուսների գեղեցիկ արտասանությունն ու հիասքանչ երգը, որ հնչում էր դպրոցի սաների կատարմամբ:

Միջոցառումը հայ գրականության շավիղներով ունկնդրին տարավ հայոց հարուստ գրականության գանձարան, ստեղծելով հուզառատ տպավորություն: Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը բարձր գնահատելով կրթական բաժնի, ի մասնավորի հայերենի ուսուցմամբ մեկօրյա դպրոցների կարևորությունը, կոչ արեց սակայն մանուկներին տալ հայեցի կրթություն, ուղղորդել մայրենի լեզվով դպրոց, չդարձնել նրանց լեզվակը կտրած զանգակ, այլ դաստիարակել հայրենասիրությամբ և հայասիրությամբ:

Բանաստեղծ, թարգմանիչ Անահիտ Բոստանջյանն իր խոնարհումը բերելով կազմակերպիչ ուսուցչուհուն գեղեցիկ երեկո պարգևելու համար, առաջարկեց ուսումնական ծրագրի մեջ ընդգրկել նաև վիրահայ բանաստեղծներին, ինչպես նաև ժամանակակիցներին:

Ողջունվեց և արժևորվեց հայ պոեզիայի դասաժամի մտցնումը մայրենիի ուսուցման մեկօրյա դպրոցի ծրագրի մեջ:

DSC06651 DSC06653 DSC06670 

DSC06683 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)