Դիլիջանի «Փոքրիկ երգիչներ»-ի առաջին համերգը ծննդավայրից դուրս |
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի Դիլիջան քաղաքի զարգացման ծրագրի շրջանակներում ստեղծված «Փոքրիկ երգիչներ» երգչախումբը գործում է համայնքային կենտրոնի հովանու ներքո և ընդամենը երկու տարվա կենսագրություն ունի: Սակայն այս կարճ ժամանակամիջոցում երգչախումբը ելույթներով հանդես է եկել Դիլիջանի բոլոր մշակութային միջոցառումների ժամանակ, օր-օրի ավելի հարստացնելով և կատարելագործելով իր երգացանկը: Երգչախմբի համերգների շրջանակը ընդարձակելու նպատակով, որոշվեց ելույթ ունենալ նաև Թբիլիսիում: «Փոքրիկ երգիչներ» երգչախմբի անդամները «IDeA» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Էլեոնորա Մալխասյանի առաջնորդությամբ, խմբավար Սերինե Խաչատրյանի և դաշնակահարուհի Մարգարիտա Ոսկանյանի ու ծնողների ուղեկցությամբ, 2016 թվականի մայիսի 20-ին երկօրյա այցով ժամանեց Թբիլիսի: Այցի ընթացքում փոքրիկները դիտեցին քաղաքի տեսարժան վայրերը, Սայաթ-Նովայի հուշակոթողը, ճոպանուղով բարձրացան Նարիղալայի բերդ, աղոթեցին Սուրբ Գևորգ հինավուրց եկեղեցում, զբոսնեցին հին Թբիլիսիի փողոցներով: Երեխաները հյուրընկալվեցին նաև Գարի Դավթյան տիկնիկային ընտանեկան թատրոնում, հիացան Ժաննա Դավթյանի ներկայացրած խամաճիկների ելույթ-խաղերով: Հաջորդ օրը «Փոքրիկ երգիչները» համերգ տվեցին Վիրահայոց թեմի «Հայարտուն կենտրոնում: Կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը ներկայացրեց «Փոքրիկ երգիչներ» երգչախումբը, ողջունեց նրանց այցելությունը և նվիրեց Թբիլիսիի պատկերով նկար: : Դիլիջան քաղաքի հոգևոր հովիվ, հատուկ այս առիթով ժամանած արժանապատիվ Տեր Շավարշ քահանա Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց «Փոքրիկ երգիչներ» երգչախմբի հյուրընկալության համար և կենտրոնի «Ներսես Շնորհալի» պատանեկան համույթի ու Դիլիջանի «Փոքրիկ երգիչներ» երգչախմբի հետագա համագործակցության և փոխադարձ կապերի ամրապնդման հույս հայտնեց: Համերգը մեկնարկեց երգչախմբի կողմից մոմերի լույսի ներքո Տերունական աղոթքի երգեցողությամբ, որից հետո փոքրիկների գեղեցիկ, անբռնազբոս և վարպետ կատարումներով հնչեցին հայ և ռուս երգահանների մանկական ստեղծագործությունները, որոնք ուղեկցվում էին թատերական ձևավորումներով և դերասանական գեղեցիկ խաղով: Հյուրերի կողմից գեղեցիկ անակնկալ դարձավ Թբիլիսի քաղաքին նվիրված «Երկրորդ լեգենդ» երգի վրացերեն հրաշալի կատարումը: Երգն արժանացավ հանդիսատեսի բուռն ընդունելությանը և համերգին ներկա երգի հեղինակ կոմպոզիտոր Նունու Գաբունիայի բարձր գնահատականին: «Փոքրիկ երգիչներ» երգչախումբը և «Ներսես Շնորհալի« մանկական համույթը միասին կատարեցին «Հայաստան» և «Թբիլիսո» երգերը: Դիլիջանի «Փոքրիկ երգիչներ» երգչախմբի ժամանումը և անդրանիկ ելույթը մայր հայրենիքի սահմաններից դուրս ողջունեց Վիրահայոց թեմի առաջնորդի օգնական հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը: Հայր Սուրբը փոխանցեց Թեմակալ առաջնորդի օրհնությունը և սերը և գնահատանքի ջերմ խոսքեր ասաց մանկական անմիջականությամբ, դերասանական դրսևորումներով ուղեկցվող տոնական բարձր տրամադրություն ստեղծող գեղեցիկ ելույթների մասին: Վերջում հյուրերը ներկաներին հյուրասիրեցին Տավուշի ավանդական գաթայով, իրենց ձեռքի աշխատանքը նվիրեցին «Հայարտուն» կենտրոնին և միասին պարեցին հայոց ազգային շուրջպարը: |