1

fb you od

Սայաթնովյան ավանդական Վարդատոն PDF Տպել Էլ.փոստ

IMGP0216 

2016 թվականի մայիսի 29-ին Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցուն հարակից Գորգասալի հրապարակում տեղի ունեցավ Սայաթնովյան 102-րդ ավանդական «Վարդատոնը»:

Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի, նկարիչ Գևորգ Բաղինջաղյանի և բանաստեղծ Իոսեբ Գրիշաշվիլու նախաձեռնությամբ սկիզբ դրված սայաթնովյան «Վարդատոնը» Թբիլիսիի բնակչության սիրված և նվիրական տոներից մեկն է, որին մասնակցում է քաղաքի բազմազգ հասարակությունը և ամեն տարվա մայիս ամսվա վերջին կիրակի օրը, չսպասելով հայտարարության ու հրավերի, գալիս է՝ վարդերով զարդարելու մեծ սիրերգակի ու բանաստեղծի գերեզմանը, ով նվիրվելով իր սիրելի քաղաքի պաշտպանությանը, հանգչում է հայոց հինավուրց եկեղեցու բակում, գալիս է վերստին ըմբոշխնելու անմահ բանաստեղծ-երգչի խոհա-փիլիսոփայական, սիրային ու խրատական երգերի ու բանաստեղծությունների հմայքը:

Հանդիսությանն իր մասնակցությունը բերեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Բեմահարթակում էին Առաջնորդի օգնական հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը,   Թբիլիսիի Սակրեբուլոյի նախագահ Գիորգի Ալիբեգաշվիլին, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը, ՀՀ գրողների միության պատվիրակությունը՝ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի գլխավորությամբ, բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը,  Վրաստանի  գրողների  միության  նախագահ Ռևազ Միշվելաձեն, համանախագահ  Մաղվալա  Գոնաշվիլին, Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Կարեն Մելիքյանը, համայնքային գործիչներ, հյուրեր:

Միջոցառումը սկսվեց Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությամբ  և  բարեմաղթանքով: Սրբազան Հայրը  երախտիքի  խոսքեր  ուղղեց  Վրաստանի  և  քաղաքամայր Թբիլիսիի  իշխանություններին,  ում աջակցությամբ Սայաթնովյան Վարդատոնը դարձել է իսկական ժողովրդական  այնպիսի  տոնահանդես,  որը  հարիր  է  բազմազգ  ու  բազմակրոն այս քաղաքին:

 ԹբիլիսիիՍակրեբուլոյի նախագահ Գիորգի Ալիբեգաշվիլին, խոսելով Սայաթ-Նովա հանճարի մասին, կարևորեց մշակույթների,  լեզուների  ու  դավանանքների այն բազմազանությունը, որը զարգանում է այս երկրում:

Ողջույնի և շնորհավորանքի խոսքով ելույթ ունեցան հայ և վրացի գրողներ, բանաստեղծներ, համայնքային առաջնորդներ,  ովքեր  մեծարեցին  այն  ժողովրդին,  ով  աշխարհին տվել է Սայաթ-Նովա  աշուղին, արժևորեցին  այն  քաղաքը,  որտեղ  ապրել և ստեղծագործել է Սայաթ-Նովա հանճարը, խոնարհվեցին և զմայլվեցին 300-ամյա և արդիականությունը չկորցրած Սայաթ-Նովայով:

Այնուհետև սկսվեց տոնահանդեսի  համերգային մասը, որին մասնակցեցին Հայաստանի Հանրապետության Հանրային ռադիոյի աշուղական երգի Սայաթ-Նովա պետական վաստակավոր համույթը, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի ղեկավարությամբ, Վիրահայոց թեմի երգչախմբի և «Հայարտուն» կենտրոնի մենակատարները, «Քսովրելեբի» համույթը, «Անի», «Վանք», «Ջեյրան» պարային խմբերը, Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի դերասաններ:  

Ժողովրդական տոնական հանդիսությունը կազմակերպել էին Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնը,  Վիրահայերի  միությունը՝ աջակցությամբ  Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի, Վրաստանում ՀՀ դեսպանության,Թբիլիսիի քաղաքապետարանի և Սակրեբուլոյի,  Հայաստանի  Հանրապետության ու Վրաստանի մշակույթի նախարարությունների: 

IMGP0531 IMGP0178 IMGP0202 IMGP0167 

IMGP0025 IMGP0057 IMGP0093 IMGP0155