Շախմատի Առաջնություն «Ալեքսանդր Մանթաշով» Կենտրոնում |
2016թ. մայիսի 28-ին Վիրահայոց թեմի Բաթումիի “Ալեքսանդր Մանթաշովի” անվան կրթամշակութային և երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ շախմատի առաջնություն` նվիրված Հայաստանի և Վրաստանի Առաջին Հանրապետությունների հռչակման տոնին: Մրցաշարին մասնակցեցին տարբեր տարիքի և սեռի շախմատիստներ հայ համայնքից, Մայր հայրենիքից, այդ թվում նաև ազգությամբ ուկրաինացիներ, վրացիներ, բելառուսցիներ ( Մինսկ քաղաքից): Համառ պայքարից հետո առաջնության հաղթող ճանաչվեց Ալեքսնադր Պոնասենկոն, իսկ երկրորդից չորրորդ տեղերը համապատասխանաբար գրավեցին Սմբատ Թոպբաշյանը, Վազգենը Մադոյանը և Սերգեյ Միսոյանը: Մրցաշարի գլխավոր դատավորն էր գրոսմաստեր, Բաթումի շախմատի դպրոցի մանկավարժ Ֆելիքս Մելքոնյանը: Առաջնությունը կազմակերպվել էր “Ալեքսանդր Մանթաշովի” անվան կենտրոնի և ծխական խորհրդի անդամ Գարիկ Ղուկասյանի ջանքերով: Առաջնության ավարտին տեղի ունեցավ մրցանակաբաշխության արարողություն: Ողջույնի խոսքով հանդես եկավ Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը` շնորհավորելով դարերով երազած, և երկու բարեկամ ժողովուրդների հայրենասիրական ու ազգային պայքարի շնորհիվ կերտած Առաջին Հանրապետությունների տոնի առթիվ: Հոգևոր հայրը շնորհակալություն հայտնեց մրցաշարի կազմակերպիչներին: Ներկաներին հայտնեց, որ այս առաջնությունը դառնալու է ավանդական և ամենամյա: Մրցանակների հանձնման կարևոր առաքելությունը իրականացրեցին և հաղթողներին շնորհավորեցին թենիսի վաստակավոր մարզիչ Ավետիս Խումրոյանը, մշակութային կենտրոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը, Եվգենյա Պապովը, Գարիկ Ղուկասյանը և հոգևոր հայրը: Հաղթողներին շնորհվեցին մեդալներ և գավաթներ, իսկ մյուս բոլոր մասնակիցները ստացան պատվոգրեր ու հուշանվերներ: Շախմատի առաջնությունը լուսաբանում էր հայ համայնքի մամլո դիվանը և “Աջարիա” հեռուստաընկերությունը: |