«Արեգնազան» կրթահամալիրի սաների համերգը «Հայարտուն» կենտրոնում |
2016 թվականի հունիսի 4-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի հյուրերն էին “Արեգնազան” կրթահամալիրի կամ Երևանի վալդորֆյան դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներն իրենց ուսուցիչների հետ: Ծրագրային փոխանակման կարգով Թբիլիսիի նմանատիպ վալդորֆյան դպրոցում հյուրընկալվող «Արեգնազան» դպրոցի սաների ցանկությունն էր գեղեցիկ համերգ նվիրել թբիլիսահայ հայրենակիցներին: Երևանցի դպրոցականների խումբը ուսուցչուհիներ Նանե Սողոմոնյանի և Ասպրամ Նժդեհյանի ուղեկցությամբ դիտեցին և մոմեր վառեցին Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում: Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում հյուրերին բարի գալստյան մաղթանքով ողջունեց թեմի մշակույթի բաժնի տնօրեն, կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը: Նա հյուրերին փոխանցեց «Սայաթ-Նովա» գրքի եռալեզու հրատարակությունը և Հայոց ցեղասպանության մասին վրացերեն պատմական ակնարկ գիրքը: «Արեգնազան» դպրոցի ուսուցչուհի Նանե Սողոմոնյանը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և ներկայացրեց «Արեգնազան» մասնավոր կրթական համալիրի ստեղծման, ուսումնական դրվածքի, դասավանդման մեթոդիկայի և այս կրթական օջախի այլ առաջնահերթությունների մասին: Հյուրերի մասնակցությամբ տրված համերգի ծրագրում հնչեցին դասական, հայրենասիրական և ժողովրդական երգերի բազմաձայն կատարումներ, ինչպես նաև կատարվեցին հայկական ազգային պարերը: Կենտրոնի «Տարոն» պարային խումբը հյուրերին նվիրեց «Սղերդի քոչարի» պարը, որից հետո Թբիլիսիի և Երևանի հայ երիտասարդները միասին կատարեցին «Ալաշկերտի քոչարի» ժողովրդական շուրջպարը: Հանդիպումը դարձավ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի և Երևանի «Արեգնազան» կրթահամալիրի բարեկամական հարաբերությունների գեղեցիկ մեկնարկ, որը շարունակելու և խորացնելու մեծ ցանկություն և հույս արտահայտվեց երկուստեք: |