Ռելիեֆային գեղանկարչության ցուցադրություն «Հայարտուն» կենտրոնում |
2016 թվականի հունիսի 11-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահը վերածվել էր գույնզգույն ծաղիկներով հրաշալի պուրակի՝ որտեղ փարթամորեն ներկայացվել էին ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր,գեղանկարիչ Սուսաննա Մկրտչյանի ռելիեֆային գեղանկարչության 35 նմուշներ: Նկարչուհին թբիլիսահայ արվեստասեր հասարակայնությանն էր ներկայացել բարելեֆ աշխատանքներով, հիմնականում «Ծաղիկներ» նկարաշարով: Կակաչներ, անմոռուկներ, քրիզանթեմներ, երիցուկներ, նատյուրմորտներ, որ դառնալով արվեստագետ նկարչուհու հոգու լույսը, սրտի ջերմությունն ու աշխարհը գեղեցկացնելու նրա անսահման ցանկությունը, ցուցանմուշներից փոխանցվում էր արվեստասեր հանդիսատեսին: Իսկ այդ հանդիսատեսը թբիլիսահայ մտավորականությունն էր. նկարիչներ ու արվեստի գործիչներ, գեղանկարչությունը սիրողներ և գնահատողներ, որ մեծ հետաքրքրությամբ ծանոթանում էին ճանաչված ստեղծագործողի աշխատանքներին: Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը, բացելով ցուցահանդեսը և ներկայացնելով տաղանդաշատ նկարչուհուն, արժեվորեց նրա ստեղծագործական լայնահուն ներկապնակը և գեղեցիկը ստեղծելու բնական տաղանդը: Բազմաոճ է Սուսաննա Մկրտչյանի ստեղծագործությունը: Նա կարող է միաժամանակ աշխատել տարբեր ուղղություններով. գեղանկարչություն, գրաֆիկա, նկար մետաքսի վրա, թղթից կոլաժներ և այլն: Անդրադարձ կատարելով ցուցադրված աշխատանքներին, նրա երևակայական աշխարհի, տեսանելին գեղարվեստական մեծ վարպետությամբ արտահայտելու տաղանդի մասին իրենց մտքերն արտահայտեցին նկարիչ-խեցեգործ Լևոն Օսիպովը, նկարչուհի Իրեն Օհանջանովան, հանդիսատես Սուսաննա Խաչատրյանը: Աշխարհի 36 երկրներում ցուցադրված շնորհաշատ նկարչուհի Սուսաննա Մկրտչյանի սրտի մեծ փափագն էր իր ստեղծագործական աշխարհից մի փոքր մասնիկ ներկայացնել նաև Վրաստանի իր հայրենակիցներին: Մեծ պատասխանատվությամբ և առանձնահատուկ սիրով կազմակերպված ցուցահանդեսին նկարչուհին ներկայացել էր ընտանիքի անդամներով, հույս հայտնելով առաջիկայում կրկին հանդիպելու Թբիլիսիի արվեստասեր հասարակայնության հետ: Տիկին Սուսաննան երախտագիտության խոսքեր ուղղեց Վիրահայոց թեմի առաջնորդին, «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնին` ընդունելության համար և կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանին նվիրեց Հենրիխ Իգիթյանի հեղիմակությամբ «Ջաջուռեցի Մինասը» ալբոմը: Ցուցահանդեսը օրհնության և գնահատանքի խոսքով ամփոփեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Սրբազան Հայրը կարևորեց մշակութային այն մտածելակերպը, որն այնքան անհրաժեշտ է երկրի, քաղաքի, շրջանի զարգացման համար և գնահատանքի խոսքեր ուղղեց շնորհաշատ ստեղծագործողին նրա բարձրարվեստ գործերի, նաև կազմակերպչական այն մեծ ունակության համար, որի շնորհիվ հիմնադրվել և գործում է Գյումրու գեղագիտության կենտրոնը, դառնալով բազում սերունդների գեղագիտական կրթության մի օջախ: Սուսաննա Մկրտչյանի ցուցանմուշները քանդակի ու գեղանկարչության յուրօրինակ սինթեզ լինելով, նաև անսխալ կատարված սկզբունքորեն բարդ և աշխատատար մի գործընթացի հրաշալի կտավներ են: |