Մայրենիի իմացության վկայականներ մեկօրյա դպրոցների շրջանավարտներին |
2016 թվականի հունիսի 16-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում հավաքվել էին Վիրահայոց թեմի մայրենիի ուսուցման մեկօրյա դպրոցների սաներ, ուսուցիչներ, ծնողներ: Հավարտ երեկոյան ժամերգության Թեմի կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը ողջունեց և շնորհավորեց թեմի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» շաբաթօրյա և «Սուրբ Եղիա մարգարե» կիրակնօրյա դպրոցների 2015-2016 ուսումնական տարվա այն 35 շրջանավարտներին, ովքեր հայերենի գրաճանաչությունից և հայ գրականությունից, ինչպես նաև հայոց պատմությունից ցուցաբերելով պատշաճ գիտելիքներ և հաջողությամբ հանձնելով ավարտական քննությունները, ստացան մայրենիի իմացության վկայականներ: Վկայականների հանձնումից հետո Վիրահայոց թեմի առաջնորդի օգնական հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը շրջանավարտներին փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հայրական սերը, օրհնությունըև շնորհավորանքները: Հայր Սուրբը բարձր գնահատեց Թեմի կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանի, ուսուցիչներ Ռոզա Զոհրաբյանի, Թամարա Գաբոյանի և Ռեվիկ Կարապետյանի նվիրումը և արհեստավարժությունը բազում հայորդիների իրենց արմատներին վերադարձնելու գործում: Խորեն վարդապետը անդրադարձ կատարեց օրվա խորհրդին՝ Սրբոց Թարգմանչաց տոնին և հայցեց Սուրբ Սահակ Պարթևի և Սուրբ Մեսրոպ Մաշտոցի բարեխոսությունը շրջանավարտներին: Հոգեշնորհ Հայր Սուրբը շնորհավորեց շրջանավարտներին մայրենիի իմացության դասընթացը հաջողությամբ ավարտելու և վկայական ստանալու առիթով, հորդորեց նրանց այս սուրբ տաճարում ուխտ անել իրենց զավակներին և թոռներին անպայման հայախոս մեծացնել: Մեկօրյա դպրոցի շրջանավարտներ Սերգեյ Չարուխչյանը, Սոֆյա Սմբատյանը, Վիտալի Բրեժնևը իրենց երախտագիտությունը հայտնեցին Վիրահայոց թեմին և թեմի կրթության բաժնին մայրենի սուրբ լեզվով հաղորդակցվելու, հայ գրականության գոհարները սովորելու և Հայոց պատմությանը մերձենալու նրանց ընձեռված հնարավորության համար: Վերջիններս ներկաներին նվիրեցին Վահան Տերյանի, Ավետիք Իսահակյանի ստեղծագործությունները: Միջոցառումն ավարտվեց հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանի «Պահպանիչ» աղոթքով: Վկայականների հանձնման արարողությանը ներկա էին Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը, լուսարարապետ արժանապատիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը, բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Ժորա Սնխչյանը և ուրիշներ: |