«Ուրախ մեկնարկ» զվարճալի խաղեր |
Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի (տնօրեն Վալերի Բադալյան) և «Հայարտուն» կենտրոնի (տնօրեն Լևոն Չիդիլյան) նախաձեռնությամբ, 2016 թվականի հունիսի 16-ին Թբիլիսիի թիվ 98 հանրային դպրոցի (տնօրեն՝ Գիորգի Մոմցեմլիձե) մարզադահլիճում տեղի ունեցավ «Ուրախ մեկնարկ» սպորտային, զվարճալի և մտավոր խաղերի մրցույթը: Միջոցառմանը մասնակցում էին շուրջ 100 թբիլիսահայ երիտասարդներ: Նրանք հանդես եկան չորս թիմերով, ընդորում երեք թիմերը ներկայացնում էին Մայր Հայրենիքում իրականացվող «Արի տուն» ծրագրի երեք փուլերի մասնակիցները, իսկ չորրորդ թիմը՝ սկաուտական ճամբար մեկնողները: Մրցույթ-խաղերի նպատակն էր երիտասարդների ֆիզիկական պատրաստվածությունը բացահայտել, մարզական կյանքը ակտիվացնել, առողջ ապրելակերպին ընտելացնել նրանց մտավոր կարողությունը հարստացնել, ինչպես նաև տարբեր դպրոցների և բուհերի երիտասարդներին միմյանց ծանոթացնել, միաբանել և բարեկամացնել: Միմյանց դեմ մրցույթի էին դուրս եկել «Գիշեր» թիմը՝ Հրաչիկ Սուրմալյանի, «Մեծ Հայք» թիմը՝ Բորիս Մզիկյանի, «Ինդիգո» թիմը՝ Անրի Բազոյանի և «Արարատ» թիմը՝ Էմիլ Սարգսյանի գլխավորությամբ: Միջոցառումը վարում էին Թեմի երիտասարդական բաժնի աշխատանքների համակարգող Նինա Սերոպովան և «Հայարտուն» կենտրոնի «Տարոն» պարային խմբի պարուսույց Սուրեն Աբրամյանը: Երիտասարդների մրցութային ելույթներին հետևում էին Վիրահայոց թեմի Քվեմո Քարթլիի հայկակահ համայնքների հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանը, հնչյունային ռեժիսոր Սերգո Արությունովը և օպերատոր Գևորգ Պողոսովը: Հատուկ մրցատյանի կազմում էին Գևորգ սարկավագ Անտոնյանը,մեկօրյա դպրոցների պատմության ուսուցիչ Ռևիկ Կարապետյանը և երիտասարդական բաժնի տնօրեն Վալերի Բադալյանը: Մրցատյանի որոշմամբ և ֆիզիկական ակտիվությունից ու մտավոր ունակություններից հավաքած միավորների թվով հաղթող ճանաչվեց «Գիշեր» թիմը Հրաչիկ Սուրմալյանի գլխավորությամբ: |