Աշտարակի «Սուրբ Մարիանե» եկեղեցու ուխտավորները Թբիլիսիում |
2016 թվականի հունիսի 17-ին Թբիլիսի էր ժամանել Հայաստանի Հանրապետության Աշտարակի «Սուրբ Մարիանե» եկեղեցու հավատացյալների խումբը հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Մկրտիչ քահանա Երանյանի և դպիր Խաչիկ Վարդանյանի գլխավորությամբ: Յուրաքանչյուր հավատացյալի սրտի փափագն է մոմ վառել և աղոթք անել իր հավատքի տարբեր սրբավայրերում: Հայաստանցի ուխտավորների համար այդ սրբավայրերից էր Թբիլիսիի «Սուրբ Գևորգ» առաջնորդանիստ եկեղեցին: Հյուրընկալվելով Վիրահայոց թեմում,ուխտավորները իրենց ուխտի կատարման աղերսով մոմեր վառեցին և աղոթք բարձրացրին լիովին վերականգնված Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, հիացան հինավուրց տաճարի զարմանահրաշ որմնանկարներով ու հոգևոր զորությամբ: Սուրբ Մարիանե եկեղեցու հավատացյալների խմբին ընդունեց և իր օրհնությունը բաշխեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Թեմակալ առաջնորդը հյուրերին ծանոթացրեց թեմի գործունեության ոլորտներին, ծրագրերին և խնդիրներին, ինչպես նաև մաղթեց Ամենազոր Աստծու զորակցությունը ուխտավորներին: Հայաստանից ժամանած հավատացյալները սարկավագ Գևորգ Անտոնյանի ուղեկցությամբ այցելեցին Թբիլիսիի Խոջիվանքի «Մեծաց մեծերի» պանթեոն և իրենց խոնարհումը բերեցին այդտեղ հանգչող ազգի երևելիների շիրիմներին: Իսկ Գարի Դավթյան տիկնիկային մշակույթի տանը մեծ վարպետի ձեռքով պատրաստած խամաճիկների և տիկնիկային թատրոնի տիրուհի Ժաննա Դավթյանի ցուցադրությամբ տիկնիկների խաղով ուխտավորները հաղորդակից դարձան հին Թիֆլիսի և հայաբնակ Հավլաբարի կոլորիտային տեսարաններին: Իր հետաքրքրությամբ և հագեցվածությամբ չէր զիջում նաև ուխտագնացության երկրորդ օրը: Հավատացյալները այցելեցին Վրաց Ուղղափառ Եկեղեցու հոգևոր կենտրոն պատմական Մցխեթա քաղաքը, դիտեցին Ջվարիի մենաստանային համալիրը, մոմեր վառեցին Սվետիցխովելի տաճարում: Աշտարակի «Սուրբ Մարիանե» եկեղեցու հավատացյալները աղոթեցին նաև Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, դիտեցին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային կենտրոնը, լսեցին ստեղծագործական խմբակների գործունեության և հայ մանուկների հայեցի դաստիարակության ուղղությամբ «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի աշխատանքների մասին: Նույն օրը Աշտարակի «Սուրբ Մարիանե» եկեղեցու ուխտավորները վառ տպավորություններով և հոգևոր նոր լիցքով վերադարձան մայր հայրենիք: |