Վիրահայոց թեմի պատվիրակությունը Ախալքալաքում երիտասարդական կենտրոնի մասնաշենքի բացմանը |
2016 թվականի հունիսի 18-ին Ախալքալաքում հանդիսավոր պայմաններում բացվեց Հայկական Երիտասարդական կենտրոնի Հայաստանի Առաջին Հանրապետության վարչապետ, ծնունդով ախալքալաքցի Համո Օհանջանյանի անունը կրող երկհարկանի մասնաշենքը: Մասնաշենքի բացման արարողությանը ներկա էին բազմաթիվ հյուրեր, հոգեւորականներ,մտավորականներ եւ հասարակական գործիչներ Ջավախքի տարբեր շրջաններից ու Հայաստանից: Վիրահայոց թեմը ներկայացնում էր Վիրահայոց թեմի առաջնորդի օգնական հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետի գլխավորությամբ Թբիլիսիից ժամանած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում էին Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն, «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը, իրավական և համագործակցության բաժնի տնօրեն Միքայել Ավագյանը, «Խաղաղության հիմնադրամի» նախագահ Գիորգի Թումասյանը: Ողջույնի խոսքով հանդես եկան բազմաթիվ հյուրեր, ովքեր կարեւորեցին մասնաշենքի հայ երիտասարդներին հայեցի կրթելու կարեւոր առաքելությունը: Ջավախքի Օժանդակության խմբի անունից Բագրատ Սարգսյանն իր խորին շնորհակալությունը հայտնեց Թեհրանի հայ համայնքին մասնաշենքի կառուցմանը օժանդակության համար: Ողջույնի խոսքերով հանդես եկան Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը եւ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանը: Մասնաշենքի բացման ժապավենը կտրեցին Համազգային հայ կրթական ու մշակութային միության կենտրոնական վարչության ատենապետ Մկրտիչ Մկրտչյանը եւ ՀՕՄ-ի Ջավախքի օժանդակության ծրագրերի հանձնախմբի ատենապետ Բագրատ Սարգսյանը: Այնուհետև կատարվեց տնօրհնեքի արարողություն, որին մասնակցեցին Վիրահայոց թեմի առաջնորդի օգնական հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը, Վիրահայոց Թեմի Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը և արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը: Ախալքալաքի Երիտասարդական Կենտրոնի մասնաշենքի բացման արարողությանը իրենց պարերով ու երգերով մասնակցեցին կենտրոնի ստեղծագործական խմբերը, գեղեցիկ համարներով ներկայացան Ախալցխայի ու Նինոծմինդայի երիտասարդական կենտրոնների սաները: |